Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում կոչ արեց աշխարհակարգի նոր մոդել գտնել

Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում կոչ արեց աշխարհակարգի նոր մոդել գտնել
27.09.2018 | 09:37

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը տևեց 40 րոպե: Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ արեց գտնել «աշխարհակարգի նոր մոդել»: Զարգացման նոր մոդելը պետք է հիմնված լինի ինքնիշխանության սկզբունքները հարգելու ու տարածաշրջանային համագործակցության վրա:


«Մենք ապրում ենք միջազգային աշխարհակարգի սուր ճգնաժամի պայմաններում և պետք չէ այդ փլուզման պատասխանատուներին որոնել: Նրանք այստեղ են, այս դահլիճում, այսօր նրանք ելույթ են ունենում ձեր առաջ: Պատասխանատուն մենք ենք` համաշխարհային առաջնորդներս»` հայտարարել է Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի խոսքով` «որոշ» երկրներ վճռել են միջազգային հարաբերություններին վերաբերվել ուժի դիրքերից` օգտագործելով «վերապրում է ուժեղագույնը» սկզբունքը: Le Monde-ի լրագրողները գտնում են, որ Ֆրանսիայի նախագահը նկատի ուներ ԱՄՆ-ին: «Բայց այդ սկզբունքը չի պաշտպանում ոչ մի ժողովուրդ: Մենք ընտրում ենք միջազգային քաղաքականությանը բազմակողմանի մոտեցումը»` ընդգծել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը հակադրել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները Իրանի հարցում` քննադատելով Դոնալդ Թրամփի տեսակետը: Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային իրանական ճգնաժամի հարցը լուծել երկխոսության, այլ ոչ թե «Իրանի վարչակարգին մեկուսացնելու» ճանապարհով, որ ազդարարել է ԱՄՆ նախագահը: Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել երկրներին այլևս առևտրական պայմանագրեր չկնքել երկրների հետ, որ չեն պահպանում Փարիզի Կլիմայի համաժողովի համաձայնությունները: ԱՄՆ այդ պայմանագրից դուրս է եկել 2017-ի մայիսին, Թրամփի նախագահ դառնալուց հետո:
RFI


Հ.Գ. ԱՄՆ-ն չի կարող եվրոպական ընկերությունների փոխարեն որոշել՝ ու՞մ հետ և որտե՞ղ առևտուր անել և զարգացնել տնտեսական գործունեությունը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: «Մենք չենք կարող համաձայնել, որ ԱՄՆ-ն է որոշում, թե որ տարածաշրջանների հետ եվրոպական ընկերությունները կարող են առևտուր անել»,- ասաց նա: Նա նաև արևմտյան առաջնորդներից առաջինն էր, որ Նյու Յորքում հանդիպեց Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Բելգիայի վարչապետը նշել է, որ իրենք «միամիտ չեն Իրանի և նրա տարածաշրջանային դերի կարևորության հարցում»:
«Միևնույն ժամանակ, իրանական միջուկային էներգետիկան ապամոնտաժելու մասին համաձայնագիրը քաղաքական երկխոսության ճանապարհ է բացում՝ Իրանում աջակցելու համար ուժերին, որոնք ցանկանում են արդիականացնել երկիրը, ամրապնդել տնտեսությունը և որոնք պատրաստ են ստանձնել միջուկային դեէսկալացիայի պարտավորություններ»,- ասել է Շառլ Միշելը:


RFI-ին նաև հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա ԵՄ-ին ստեղծել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցող մեխանիզմ, որի մասին ասել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Թեհրանում մեզ անվանում են Մեծ Սատանա, աշխարհի վերջի մունետիկներ: Ես ուզում եմ նրանց հավատացնել, եթե դուք մեր, մեր դաշնակիցների կամ գործընկերների ճանապարհը փակեք, եթե դուք վնաս հասցնեք մեր քաղաքացիներին, շարունակեք ստել, դուք իրոք թանկ կվճարեք»` ասել է Ջոն Բոլտոնը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը աներեր է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցում և հետևելու է ԵՄ-ի սահմանափակումները շրջանցող մեխանիզմի ստեղծման փորձերին: ԱՄՆ իշխանությունների կարծիքով` Թեհրանի հետ հաշվարկների հատուկ մեխանիզմ ստեղծելու ԵՄ ծրագրերը «անարդյունավետ են»: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով` այդ քայլը կօգնի Իրանին ամրապնդել իր դիրքերը իբրև «ահաբեկչության հովանավոր»:


Սեպտեմբերի 25-ին Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրները հայտարարեցին, որ ստեղծելու են Իրանի նավթի դիմաց փոխհաշվարկների բարտերային համակարգ` շրջանցելու համար պատժամիջոցները և ներմուծողների ռիսկերը: Թեհրանից ստացված նավթի դիմաց չի վճարվելու, այլ փոխհատուցվելու է համարժեք ապրանքներով` եվրոպական երկրներից, Չինաստանից, Ռուսաստանից: Միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրները ստեղծելու են հատուկ հաշվիչ պալատ, որը ստուգելու է, որ Իրանից արտահանվող ու ներմուծվող ապրանքների գինը համապատասխանի, իսկ հետո տրանզակցիաները կատարեն միմյանց միջև: Օրինակ` եթե Թեհրանը նավթ վաճառի Իսպանիային, իսկ Գերմանիան տեխնիկա փոխանցի Իրանին, Իսպանիայի իշխանությունները գումարը կփոխանցեն Գերմանիայի մատակարարին` շրջանցելով միջնորդներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ