Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դոնալդ Թրամփ. Ռուսաստանի հետ լավ լինելը լավ գործ է

Դոնալդ Թրամփ. Ռուսաստանի հետ լավ լինելը լավ գործ է
17.07.2018 | 10:54

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի լարված հարաբերությունները օբյեկտիվ պատճառներ չունեն` հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո մամլո ասուլիսում: Պուտինի խոսքով` Թրամփը բարձրացրել է ռուսական պետական կառույցների միջամտության հարցը ԱՄՆ նախագահի ընտրություններին: «Ռուսական պետությունը երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ներքին գործերին, այդ թվում` ընտրական գործընթացներին»` հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Հելսինկիի հանդիպումից 2 օր առաջ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը տվեց ռուս 12 սպաների անուններ, որ մեղադրվում են ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեջ: «Ժամանակն է ապասառեցնել ռուս-ամերիկյան կապերը»` ասաց Պուտինը բիզնեսմենների ու քաղաքացիների շփումների մասին:

«Մենք լավ զրույց ունեցանք նախագահ Թրամփի հետ, սկսեցինք իրար ավելի լավ հասկանալ և ես շնորհակալ եմ Դոնալդին դրա համար»` ասաց Պուտինը: «Ռուս-ամերիկյան հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել, բայց հանդիպման սկզբից 4 ժամում փոխվեցին»` ասաց Դոնալդ Թրամփը:

Պուտինի հետ համահունչ` նա բանակցություններն անվանեց ուղիղ, բաց և խորապես արդյունավետ: Մեկնաբանելով իր խոսքերը Պուտինի իբրև մրցակցի մասին` Թրամփն ասաց, որ իր կարծիքով դա հաճոյախոսություն էր: Եվ Պուտինը, և Թրամփը ընդգծեցին 2 երկրների հատուկ ծառայությունների համագործակցության կետը` Թրամփը համագործակցության օրինակ բերեց Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության բացահայտումը: Նախագահները համակարծիք էին, որ պետք է ավելի հաճախ հանդիպել:
Պատասխանելով հերթական հարցին` ՌԴ իշխանությունների հետ Թրամփի թիմի հնարավոր պայմանավորվածության մասին ընտրություններից առաջ, Պուտինը վերստին այդ վարկածն անվանեց լիակատար զառանցանք: ՌԴ պետական լրատվամիջոցների ու հասարակության բացահայտ համակրանքը նախագահի թեկնածու Թրամփի նկատմամբ նա բացատրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թրամփի խոստումով: «Ոչ մեկին չի կարելի հավատալ: Ինչի՞ց վերցրիք, որ ես վստահում եմ նախագահ Թրամփին»,- ասաց Պուտինը` բացատրելով, որ իր խնդիրը Ռուսաստանի շահերը պաշտպանելն է, իսկ Թրամփի խնդիրը` ԱՄՆ շահերի համար պայքարելը, բայց երկրները կարող են համագործակցել այն հարցերում, որտեղ շահերը համընկնում են: Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին (Պուտինը նրան երկու անգամ անվանեց Միլլեր) օգնելու դիմաց ՌԴ նախագահը սպասում է, որ ԱՄՆ-ը կհարցաքննի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին Hermitage Capital-ի գործով (որից սկսվեց Մագնիցկու գործը) ռուս քննիչների ներկայությամբ:


Պուտինի ու Թրամփի հանդիպումը Հելսինկիում նշանակված էր ժամը 13-ին, բայց ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը եկավ ժամը 14-ի մոտ: Պուտինը իր նոր «Կորտեժ» լիմուզինով մի քանի րոպե առաջ էր հասել: ԱՄՆ նախագահը եկել էր հյուրանոցից, Պուտինը` օդակայանից: ՌԴ նախագահի հետ Հելսինկիի նախագահական պալատում առանձնազրույցից հետո ԱՄՆ նախագահն ասաց, որ դա լավ սկիզբ էր: Տետ ա տետ երկժամանոց հանդիպումից հետո նախագահներն անցան ընդլայնված կազմով հանդիպման` Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի ու Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Մայք ՓոմՓեոյի և եվրոպական ու ռուսական հարցերով ԱՄՆ հատուկ օգնական Ֆիոնա Հիլի մասնակցությամբ:
Հանդիպման սկզբում Պուտինն ասաց, որ Թրամփի հետ կապը պահում էր. «Մենք հեռախոսում էինք ու մի քանի անգամ հանդիպել ենք միջազգային տարբեր հարթակներում»: Դոնալդ Թրամփը նրան շնորհավորեց ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջող անցկացման համար և նշեց, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման հնարավորություններ կան: «Ռուսաստանի հետ լավ լինելը լավ գործ է» ասաց նա ու տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկելու է միջուկային անվտանգության հարցերը: «Մենք երկու երկրներ ենք, որ ունեն միջուկային ներուժի 90 %-ը և դա այնքան էլ լավ չէ, ամեն ինչ պետք է անել այդ հարցում իրավիճակը բարելավելու համար»` հայտարարեց Թրամփը: Նրա խոսքով` քննարվելու են և առևտրի ու Չինաստանի հետ կապված հարցերը:
ВВС


Հ.Գ. Ֆինլանդիայի ԱԳ-ն տեղեկացրել էր, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն նախագահական պալատում, որտեղ նրանց կդիմավորի նախագահ Սաուլի Նինիստեն, իսկ հետո տետ ա տետ կհանդիպեն Գոթական սրահում: Հայելապատ դահլիճում կանցնի աշխատանքային նախաճաշն ընդլայնված կազմով, հետո` համատեղ մամլո ասուլիսը: 16:30-ին Պուտինը պիտի հանդիպեր Ֆինլանդիայի նախագահին, Թրամփը նրան հանդիպել էր առավոտյան: Համատեղ հայտարարության ստորագրում հանդիպման արդյունքներով նախատեսված չէ` տեղեկացրել էր ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և շեշտել էր, որ մամլո ասուլիսը «բավականաչափ տեղեկատվություն կտա լրագրողների բանակին»: Ի՞նչ իմացավ բանակը հանդիպումից, կերևա առաջիկա հրապարակումներից, իսկ ի՞նչ են դեմ առ դեմ խոսել երկու նախագահները, գիտեն միայն Պուտինն ու Թրամփը, բայց նրանք հազիվ թե անկեղծանան: Համենայն դեպս` հանդիպումը կայացավ ու գուցե սառույցը կոտրվեց: Հանդիպումից առաջ Թրամփը բազում իրարամերժ հայտարարություններով մեծացնում էր հետաքրքրությունը` նախկին շոումենի ջիղը նրա մեջ դեռ ապրում է: Հիմա բոլոր մայրաքաղաքներում սպասում են հանդիպման արդյունքներին` ճշտելու իրենց քաղաքականության հետ: Հնարավոր է` ավելի շատ տեղեկություն լինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Մայք ՓոմՓեոյի հանդիպումից, որ զուգահեռ էր նախագահների հանդիպմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ