Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մինսկի խումբը վազում է տեղում

Մինսկի խումբը վազում է տեղում
23.06.2018 | 10:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են, ճիշտ է` բավականին ուշացումով, հայտարարություն հունիսի 12-14-ին Հայաստան այցի մասին: Նախօրեին նրանք հաղորդել էին, որ իրենց այցը համարում են ճանաչողական, որ հասկանան հայկական նոր իշխանությունների դիրքերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում: Առաջին շփումը տեղի ունեցավ: Համանախագահները հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հայտարարությունը առաջին հայացքից, ինչպես միշտ, հռչակագրային է:

Համանախագահները հերթական անգամ հաստատեցին իրենց հակվածությունը աջակցել կողմերին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման մեջ` Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա, այդ թվում` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Նրանք հաղորդեցին, որ Երևանում հանդիպումների ընթացքում քննարկել են գործընթացն առաջ մղելու հաջորդ քայլերը` Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը «մոտ ապագայում», նաև տեսակետներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի իրավիճակի վերաբերյալ, ընդգծել են կառուցողական մոտեցման կարևորությունը:


Սկզբունքորեն այս հայտարարությունը ոչնչով չի տարբերվում նախորդների շարքից: Սակայն շատ փորձագետներ նոր շեշտադրումներ են արձանագրում: Երբ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ներառվելու անհրաժեշտության մասին, թվաց, որ կարող է փոխվել բանակցային ձևաչափը: Բայց ձևաչափը մնաց նույնը: Եվ ուրեմն` ուրվագծվեցին բանակցային գործընթացի շարունակումն ու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Փորձագետները որսացին Մինսկի խմբի համանախագահների գործունեության երեք ուղղություններ` վստահության միջոցներ, հրադադարի պահպանում ու քաղաքական կարգավորում: Վստահության միջոցները հիմա չեն աշխատում, քաղաքական կարգավորումը տեղապտույտի մեջ է, հրադադարը պահպանվում է միայն սկզբունքորեն` կոնֆլիկտի կողմերի շփման գծում զինված բախումները չեն դադարում:


Մնացականյանը Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը հայտարարում է բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման և նախկին պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Պարզ է, որ խոսքը 2016-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է, որ նախատեսում էին կոնֆլիկտի գոտում վերահսկողության մեխանիզմների ստեղծում ու միջազգային դիտորդների տեղակայում: Բայց Բաքվի ու Երևանի միջև ոչ մի պահ չի դադարում տեղեկատվական պատերազմը, իսկ այդ համաձայնությունների գործնական իրականացումը տեսանելի ապագայում սակավ հավանական է: Ավելին` բոլոր նշանները կան, որ բանակցային գործընթացում առաջվա պես պահպանվելու է գաղտնիությունը, երբ հաշված մարդիկ գիտեին` ինչ է խոսվում ու ինչպես է խոսվում փակ բանակցություններում: Հրապարակային մակարդակում ստեղծվում է տարօրինակ իրավիճակ` Բաքուն մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացին մի օրակարգով, իսկ հայտարարում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իսկ Միլի մեջլիսի պատգամավոր և Դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն ընդհանրապես ասում է, որ «հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի շուրջ Բաքվի ու Երևանի միջև պատերազմ չէ», այլ «ադրբեջանական պետության անխուսափելի անկախության երկարամյա ու սկզբունքային հաստատումը աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզում»: Եթե Բաքուն մեղադրում է Մինսկի խմբին «ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անվճռականության մեջ», ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը ընդհանրապես, եթե ոչ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում են: Որքան երկա՞ր կարող է շարունակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի «մաքոքային դիվանագիտությունը» և «լռության դիվանագիտությունը»: Առանց հարցերի ու խնդիրների որոշակիացման որևէ բանակցություն անհնար է, ինչպես փոխզիջման որոնումը անդառնալի ու կատարված փաստերի հաշվառումով:


Առայժմ բացի Փաշինյանի` Ստեփանակերտին բանակցությունների մեջ ներառելու առաջարկը, որ Ադրբեջանը հընթացս մերժեց, որևէ նոր առաջարկ չի եղել: Նշաններ չկան, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում ոչպաշտոնական դիվանագիտական ու այլ խմբերի կողմից: Բոլորը սպասում են, բայց վաղուց հասունացել է իրավիճակը բացելու ժամանակը: Ո՞վ է դա անելու:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ոչ ոք էլ չի անելու: Բոլորին էլ ձեռնտու է բանակցությունների գաղտնիությունը և տեղապտույտը: Քայլ անելու անհրաժեշտություն չունեն ոչ Մինսկի խմբի համանախագահները, ոչ Մինսկի խմբի երկրների նախագահները, ոչ Բաքուն, որ հարցի որևէ լուծման պարագայում կորցնում է «թշնամուն» ու փլուզվում է ամբողջ ներքին քաղաքականությունը, ոչ Երևանը, որ վաղուց հաշտվել է ստատուս քվոյի պատճառով միջազգային տնտեսական ծրագրերից դուրս մնալուն, ոչ էլ առավել ևս Արցախը, որ անկախ պետություն է ու մտադիր չէ որևէ զիջման գնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ