Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բողոքների նոր ալի՞ք, թե՞ հեղափոխություն Իրանում

Բողոքների նոր ալի՞ք, թե՞ հեղափոխություն Իրանում
30.06.2018 | 11:19

Բողոքի ցույցերն Իրանում հաստատուն մտնում են մեդիագիտակցության մեջ իբրև երկրորդ ալիք: Դժգոհության դրսևորումները կես տարի առաջվա հզոր բռնկումից հետո ամբողջությամբ չէին մարել: Այս անգամ ևս Իրանի Իսլամական Հանրապետությունում զանգվածային բողոքներ են:


Investor’s Business Day-ի խմբագրականի վերնագիրն է «Իրանյան ընդվզումները և Թրամփի պատժամիջոցները` կհանգեցնե՞ն նոր հեղափոխության Իրանում»: Հեղինակը հիշում է 39-ամյա վաղեմության իրադարձություններն Իրանում` շահի իշխանության թուլացումը այն ժամանակ իրականացվում էր դժգոհության դրսևորման ալիքային գործընթացներով: Վերջին օրերին իրադարձությունների կենտրոնում, ինչպես 39 տարի առաջ, Կենտրոնական շուկան է: Առևտրականների գործադուլը վատ նորություն է այաթոլաների իշխանության համար ու վատ նշան` նախորդ հեղափոխության ժամանակ շատ դրամատիկ իրադարձություններ հենց Կենտրոնական շուկայում ու նրա շուրջ էին ծավալվում: Կրպակատերերի գործադուլն ավելին է քան բողոքն ինֆլյացիայից: Դա վերջին նախազգուշացումն է վարչակարգին` շուկայի ոչ մեծ վաճառակետերի տերերը բնավ էլ հեղափոխականորեն տրամադրված ազատամիտներ չեն, նրանք շահագրգռված են հանգստությամբ ու կայունությամբ և հանգստության ու կայունության երաշխիքներն են: Թեհրանի կրպակատերերը փողոց դուրս չեն եկել «Մահ Պաղեստինին» կամ «Մահ Սիրիային» կարգախոսներով, սակայն գարնան սկզբից ռիալի կրկնակի արժեզրկումը և իրավիճակի բարելավման հույսերի կորուստը մտնում են վարչակարգի նկատմամբ չեզոք տրամադրված քաղաքացիների գիտակցության մեջ իբրև ճանապարհային նշաններ իշխանափոխության ճանապարհին:


Հեղափոխության պահնորդների նախկին հրամանատար, իսկ հիմա գերագույն հոգևոր առաջնորդի ազդեցիկ խորհրդական, գեներալ Յախյա Ռահիմ Սավաֆին բացահայտումներ է արել` իբր բողոքների հետևում «սատանայական եռանկյունն» է` ԱՄՆ, Սաուդյան Արաբիա և Իսրայել: Այաթոլա Ալի Համենեին բողոքողների հասցեին սպառնալիքներ է տեղացել: Իրականում վարչակարգը իր ռեպրեսիվ ներուժի չնչին մասն էլ չի օգտագործել դեռ: Հենց այն պատճառով, որ բողոքները հախուռն ու ժողովրդական են, իշխանությունները կարող են բախվել ցույցերի ճնշման հակառակ արձագանքին: Ռահիմ Սավաֆիի ու այաթոլա Համենեիի խոսքերն արդեն դժգոհների վրա կատալիզատորի ազդեցություն են թողել: Կես տարի առաջ և այսօր ընդվզողների մեծ մասը բոլորովին էլ արևմտամետ այլախոհ չէ, այլ իշխանության նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ, որոնց կողոպտել է իշխանությունը և խլել համակարգի վերափոխման հույսը: Ավելին` կես տարի առաջ անկարգությունների մեջ կարևորագույն դեր էին խաղում արմատական շիաները, որ նախագահ Ռոհանիի մեջ տեսնում էին ազատականի ու իրանական Գորբաչովի: Ներկա ամբոխը բազմատարր է, բայց ազատական արժեքների կողմնակիցները շատ չեն ցուցարարների մեջ: Դժվար չէ ենթադրել, որ արևմտամետ ազատականները կվանկարկեին «Դադարեցրեք օգնությունը սիրիական արյունոտ վարչակարգին» կամ «Փողերը` կրթությանը, ոչ թե Գազայի ահաբեկիչներին»: Երբ նախադասության սկզբում «մահ» բառն է, գործ ունենք նույն մենթալ վիճակի հետ, որ Իրանի քաղաքացիներն ունեն «Մահ Ամերիկային», «Մահ Ռուսաստանին» կամ «Մահ Իսրայելին» բացականչելիս: 1979-ի հեղափոխության հետ անալոգիան չի կարող ամբողջովին համընկնել, բայց իրադարձությունների որոշ համընկնումներ արժանի են ուսումնասիրման: Նախ և առաջ խոսքը պալատական հեղաշրջման մասին չէ, այլ ժողովրդական բողոքների կենտրոնում ու տեղերում պրոֆեսիոնալ ամրապնդված ղեկավարների, որ ֆինանսապես շահագրգռված են վարչակարգի պահպանության մեջ: Մոսադի մի աշխատակից, որ 70-ականների վերջին աշխատել է Թեհրանում, իր հուշերի մեջ խոստովանել է, որ ինքն էլ կմիանար բողոքողներին, եթե Իրանի քաղաքացի լիներ:

Իր քաղաքացիների նկատմամբ մեծամիտ ու պարծենկոտ իշխանությունը, ինչպես և հիմա, այն ժամանակ էլ սահմանազատված ու անձեռնմխելի էր իրեն համարում: Շահի դեմ հեղափոխությունը նույնպես դժգոհ զանգվածների բողոք էր` տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հույսով: Ոչ ոք չէր կասկածում, որ հակակառավարական ցույցերի վերջնարդյունքը կլինի այաթոլա Հոմեյնիի ռեպրեսիվ իշխանության հաստատումը: Հիմա կատարվողի հետ նույն անալոգիան է` արմատական իսլամիստ շիականների, հեռավոր ուղերթների վարորդների կամ դժգոհ կրպակատերերի բողոքները ի վերջո կարող են հանգեցնել շիական իսլամիստական իշխանության փոխարեն պարսկական ազգայնականների իշխանության գալուն: Դա կարող է հանգեցնել հիջաբներին ու պետական պարտադրանքի այլ դրսևորումներին հրաժեշտին, բայց «արևմտյան արժեքներին» դիմելը սակավ հավանական է: Ավելի շուտ շահին վերադարձ կամ ինչ-որ ձևափոխված տարբերակ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշում դեպի Վաշինգտոն ու կառուցողական հարաբերություններ Մոսկվայի հետ, բայց առանց հրաժարվելու կառավարման ավտորիտար հիմքերից: Ընթերցողներից ոմանք թերահավատ կհարցնեն` մի՞թե ես այնքան միամիտ եմ, որ չեմ տեսնում Վաշինգտոնի կամ Երուսաղեմի ձեռքը Թեհրանի վարչակարգը խարխլողների մեջ: Պատասխանը պարզ է` ուղիղ կապ կա նորացման ու ԱՄՆ պատժամիջոցների խստացման միջև, նաև Թրամփի ու Նեթանյահուի հռետորաբանության ու Իրանում ցույցերի: Նախագահ Թրամփը ուղիղ բերեց նոր տնտեսական փլուզման Իրանում, իսկ Իսրայելի վարչապետը կարողացավ ոչ քիչ ազդել Իրանի ժողովրդին ուղղված իր կոչերով: Սխալ է պնդումը, որ ինչ-որ մեկից ֆինանսավորվող մի խումբ սադրիչներ գործադրում են «տեխնոլոգիաներ»: Մեր առաջ իսկապես ժողովրդական բողոքներ են, որ բացի ամեն ինչից, հարուցվել են Թրամփի կոշտ քայլերով ու Նեթանյահուի հմուտ հռետորաբանությամբ:


Դատեք ինքներդ` այաթոլաների վարչակարգին, որ դարձել է հետամնացության ու մոլեռանդության խորհրդանիշ, սովորական մեղադրանքների փոխարեն, Իսրայելի վարչապետը խոսում էր ԱՄՆ-ում ու Արևմուտքում իրանցիների վիթխարի ինտելեկտուալ հաջողությունների մասին, իսկ հետո հարցնում էր` ինչու՞ այդ տաղանդները որևէ կերպ չեն դրսևորվում Իրանում: ՈՒ պատասխանում էր` որովհետև նրանց կառավարությունը փողերը վատնում է արկածախնդրությունների ու ահաբեկիչներին աջակցության վրա արտասահմանում` սեփական տաղանդներին խրախուսելու փոխարեն: Իսկ հետո խոսեց ջրային ռեսուրսների չորացման ծանրագույն խնդիրների ու Իրանի համար կենսականորեն կարևոր ջրի աղազերծման իսրայելյան տեխնոլոգիաների: Իրանում «կանաչ հեղափոխությունն» արդեն մոտ էր հաղթանակի 2009-ին, բայց ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման չաջակցեց ցուցարարներին` ցուդադրաբար օգնելով վարչակարգին: Հենց դա ապշեցրեց այն ժամանակ բողոքող իրանցիներին: ԱՄՆ ներկա նախագահը էականորեն տարբեր քաղաքականություն է վարում: Նրա խորհրդական Ջոն Բոլտոնն ասել է, որ մինչև տարեվերջ Իրանում իշխանափոխություն կլինի: Առաջարկում եմ կասկածել: Իսկ 2020-ին հազիվ թե այաթոլաները իշխանության մնալու շանսեր ունենան:
Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը: Մոսկվան ազատվում է իրեն ու նախագահ Ասադին ոչ անհրաժեշտ իրանական ներկայությունից Սիրիայում ու չի վշտանում նավթի գնի բարձրացումից:
Ավիգդոր ԷՍԿԻՆ, REGNUM


Հ.Գ. Իմաստ ունի՞ հիշեցնել, որ Ավիգդոր Էսկինը հրեա է և նրա ոչ բոլոր գնահատականներն են անկողմնակալ: Բայց բողոքի ցույցերը Իրանում շարունակվում են ու փաստացի իշխանությանը չի հաջողվում լուծումներ գտնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ