Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բաքուն Երևանի բացակայությամբ մտադիր է բանակցել Մոսկվայի հետ

Բաքուն Երևանի բացակայությամբ մտադիր է բանակցել Մոսկվայի հետ
06.05.2018 | 09:07

Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում դադար է` Հայաստանում ծավալվող իրադարձությունների պատճառով: Այդ իրավիճակը նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` «Հայաստանը հիմա ոչ հեշտ քաղաքական ժամանակներ է ապրում» և «պետք է սպասել, երբ քաղաքական իրավիճակը վերջնականապես կկայունանա, երբ ժողովուրդը, քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները, մենք հուսով ենք` իրավական սահմանադրական դաշտում, որոշակիություն կունենան ղեկավար օրգանների կազմում»: Դրանից հետո, Զախարովայի կարծիքով, ի հայտ կգան «բոլոր հնարավորությունները արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը»: Մայիսի 8-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու դեպքում պետք է կառավարություն ձևավորվի: Հայ իրավաբաններն ասում են, որ վարչապետի ընտրությունից հետո քաղաքական կոնֆլիկտի կողմերը նախաձեռնելու են խորհրդարանի լուծարումը: Սահմանադրության համաձայն` դա տեղի կունենա, եթե պատգամավորները երկու անգամ չհաստատեն կառավարության ծրագիրը: Դա «լավագույն ելքն է ստեղծված իրավիճակից` դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ խորհրդարանական հանրապետությունում կառավարում է փոքրամասնության կառավարությունը, իսկ քաղաքական մեծամասնությունն ընդդիմություն է, որ սահմանադրական ճգնաժամի ուղիղ ճանապարհ է»: Շրջանառվող տեղեկություններով` արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կլինեն աշնանը: Բոլոր դեպքերում հաղորդվում է, որ պայմանավորվածություն կա դեռ իշխող ՀՀԿ-ի ու Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև: Հետո կձևավորվի նոր կառավարություն: Դժվար է ասել` կոալիցիոն, թե միակուսակցական: Չի բացառվում, ավելի շուտ մեծ է հավանականությունը, որ ընտրարշավի ժամանակ կլինի կոշտ պայքար քաղաքական ուժերի ու դաշինքների միջև: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում դադարը կարող է ձգվել մինչև տարեվերջ: Դադարի պատճառը Հայաստանում անցումն էր նախագահական կառավարումից խորհրդարանականի և արտահերթ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ կոնֆլիկտի կողմերը հետևում էին համընդհանուր համաձայնեցված կանոններին` բանակցությունները պահելով գաղտնի, թեպետ հրապարակավ ինչ-որ նոր գաղափարներ հնչում էին, որ քննարկվում էին բանակցային սեղանի շուրջ և պետք է դիտարկվեին ընտրություններից հետո: Իսկ հիմա ի՞նչ: Այս առումով կարևորագույն նշանակություն են ստանում Ադրբեջանի գործողությունները ստեղծված նոր իրավիճակում:
Բաքուն իրեն խելամիտ է պահում և հիմքեր չի տալիս կասկածելու, որ փորձում է օգտագործել Հայաստանի քաղաքական ճգնաժամը` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծման համար, թեպետ երկրում տարբեր կոչեր են հնչում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Միջազգային ճգնաժամային խումբը ողջունում են, որ «Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ձեռնպահ մնացին սովորական ռազմաշունչ հռետորաբանությունից»:

Այդ դրական գործընթացը ամրապնդելու համար Միջազգային ճգնաժամային խումբն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել իր ներկայությունը տարածաշրջանում, որ կոնֆլիկտի կողմերը «սխալ պատկերացում չկազմեն միմյանց մտադրությունների վերաբերյալ»: Այնուհանդերձ, Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը գրում է, որ Բաքուն պետք է պատրաստ լինի, որ «Հայաստանում կարճաժամկետ հեռանկարում չարժի սպասել բանակցություններ վարելու իրավասություններով օժտված մեկին»: Դա` առաջին: Երկրորդ` «արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված կառավարությունը կսկսի բանակցությունները` առանց հաշվի առնելով գոյություն ունեցող մշակումները` առաջարկելով իր օրակարգը»: Որոշ հայ փորձագետներ գտնում են, որ Փաշինյանը կձգտի Ստեփանակերտը դարձնել կոնֆլիկտ լիարժեք կողմ, որ պիտի մասնակցի բանակցային գործընթացին: Վաղաժամ է դատել Փաշինյանի դիրքորոշման մասին` դատելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին նրա նախկին հայտարարություններից: Այդ առումով` Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Հուդրատ Հասանգուլիևը առաջարկեց խորհրդարանում արտակարգ լսումներ անցկացնել Արցախի Հանրապետության խնդրով, Նրա խոսքով` «Կան նյուանսներ, որոնց մասին հնարավոր չէ խոսել ԶԼՄ-ներով, բայց կարելի է քննարկել խորհրդարանում փակ ընթացակարգով»: Խոսքը «Ադրբեջանի ու Ռուսաստանի որոշակի շահերի համընկնումի հնարավորության մասին է, նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրների` այն առումով, որ Հայաստանում առաջ են մղվում արևմտամետները և Ադրբեջանը արող է օգուտ քաղել դրանից»: Այդպես է, թե ոչ` վաղ է դատել:


Գլխավորը, որ Բաքուն ուժային լուծման չդիմելու ցանկություն ունի և հասկացնել է տալիս արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին: «Ես միշտ ասում եմ,- ճշտում է Հասանգուլիևը,- որ Ադրբեջանը պետք է բանակցությունները վարի Ռուսաստանի հետ` նրա շահերը հաշվի առնելով: Որպեսզի մեզ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորություն տա, Մոսկվան պետք է վստահ լինի, որ տարածաշրջանից ամբողջությամբ դուրս չի մղվի: Այդ պատճառով բանակցությունները պետք է վարել Մոսկվայի հետ»: Այսպիսով` հայկական ցնցումները փոխում են իրավիճակը տարածաշրջանում, իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դառնում է ավելի «ակտիվ հաղորդակցվող անոթ» ոչ միայն Բաքվի ու Երևանի միջև: Անհրաժեշտ են նոր գաղափարներ ու նոր քայլեր բարդ իրավիճակից դուրս գալու համար:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրադարձությունների զարգացման այս տարբերակը վաղուց է եղել ու գործել ու այնպես չէ, որ հայական հեղափոխության պատճառով է Բաքուն փորձում Մինսկի խմբին զուգահեռ նոր ձևաչափ ստեղծել ու սեպարատ բանակցություններ վարել Մոսկվայի հետ: Պարզապես հիմա պատեհ պահ է Մոսկվայից առավել մեծ ընկալում ստանալ` համոզելով, որ Հայաստանը հեռանում է դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանը պատրաստ է հանուն իր տարածքակին ամբողջականության արտաքին քաղաքական շրջադարձ անել: Իրականում սա պարզամիտ հնարք է` Բաքուն երբեք ամբողջությամբ չի կարող պոկվել Արևմուտքից` տնտեսական կապերի պատճառով և քաղաքական ակնկալիքները չկորցնելու համար: Ճիշտ ինչպես Թուրքիան, որ լարախաղացություն է անում Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև` փորձելով խաղալ Ռուսաստան-Արևմուտք տարաձայնությունների վրա: Էրդողանը այնքան է ուզում արժանանալ Արևմուտքի բարեհաճությանը, որ նույնիսկ «եղբայր Վլադիմիրի» պաշտոնակալության արարողությանը չի մասնակցելու: Հատկանշական է, որ Ալիևը փորձում է խաղալ ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ երկրների հետ: Բոլոր դեպքերում` առաջարկը շահեկան է նաև Մոսկվայի համար, որ մշտապես Ղարաբաղի հարցն օգտագործել է իբրև դագանակ` Հայաստանի ինքնիշխանության դեմ: Որքան էլ տարօրինակ է` այս իրավիճակը շահեկան է հայկական կողմերի համար, որ հանգիստ կարող են բանակցությունները սկսել 0 կետից` ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների աջակցությունը: Կամ` գոնե համաձայնությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ