Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամառվա հայելին` առանց ամալգամի

Ամառվա հայելին` առանց ամալգամի
10.07.2018 | 00:13

Վերջապես Հայաստանի վարչապետը մեկնում է Արևմուտք` Բրյուսել: ԵՄ-ում հանդիպումները հաստատված են, չեն բացառվում հանդիպումներ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ` ըստ Ջեյմս Ապաթուրայի: Կմասնակցի՞ ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նախկինում, ունենալով հրավեր, Հայաստանը չի մասնակցել` պատճառը հավարտ ընդունվող հռչակագրերն են, որ կոնֆլիկտների լուծման մեջ գերակայություն են տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին: Հիմա Հայաստանում իրավիճակ է փոխվել` մեկ, և երկրորդ` կա մասնակցելու ձևակերպումը փոխելու տարբերակը, որ սակավ հավանական, բայց անիրական չէ, երրորդ` կա վերապահում ունենալու իրավունքը: Թավշե հեղափոխության սկզբունքներին համահունչ կլիներ, եթե ՀՀ վարչապետը` ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ, հայամետ լինելով` մասնակցեր գագաթնաժողովին` ապացուցելով, որ բոլոր հարթակներում պատրաստ է ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի շահը: Դա չի հակասում ո՛չ ՀԱՊԿ անդամի շահերին, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի: Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը դիվերսիֆիկացում է պետք: Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո կամա թե ակամա` իր այցերով ու հայտարարություններով ստեղծել է տպավորություն, որ առաջվա պես Հայաստանի համար թիվ 1 պետությունն աշխարհում եղել ու մնում է Ռուսաստանը, Արևմուտքը` ԱՄՆ-ը, ԵՄ-ը և մյուսները պետություններ են, որոնց հետ Հայաստանն ինչ-որ հարաբերություններ ունի կամ կունենա: Արևմուտքը հասկացավ նրան` ընկալելով, որ Ռուսաստանին ռևերանսները հեղափոխության անվտանգության ապահովագրում են: Արևմուտքը գնահատեց, տեսավ նաև` ինչպես է Ադրբեջանը ռուսների միջոցով փորձում փչացնել ՀՀ-ՌԴ հարաբերությունները` ինքնաներկայանալով ՌԴ-ի «ռազմավարական միակ դաշնակից Հարավային Կովկասում»:

Հնացած է պատկերացումը, որ ՌԴ-ն անխախտ դեմ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին` իր և այլ պետությունների: ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունը լավ խաղաքարտ է Ադրբեջանի դեմ, որ փորձում է Մոսկվայից շանտաժով ստանալ պատերազմի համաձայնություն: Վերջերս Բաքու-Անկարա տանդեմը Մոսկվայի համար ավելի շատ գլխացավանք, քան գործընկերային կապեր է առաջարկում: Կրեմլի համար Հայաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ շահեկան են բազում առումներով` պայմանով, որ իրենից չի հեռանում` նրանց «գիրկն ընկնելու»: Կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլև վերահաստատի Ենս Ստոլտենբերգի Հայաստան այցի հրավերը: Առավել ևս, որ Բաքուն նույնպես լինելու է Բրյուսելում ու փորձելու է իր խաղերը տալ: Հայաստանին պետք է ճիշտ և հավասարակշիռ օգտագործել հնարավորությունները և ներկայանալ իբրև տարածաշրջանում անվտանգության երաշխավոր: Օրեցօր ագրեսիվացող Բաքվին դեմ հանդիման` Հայաստանը պիտի ամրապնդի պաշտպանունակությունը` քաղաքական ու ռազմական բոլոր ուղղություններով: Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-ՀՀ համաձայնագրին: ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին տեղեկացրեց, որ ԵՄ-ը 4 տարում 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու բարեփոխումներին:

Գուցե վատ է հարևանի վրա չարախնդալը, բայց ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը չի ստացվում` Բրյուսելը նավթն ու ժողովրդավարությունը սկսել է չհամադրել` սև ոսկուն առավելություն տալով: ԵՄ մյուս մայրաքաղաքում` Ստրասբուրգում, Ադրբեջանի գործերն ավելի վատ են, ԵԽԽՎ-ն տոտալ պայքար է հայտարարել կոռուպցիայի ու նավթադոլարների, խավիարի ու գորգերի դեմ: Ադրբեջանը նոկաուտի մեջ է: Նախիջևանյան մանևրները, զորավարժությունները, որ հայերին պիտի սարսափի մատնեին, չստացվեցին կամ միստիկ պատասխան ստացան` Ադրբեջանը Մինգեչաուրյան կրկնակի խավարի մեջ ընկղմելով: Հուլիսի 5-ին Նախիջևանում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարվեց` Գյուննութ գյուղի մերձակա դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող 3 զինծառայող զոհվեց, 11-ը վիրավորվեցին: «Վթարը» ավելի շուտ այրված ադրբեջանական դիրքերին է առնչվում. ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ թույլ չի տա ադրբեջանական զորքերին ամրապնդվել հայկական գյուղերի համար վտանգավոր բարձունքներում:

Ամենամիստիկը` Բաքվի կենտրոնում երկնաքերը լուսավորվեց Հայաստանի դրոշի գույներով` շփոթել էին Կոլումբիայի դրոշի հետ: Մի քանի անգամ փոխեցին Գյանջայի քաղաքապետ Վելիևի դեմ մահափորձի մեղադրանքը` նախ անվանեցին ահաբեկչություն, ապա` շարքային քրեական գործ, հետո վերադարձան ահաբեկչության վարկածին` մեղադրելով իսլամիստներին, որ ուզում են քաոսով իշխանության գալ` շարիաթի օրենքներ հաստատել: Ինչ-որ օղակ շղթայում բացվել է ու Ալիևը չգիտի` որտեղ է օղակը` ներսու՞մ, թե՞ դրսում: Նա չգիտի` ԼՂ հարցով ու՞մ հետ բանակցի` ՀՀ նախագահի՞, թե՞ վարչապետի հետ: Նախկին սուբստանտիվ պահանջների փորձերն արդյունք չտվեցին: Բաքվին հիշեցնում են, որ նախ պիտի կատարի Վիեննայի 2016-ի պայմանավորվածությունները, և, վերջնական արդյունքի համար, բանակցի Ստեփանակերտի հետ: Ալիևն ընտրեց երրորդ ճանապարհը` խաղեր տալ Հայաստանի սահմանին` Նախիջևանում, ու սպառազինվել, հետն էլ զինվորական շքերթ կազմակերպեց` տպավորություն թողնելու համար: Տպավորիչ էր, բայց նոր պատերազմ սկսելու «արտոնագիր» չստացվեց: Ամեն ինչ վերադարձավ հին շրջանակին: Որքա՞ն ժամանակով: Սա է հարցը: Ալիևը սպասում է հարմար «աշխարհաքաղաքական պահի», բայց երաշխիք չկա, որ չի որոշի ներքին խնդիրները դարձյալ արտաքինի հաշվին լուծել ու դիմել երկրորդ բլիցկրիգին, որ, իր կարծիքով, պիտի առաջինից հաջող լինի: Գոնե լիցքաթափի կուտակվող էներգիան, որ կարող է իշխանափոխության գին ունենալ:


Ի՞նչ է լինելու Հայաստանում կուտակված էներգիայի հետ:
Քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը արտահերթ ընտրություններն են: Երկու հարթակներում` ԱԺ-ի ու կառավարության, փոփոխվում է Ընտրական օրենսգիրքը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ ԸՕ-ի բարեփոխումների համար ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը համագործակցելու է կառավարության աշխատանքային խմբի հետ: Նրանք շարունակում են առանձին-առանձին աշխատել ու, դատելով տեղեկություններից, պատճառը սկզբունքային տարաձայնություններն են` թե՛ ռեյտինգային ՛ կուսակցությունների ու դաշինքների համար սահմանվող շեմի, թե՛ այլ հարցերում: Ի վերջո, երկու խմբերը պիտի հանդիպեն ու համադրեն տեսակետները: Առաջին հայացքից` կարելի է չշտապել ու հանգամանալից քննարկել, իրականում ժամանակը ծովածավալ չէ: Դեռ Վենետիկի հանձնաժողովը պիտի իր եզրակացությունը տա: Օրենսդրականից բացի` կան տեխնիկական խնդիրներ և, իհարկե, ֆինանսական: Պատասխան չունի հարցը` ո՞վ է վճարելու ընտրությունների ծախսը:


Իսկ մինչև ընտրությունները ժամանակը պետք է լցնել հեղափոխական բովանդակությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր բաղադրիչ է, բայց օրեցօր համոզիչ է դառնում, որ կոռուպցիայի դեմ հատվածական պայքարը համակարգային կարող է դառնալ արտահերթ ընտրություններից հետո, երբ ձևավորված իշխանությունը կդադարի ինքն իրեն անցումային ու ժամանակավոր համարել, հակահեղափոխության դեմ պայքարել ու կկատարի օրենսդրական փոփոխություններ, կանցնի երկարաժամկետ ծրագրերի իրականացման: Ի վերջո, պետության խնդիրը ոչ միայն կոռուպցիան գտնելն ու պատժելը, այլև կանխարգելելն է: Դա և քաղաքական, և տնտեսական խնդիր է: Տնտեսությունը մնում է աքիլլեսյան գարշապար: Կոռուպցիոն բացահայտումներով բյուջեն համալրելն ու սոցիալական կամ զարգացման ծրագրեր իրականացնելը չի կարող երկարաժամկետ լինել: Արտադրությունը պիտի աշխատի: Աշխատատեղերն են այսօրվա գլխավոր խնդիրը:


Պատահական չէ, որ իր վարչապետության ընթացքում առաջին չլուծված խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ Ամուլսարը, երբ նրա առաջարկը չընդունվեց: Ամուլսարը Հայաստանի համար միայն բնապահպանական կամ միայն տնտեսական խնդիր չէ: Բնապահպանների ու «Լիդիան Արմենիայի» հակասությունները հանգեցնում են ընտրության` ի՞նչ է ուզում պետությունը` բնական ռեսուրսների պահպանությու՞ն, թե՞ հանքարդյունաբերության զարգացում: Հարցը կարող էին հանել ժամանակակից տեխնոլոգիաները: Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ ոսկի է արդյունահանվում: Ջերմուկում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ժամանակ տալ կառավարությանը՝ հարցը ուսումնասիրելու համար, բնապահպանները պահանջում են այդ ընթացքում հանքը չշահագործել, «Լիդիան Արմենիան»` շահագործել: Պայմանագրից հրաժարվելու դեպքում, որով 12 տարում կատարվել է աշխատանքի 80 %-ը, Հայաստանին սպառնում է դատական պատասխանատվություն: Եվ դա կդառնա ոչ միայն կոնկրետ մեկ ընկերության ու Հայաստանի խնդիրը, այլև խնդիր Հայաստանի դեմ, որ կխոչընդոտի ներդրումներին մի երկրում, որտեղ կառավարությունը փակում է գործող բիզնեսը: Նիկոլ Փաշինյանի կասկածները, որ Հայաստանը փորձում են ներքաշել դատական գործընթացի մեջ, հիմնավոր են:

Նախ` Հայաստանը ստիպված կլինի վճարել կատարված ներդրումները, չստացած շահույթի վնասը և պայմանագիրը կասեցնելու տուգանքը` եթե կա նման կետ պայմանագրում: Հարցի քննարկումները կշարունակվեն, բայց «Լիդիան Արմենիան» ամեն օր կրում է կոնկրետ կորուստներ, իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիները չեն նահանջում բնապահպանական խրամատներից: Բացի Ամուլսարի խնդիրներից` մնում է պարզել` բնության նկատմամբ սե՞րը, թե՞ այլ գործոններ կան` ո՞վ և ինչու՞ է բնապահպաններին խրամատավորել: Եվ ընդհանրապես` շատ չե՞ն խրամատները Հայաստանում: Հեղափոխության կենսական էներգիան չի՞ վերածվում նեգատիվ էներգիայի, որ կազմաքանդում է` փոխարենը ոչինչ չստեղծելով` բացի հուզական-պոպուլիստական խորապատկերը, որ բնորոշ է կա՛մ նախահեղափոխական, կա՛մ նախընտրական շրջանին, բայց գործ` աշխատանք ու հաց, չի դառնում: Ահա այսպիսի ամառ` Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղից Հայաստանը բոլորովին այլ պատկեր ունի, քան ինքն իրեն տեսնում է հայելու մեջ, որից հանված է ամալգամը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Եթե ամալգամ չկա, հայելին դառնում է ապակի: Անցած շաբաթ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մի քանի անդամներ ներխուժեցին Մայր աթոռ Սբ Էջմիածնի դիվանատուն` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով: Այս անգամ նրան մեղադրում էին Սուրբ Գեղարդը վաճառելու մեջ: Հուլիսի 7-ին Սուրբ Գեղարդը դրվեց Մայր տաճարում` հապացույց իր անխաթար գոյության: Ցուցարարները, որ խոստացել էին կաթողիկոսի ոտքը համբուրել ու հեռանալ, եթե Գեղարդը տեսնեն, հայտարարեցին, որ… Գեղարդը կեղծված է: Եթե թավշե հեղափոխության նպատակն ու իմաստը Հայաստանի զարգացումն է, ինչպե՞ս են մի քանի անկապ մարդկանց ու հակահոգևորականների գործողությունները տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ: Թեկուզ` ինքնահռչակումով: Վաղուց նրանց քայլերը քրեական բովանդակություն են ստացել, իսկ քաղաքապետն ու ոստիկանությունը սպասում են:

Ինչի՞: Որ նրանց ու հոգևորականների կամ հավատացյալների բախու՞մ լինի: Այո, Հայաստանում պետությունն ու եկեղեցին անջատ են, բայց անջատ չեն պետությունն ու ոստիկանությունը: Եկեղեցին շարքային շինություն չէ, որ ով ասես` գա գրավի, վրան դնի և ուլտիմատում ներկայացնի` հեղափոխության անվան տակ: Մի քանի օր: Եթե եկեղեցին չի գնահատվում, իշխանությունը գոնե պիտի չխառնի հեղափոխությունը աղանդավորների խնդիրների հետ: Եկեղեցին գրավելուց հետո աշխարհիկ շենքերն անպաշտպան են դառնում: Իրավապաշտպան հատվածով դառնալով իշխանություն` թավշե հեղափոխությունը մնացել է անընդդիմադիր: ՀՀԿ-ն ընդդիմություն է, բայց զբաղված է ինքնապահպանման խնդրով, ու ընդդիմադիր դաշտը դատարկ է, որ իշխանության համար վտանգավոր վակուում է: Առավել ևս, որ քննադատությունն ընկալվում է հակահեղափոխություն: Հայրենիքը սեփականություն չէ, մերոնց-ձերոնց չի բաժանվում, հաղթողներ ու պարտվողներ չեն լինում, լինում են սխալներ, որ հնարավոր չէ ուղղել: Հռոմեացի Լոնգինի Սուրբ Գեղարդը վկա:

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ