Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մետաքսի նոր ճանապարհն ուտոպիա չէ

Մետաքսի նոր ճանապարհն ուտոպիա չէ
19.07.2018 | 10:04

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամանը վերադարձել է Կենտրոնական Ասիա ուղևորությունից: Նա այդ տարածաշրջանում հնարավորություններ է տեսնում շվեյցարական ընկերությունների համար, որոնց գործունեությունն առնչվում է ինֆրակառուցվածքներին, էներգետիկային, ֆինանսական ծառայություններին` գրում են Բեռնար Վյուտիխն ու Քրիստոֆ Լենցը Le Temps-ում: 35 մարդուց բաղկացած նրա պատվիրակությունը եղել է Ադրբեջանում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում: Նրանք բոլորը շահագրգռված են Մետաքսի մեծ ճանապարհի չինական նախագծով: Economiesuisse ընկերության ղեկավար Հայնց Կարերը, որ պատվիրակության անդամ էր, արձանագրել է «4 երկրների քաղաքական համակարգերի վիթխարի տարբերությունները», նա տրտնջում է, որ կոռուպցիայի թեման առաջվա պես շատ ուժեղ է:


«Ինչպե՞ս եք գնահատում Կենտրոնական Ասիայի ներուժը»` հարցրին լրագրողները էկոնոմիկայի նախարարին: «Ռեալ ներուժ կա,- պատասխանեց Շնայդեր-Ամանը:-Հումքով Ադրբեջանն ու Ղազախստանը լավ դիրքերում են: ՈՒզբեկստանում ինձ տպավորեց, որ մարդիկ ուզում են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել ու չտրվել պատահականության կամքին: Այդպիսի մենթալիտետը թույլ կտա գործընկերային հարաբերություններ կառուցել: Բարդ է Ղրղզստանը գնահատել: Ձեռներեցությունն այնտեղ քիչ է զգալի: Արդյունաբերությունը քիչ է, երկիրը կախված է գյուղատնտեսությունից: Ավտոմոբիլային պարկը ցույց է տալիս` ինչքան տարբեր են իրավիճակները` եթե ՈՒզբեկստանում շատ են նոր մեքենաները, Ղրղզստանում մարդիկ երթևեկում են շատ հին մեքենաներով»:


«Քաղաքական պայմանները զարգացման հնարավորություններ տալի՞ս են այդ երկրներին»` հետաքրքրվեցին լրագրողները:
«Դա ամենակարևոր հարցերից է,- կարծում է Շնայդեր-Ամանը:- Այս պահին կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք ՈՒզբեկստանի էկոնոմիկայի նախարարի հետ նորից հանդիպել ու խոսել Շվեյցարիայի աջակցության մասին կրթության, իննովացիաների ու թվայնացման ոլորտում: Նա խոստացավ ծրագիր մշակել»:


«Այցերի ընթացքում Դուք շատ տեղեկություններ եք ստացել Մետաքսի նոր ճանապարհի նախագծի մասին: Դա ուտոպիա՞ է, թե՞ լուրջ նախագիծ, որին Շվեյցարիան կարող է մասնակցել»` հարցրին լրագրողները: «Դա ուտոպիա չէ: Կասպից ծովի Կուռիկ նավահանգիստը դեռ շատ քիչ է օգտագործվում, բայց վկայում է Ղազախստանի ցանկությունը մասնակցել այդ նախագծին: Դա առավել ակնհայտն է այդ վիթխարի երկրի բոլոր մտադրություններից` ինտեգրվել ապագա արևելյան-արևմտյան տրանսպորտային առանցքին: Եվ դա մոտեցնում է նրան Չինաստանին»` ասում է նախարարը:
«Կա՞ ռիսկ, որ Ղազախստանը Ռուսաստանից իր կախումը կփոխի Չինաստանից կախվածության»` նկատեցին լրագրողները: «Դա նուրբ հարց է: Ես այդ հարցին անդրադարձել եմ իմ զրուցակիցների հետ: Նրանք մեծ ըմբռնումով են վերաբերվում Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը: Անձամբ ես գնահատում եմ նախ և առաջ ընդամենը այս կան այն նախագծի առևտրական ու տեխնոլոգիական հնարավորությունները, ոչ թե ռիսկերը: Չինաստանը միակ երկիրն է, որ նման նախագծերում արագ ներդրումների անհրաժեշտ քաղաքական ու ֆինասնական մեխանիզմներ ունի: Նրա ազդեցությունը միայն մեծանալու է: Ես փորձում եմ հասնել նրան, որ Շվեյցարիան աջակցի ինֆրակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին, որ ֆինանսավորելու է այդ նախագիծը: Այդպիսի պարտավորությունները պաշտպանում են և մեր շահերը»` կարծում է նախարարը:


«Այսպիսի տնտեսական պատվիրակությունների նպատակը շվեյցարացի ներդրողների համար արտասահմանյան նոր շուկաների դռները բացելն է: Մենք արդեն 2016-ին եղել ենք Իրանում: Հետո հետևեցին այդ երկրում գործող ընկերությունների համար ԱՄՆ պատժամիջոցները: Դա ձեր ջանքերը ջուրը չի՞ գցում»` հարցրին լրագրողները: «Այդ սպառնալիքները սահմանափակում են մեր ջանքերի արդյունավետոթյունը, հատկապես հաստոցաշինության ոլորտում: Սակայն ես ելակետ եմ ընդունում գաղափարը, որ Իրանը վերադառնալու է համաշխարհային տնտեսական ընկերակցություն կարգավորվող ոճով: Եվ Շվեյցարիան կխաղա պաշտպանի ու միջնորդի դեր»` պատասխանեց էկոնոմիկայի նախարարը: «Շվեյցարացի որևէ ձեռներեց ինձ չի ասել, որ այլևս ի վիճակի չէ Իրանում աշխատել: Ես որոշակի իմաստով հարգում եմ ԱՄՆ նախագահին, որ նաև բիզնեսմեն է: Նրա երկիրը կառուցել է համաշխարհային տնտեսակարգ, և ես կասկածում եմ, որ Թրամփն իրոք ուզում է ամեն ինչ նավից դուրս նետել»` ասաց Շնայդեր-Ամանը:
Բեռնար ՎՅՈՒՏՐԻԽ, Քրիստոֆ ԼԵՆՑ, Le Temps


Հ.Գ. Եթե շվեյցարացի ներդրողները որոնում են նոր շուկաներ, որևէ մեկը Հայաստանից կտա՞ նրանց Հայաստանի հասցեն` ներկայացնելով ոլորտները, որ կարող են հեռանկարային լինել: Հետո ինչ, որ Հայաստանը Կենտրոնական Ասիայում չէ, շատ ավելի կարևոր աշխարհագրական դիրք ունի` հաշվի առնելով հարևանությունն Իրանի հետ ու քաղաքական տարբերությունները Կենտրոնական Ասիայից:
Մտածել է պետք արագ ու գործել` ավելի արագ: Շվեյցարիան կարող է պաշտպան ու միջնորդ լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ