Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծանրագույն հարված ռուսական սպորտին

Ծանրագույն հարված ռուսական սպորտին
08.12.2017 | 05:26

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն դեկտեմբերի 5-ին արձակեց իր վճիռը, համաձայն որի, Ռուսաստանի ընտրանին հեռացված է Պխենչխանի ձմեռային օլիմպիական խաղերից, մասնակցության հարցը վիճարկելու հնարավորությունը տրված է միայն «մաքուր» մարզիկներին (նրանց ճակատագիրը որոշելու է ստեղծված հատուկ կազմակերպությունը), Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ցկյանս հեռացված է օլիմպիական շարժումից, որակազրկված է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, իսկ նրա նախագահ Ալեքսանդր Ժուկովը զրկված է ՄՕԿ-ի անդամությունից, Ռուսաստանի ցանկացած կարգի մարզական պաշտոնյայի արգելված է օլիմպիական խաղերին հայտնվելը:
Ի՞նչ ճակատագիր է սպասում ռուս «մաքուր» մարզիկներին:
Օլիմպիադային նրանց մասնակցության հնարավորություն կտրվի միայն չեզոք (օլիմպիական) դրոշի տակ հանդես գալու դեպքում, հաղթելու պարագայում նրանց պատվին հնչելու է օլիմպիական կոմիտեի հիմնը:


Այսպիսի դաժանագույն հարվածից հետո, թե ինչպիսին պիտի լինի ռուսական կողմի դիրքորոշումը, եղել են տարբեր արձագանքներ, և, ի վերջո, հաղթել է առավել բանականը՝ այս պահին հույզերին տրվելը տրամաբանական չէ և որ, անկախ ստորացուցիչ պայմաններից, պիտի մասնակցել օլիմպիական խաղերին: Բնականաբար, այս վճիռը հնչել է երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով, իսկ այնտեղ, բոլորին է հայտնի, ասողը մեկն է:
Զուտ առողջ տրամաբանությունից ելնելով՝ սա հօգուտ այն մարզիկների է, ովքեր հավատարիմ են օլիմպիական սկզբունքներին, չեն ներքաշվել դոպինգ-սկանդալների մեջ, ազնվորեն արել են իրենց գործը, և օլիմպիական խաղերին մասնակցությունից նրանց զրկելը կլիներ անբարո:
Բացի այս, հարցը մի ուրիշ կողմ էլ ունի:
Այո՛, չի հնչելու երկրի օրհներգը, չի բարձրացվելու երկրի դրոշը, բայց մարզիկի անմիջական ներկայությունը վկայելու՞ է նրա ով լինելը, անուղղակի հնչելու՞ է այդ երկրի անունը:
Սակայն, սրանից զատ, հեռահար մեկ այլ խնդիր էլ կա:
Ռուսաստանին մղելով հնարավոր արտակարգ քայլերի՝ անուղղակի սպառնալիքի տակ են դնում 2018-ին այնտեղ անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այդ ու՞մ համար է գաղտնիք, որ մինչև այժմ էլ Անգլիան պայքարում է այն ընդունելու համար, ու այնտեղ հարյուրտոկոսանոց պատրաստվածության են բերված ու բերվում ոչ միայն մարզադաշտերը, այլև սպասարկու բոլոր ենթակառուցվածքները:


Խոշոր հաշվով սա պատերազմ է, որում հաղթող կողմ կարող է լինել միայն կշռադատված պահվածք ունեցողը, հնարավոր պրովոկացիաներին տուրք չտվողը: Առաջ չընկնենք, սակայն, կարծես թե, դեռևս հաղթող կողմը Ռուսաստանն է, որն ատամները սեղմած կուլ է տալիս ամեն կարգի թուք ու մուր, որոնցում, խոստովանենք, նրա մեղքի ծանրակշիռ բաժինը, այդուհանդերձ, կա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ