Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռոհանին Փաշինյանին հրավիրել է Իրան

Ռոհանին Փաշինյանին հրավիրել է Իրան
11.07.2018 | 05:50

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թեհրան: Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահի ուղերձը Փաշինյանին փոխանցել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արզաքանիանը Երևան այցի ժամանակ: Վարչապետն ու նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման հարցեր: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք կարևորում ենք փոխշահավետ երկխոսությունը և վստահ ենք, որ հայ-իրանական հարաբերությունները կշարունակվեն»` հայտարարել է Փաշինյանը: Ացի ժամկետները ճշտվում են: Ռոհանին առաջիններից մեկը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ ընտրվելու առիթով: Նա զանգահարեց Սոչի մեկնելուց առաջ, որտեղ Փաշինյանը հանդիպելու էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պաշտոնական տեղեկատվությամբ` «կողմերը քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ», մատնանշել են «փոխշահավետ հայ-իրանական գործընկերության, նրա խորացման կարևորությունը, նաև` ընթացիկ համատեղ նախագծերի արդյունավետ իրականացումը` ներուժի առավելագույն օգտագործումով», պայմանավորվել են այցերի ժամանակացույցի մասին: Իհարկե, Թեհրանում մեծ ուշադրությամբ էին հետևում Երևանում ծավալվող իրադարձություններին, որ հանգեցրին իշխանափոխության: Նախնական գնահատականներով, որ հնչում էին արևմտյան, նաև որոշ ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում, Հայաստանում ի դեմս Փաշինյանի` իշխանությունը վերցրել էին «արևմտյան ուժերը»:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային համաձայնագրից ու Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել, սպառնում է պատերազմով, երբ Վրաստանը շարունակում է ՆԱՏՕ նետվել, երևանյան ցնցումները Թեհրանին ստիպեցին հաշվարկել Անդրկովկասում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները, ձեռքը զարկերակին պահել: Այն ժամանակ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Փաշինյանը, դեռ ընդդիմադիր առաջնորդ լինելով, առաջին հանդիպումը (արտասահմանցի ներկայացուցիչների հետ) ունեցել է հենց Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիպուրի հետ, քանի դեռ դեսպան Սեյեդ Քազիմ Սաջարին երկրում չէր: Իրավիճակն ուներ կարևոր առանձնահատկություն: Ինչպես Թուրքիան ակտիվ մասնակցում էր արաբական գարնանը` ֆենոմենն ընկալելով իբրև «նախկին Օսմանյան կայսրության տարածքում կատարվող իրադարձություններ», այդպես էլ Իրանը երբեք չի մոռանում, որ ներկա Անդրկովկասի տարածքի մեծ մասը ինչ-որ ժամանակ եղել է Պարսից կայսրության կազմում: Այդ պատճառով առանձնահատուկ վերաբերմունք և գնահատական ունի տարածաշրջանի զարգացումներին: Պատահական չէ, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում փաստացի քրիստոնյա Երևանի ու Ստեփանակերտի կողմում է, ոչ թե նույնահավատ շիական Բաքվի: Իրանը Հայաստանի ու Արցախի համար գործնականում դարձավ միակ ուղիղ ելքը արտաքին շուկաներ: Թեպետ Բաքուն վերջին ժամանակներս Թեհրանի համար բացել է Հյուսիս-Հարավ տրանսազգային հորիզոններ, Իրանին տագնապում է Ադրբեջանի սերտ համագործակցությունը Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, որ որոշակի հանգամանքներում կարող է արգելափակել Թեհրանի հաղորդակցական հնարավորությունները հյուսիսային ուղղությամբ:

Պատահական չէ, որ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, բացահայտորեն մատնացույց անելով ԱՄՆ-ի որոշումը` փակել իրանական նավթի ելքը համաշխարհային շուկաներ և ադրբեջանական TANAP խողովակաշարի գործարկումը` հայտարարեց, որ «թշնամիների դավադրությունը Իրանին աշխարհաքաղաքականորեն ուժասպառել ու հիմնական էներգետիկ գծերը Իրանից կտրելն է` շատ փող ծախսելով»: Ահա ինչու, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունները, մնում է ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ, երբ պարզ դարձավ, որ Երևանը երբեք չի դառնա Իրանի համար թշնամական գործողությունների պլացդարմ, Թեհրանը կոնկրետ քաղաքական գործողությունների անցավ և հրավիրեց վարչապետին: Փաշինյանը ստիպված չի լինի ամեն ինչ մաքուր էջից սկսել, նրա նախորդը մշակել ու իրականացրել է պատկառելի իրավական բազա հայ-իրանական երկկողմ հարաբերություններում քաղաքական, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներում, համատեղ ենթակառուցվածքային նախագծերում: Բայց հիմա կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպես հայկական ուղղությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ իրանական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ պետք է լրացուցիչ լուրջ չափում ստանան, որոշարկվեն իրական ծրագրերը և ռազմաքաղաքական ներուժի իրականացման կոնկրետ ճանապարհները: Դրան հասնել հնարավոր է միայն Թեհրանի ու Երևանի միջև քաղաքական բարձր վստահության պարագայում, քանի որ տարածաշրջանում զարգացող իրադարձությունները շատ ավելի լուրջ են, քան նախկինում ենթադրվում էր: Բայց դրանք այն հարցերն են, որ կարող են պատասխանվել Թեհրանում Ռոհանի-Փաշինյան երկխոսության ժամանակ, երբ կորոշարկվեն ռազմավարական համագործակցության հնարավորությունները:


Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Վերջին տասնամյակի Հայաստանի բոլոր վարչապետներն անցնում են Իրանի «փորձությունը» և հայ-իրանական հարաբերություններում չեն արձանագրում ողջ ներուժի օգտագործման դեպք: Պատճառների մանրամասների մեջ չմտնելով` Թեհրան են այցելել թե Հովիկ Աբրահամյանը, թե Կարեն Կարապետյանը, և դա Իրանի համար լավագույն ժամանակներում` միջուկային համաձայնագրի կնքումից ու պատժամիջոցների հանումից հետո, ու գործնականում չեն լուծել Իրանի գազը Հայաստանով Եվրոպա տարանցելու խնդիրը: Հիմա իրավիճակ է փոխվել և հայ-իրանական հարաբերությունները նոր գին ունեն` աշխարհաքաղաքական նոր իրավիճակում: Հատկապես Բրյուսել այցից հետո բազում հարցեր կարող են այլ պատասխաններ ստանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ