Քչերն էին կասկածում, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ համագործակցության համաձայնագիրը, ի վերջո, կստորագրվի, սակայն, այդուհանդերձ, ստորագրման շուրջ ինտրիգը հմտորեն պահպանվում էր։ Ընդ որում՝ փորձագիտական հայացքից չէր վրիպում, որ այդ ինտրիգն արհեստականորեն է պահպանվում, որպեսզի փաստի շուրջ հնարավորինս մեծ հետաքրքրություն առաջանա հայաստանյան հանրության մեջ։ Դա, ըստ էության, մի մեծ քարոզչական արշավի բաղկացուցիչ մասն էր։ Այս ընթացքում բավականին շատ արհեստական խոչընդոտների մասին բարձրաձայնվեց. իբր թե Ռուսաստանը կարող է դեմ լինել համաձայնագրի ստորագրմանը, եվրոպացիների մոտ կարող են տեխնիկական խնդիրներ առաջանալ և այլն։ Այդ արտահոսքերն ու տարբեր արգելքների մասին տեղեկությունները գրեթե օնլայն ռեժիմով էին արվում։ Եվ կարծես թե այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանն անկախության մակարդակի ինչ-որ մի փաստաթուղթ է ստորագրում։ Թե՛ հայաստանյան վերնախավը խորհրդանշող գործիչները, թե՛ Եվրամիության ղեկավարները համառորեն պնդում էին, որ սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն նման համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ անդամ երկրի հետ։ Չգիտես ինչու, բոլորը «մոռացան» դեռևս 2015-ին Ղազախստանի նախադեպը։
Ինչևէ, ամեն ինչ բավականին հմուտ էր արվում, և այս փաստաթղթի շուրջ որոշակի հետաքրքրություն իրոք առաջացավ։ Սակայն այն, ինչ կատարվեց փաստաթուղթը ստորագրելուց հետո, երևի թե կարելի է մի բառով նկարագրել՝ էյֆորիա։ Որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերում կոնկրետ ուղղվածություն ունեցող, հստակ տեղերից ուղղորդվող բլոգերներ հրճվանքի այնպիսի ալիք բարձրացրին, որ այլ կերպ, եթե ոչ էյֆորիա, անվանել չի կարելի։
Որոշակի ուղղվածությամբ մամուլում նույնպես կարելի էր տեսնել նյութեր՝ հիմնականում այս բնույթի վերնագրերով՝ «Հայաստանը վերջապես անկախանում է», «Վերջապես թարմ օդի պատուհան բացվեց» և այլն, և այլն։ Գործընթացի մասնակից գործիչները սոցցանցերի միջոցով Բրյուսելից ընդունում էին շնորհավորանքներ և այլն։ Մի խոսքով, հասկանալի էր, որ և՛ նախաստորագրման, և՛ ստորագրման, և՛ հետստորագրման շրջանում մի մեծ քաղաքական քարոզչական ակցիա է գործի դրվել։
Այս օրերին, սակայն, լավ բեմադրված էյֆորիան որոշակիորեն զիջում է դիրքերը։ Այն պահից սկսած, երբ մարդիկ հարցնում են՝ ինչ է կոնկրետ տալու համաձայնագրի ստորագրումը, երանության և բերկրանքի մթնոլորտը կարծես ցրվում է։
Այս օրերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման քարոզարշավով հիմնականում զբաղված էին քաղաքական ղեկավարությունը, իշխող վերնախավն իրեն սպասարկող թիմով, մամուլով և այլն։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Եվ այս ամենի հիմքում այն բարդույթն էր, որ ղեկավարությունն ուներ 2013 թվականի քաղաքական մեծ անհաջողությունից հետո, երբ հանկարծ մի գիշերվա ընթացքում Հայաստանը ստիպված եղավ, ինչպես բարձրագույն ղեկավարությունն է պնդում, «կամ-կամ» սխեման պահանջող Եվրամիության պահվածքի պատճառով հրաժարվել եվրոպական ուղղությունից և գնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Թեև օրերս Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ասուլիսում անուղղակիորեն ակնարկեց, որ թերևս Եվրամիությունը պատճառ չի դարձել մի գիշերվա մեջ դեպի ԵԱՏՄ շրջադարձի, այլ երևի թե ուժային այլ կենտրոն է ստիպել Հայաստանին չստորագրել ասոցացման համաձայնագիրը։ Եվ քանի որ նոր է համագործակցության սկիզբը դրվել, ԵՄ դեսպանը համարեց, որ դեռ կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու և ՀՀ-ԵՄ գործակցության նոր դարաշրջանը բանավեճով սկսելու ժամանակը չէ։
Բնականաբար, իշխանությունը, լինելով այդ բարդույթի մեջ, ձգտում էր միջազգային հանրությանը և երկրի ներսում քաղաքական էլիտային ու շահագրգիռ շրջանակներին բացատրել, ցույց տալ, որ ինքը դեռևս ինչ-որ բանի ընդունակ է ու կարող է «և-և» տարբերակով շարժվել։ Թեև բոլորը հիմա արդեն հասկանում են, որ «և-և» ասելն այնքան էլ այդպես չէ. Հայաստանն ակնհայտորեն ավելի շուտ թեքված է դեպի ԵԱՏՄ։ Միայն այն, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցելիս այնպես են շարժվել, որ ԵԱՏՄ-ի հետ մեր պարտավորություններին որևէ խոչընդոտ չլինի, ամեն ինչ հասկանալի է դառնում։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի համար բազային պայմանագիրը ԵԱՏՄ-ի հետ է, այսքանից հետո կարելի է ենթադրել, որ և-և-ին շատ վերապահումներով կարելի է վերաբերվել, ու կշեռքին դրված երկու և-երի կշիռն այնքան էլ հավասար չէ։ Այսուհանդերձ, ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրումը վերագրվում է մեծ դիվանագիտական հաղթանակի և բնականաբար` հատկապես ՀՀ նախագահին։ Սոցիալական ցանցերում նույնիսկ հայտնվեցին գրառումներ, թե սա դաս է բոլոր նրանց, ովքեր քննադատում են շախմատիստին, որն իր դիրքերն ամրապնդեց էնդշպիլում։
Հայաստանի իշխանության մի հատվածի նման հրճվանքն իր բացատրություններն ունի։ Մի կողմից՝ նրանք տարվա մի մասն արևմտյան գործուղումներում են, նրանցից ոմանք լուրջ բիզնեսներ ունեն դրսում, արևմտյան բանկերում պահպանվող ֆինանսական լուրջ միջոցներ ունեն։ Բնականաբար, նրանք ունեն ինչպես ընդհանուր քաղաքական շահ, այնպես էլ անձնական ֆինանսատնտեսական հետաքրքրություններ։ Բացի այդ, կա նաև փորձ, դիվանագիտական, այսպես կոչված, հաջողությունը վերագրելով գործող ՀՀ նախագահի հմտություններին, պրոյեկտել հաջորդ տարվա ապրիլին Հայաստանում սպասվող վերադասավորումներին։ Այս պարագայում առաջ է քաշվում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտնի թեզը, և որ շատ շքեղ հաճույք է նման ռեսուրսը վատնելու համար։ Այնպես որ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը սկսեց օգտագործվել ապագա վարչապետի պաշտոնի համար նախընտրական PR-ում։
Երկրորդ շերտը, որ էյֆորիայի քողի տակ էր և զբաղվում էր համաձայնագրի գերագնահատմամբ, քաղաքացիական հասարակության որոշակի շերտն է՝ հասարակական դաշտը, որը գոյատևում է հիմնականում արևմտյան դրամաշնորհների հաշվին։ Այս պարագայում վերջիններիս շահը հասկանալի է։ Աշխարհաքաղաքական հռետորաբանության ներքո թաքնվում է հիմնականում երկու գործոն՝ խոսքը նախ ֆինանսական շահի մասին է (ի դեպ, փաստաթղթում նշված է, որ ֆինանսական աջակցությունն ավելանալու է), բացի այդ, քանի որ Եվրոպան ավելի մոտ է դարձել, իրենց կարգավիճակն էլ կբարձրանա, իսկ որոշ դեպքերում նաև իրենց անձնական անվտանգությունն ավելի կամրապնդվի։
Էյֆորիայի մեջ հայտնված երրորդ շերտը, այսպես ասած, «դամ պահողներն» են. նրանց պայմանականորեն կարելի է անվանել բառացիորեն «ամեն ինչից հասկացող» ֆեյսբուքյան գլամուր, որոնք միշտ փորձում են տեղավորվել պահի թրենդի շրջանակում։ Եթե այդ պահին ֆեյսբուքյան հանրային կարծիքի առաջնորդները ասում են՝ մածունը սև է, ապա նրանք էլ պետք է վերահաստատեն դա։ Եթե հանկարծ ասեն՝ սպիտակ է, նույն րոպեին նրանք էլ կսկսեն պնդել նույնը։ Դա այդ գլամուրի վարքագիծն է, որի մի հատվածը շատ ակտիվ է Ֆեյսբուքում, սակայն իրական կյանքում բարդույթավորված է, և սոցիալական ցանցն ընդամենը ինքնահաստատվելու մի տարածք է։ Դա ընդամենը թամաշան է, և այդ ֆոնը միշտ կարևոր է լինում ակցիայի կազմակերպիչների համար, քանի որ զանգված են ապահովում։
Էյֆորիան ցրվելու ժամանակ սկսեց պարզվել, որ համաձայնագրի ստորագրման շուրջ իրարանցում բարձրացնողները բավականին «համեստ» են փաստարկների տեսակետից և միակ բանը, որ կարող են ասել հանրությանը, այն է, որ փաստաթղթի արդյունքում Հայաստանի բնակչությունը գուցե ինչ-որ հեռանկարում կարող է հնարավորություն ստանալ առանց մուտքի արտոնագրի (վիզայի), դեսպանատներում նվաստացնող գործընթացներն անցնելու գնալ եվրոպական երկրներ։ Դա միակ լուրջ փաստարկն էր, քանի որ փաստաթղթում ամրագրված մյուս կետերը շատ դժվար է առայժմ սպառողական տեսանկյունից նյութականացնել կամ կոնկրետացնել։
ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրման գործընթացը նոր է սկսվել և դեռ շարունակվելու է։ Հայաստանում, ինչպես միշտ, շատ տարօրինակ կերպով է ամեն ինչ ընթանում. նախ որոշումն ընդունվում է, ապա նոր միայն սկսում են այն քննարկել։ Դա վերաբերում է և՛ ԵԱՏՄ անդամակցությանը, և՛ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուն և նույնիսկ զինծառայությունից տարկետման վերաբերյալ ուսանողների բարձրացրած հարցերին. այս պարագայում էլ օրենքն ընդունվեց, և նոր միայն կլոր սեղաններ հրավիրեցին։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ