Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպառազինության վերահսկողության համակարգի կոլապսը միայն մեկ ախտանիշ է

Սպառազինության վերահսկողության համակարգի կոլապսը միայն մեկ ախտանիշ է
20.02.2019 | 11:46

Ամեն տարի անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովը տագնապով խոնարհվում է դիվանագիտական թերապիայի կարիք ունեցող հիվանդի վրա` գրում է Էրիկ Գուերը շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում: Անցյալ տարի արաբական գարունից հետո Եգիպտոսն էր, նաև` Ուկրաինան ու ԱՄՆ-ը` անկանխատեսելի գերագույն գլխավոր հրամանատարից հետո: Այս տարի հիվանդը Եվրոպան է` իբրև անվտանգության, ավելի ստույգ` անանվտանգության գոտի: Շուտով Ռուսաստանը հայտնվելու է մի դիրքում, որտեղից կարող է Հին աշխարհին շանտաժ անել իր միջուկային զենքով: Հնարավոր սպառնալիքը ցույց է տալիս սցենարը` Ռուսաստանը շրջափակում է Բալթյան 3 պետությունները` հիմք ընդունելով, որ ԽՍՀՄ-ի մաս են եղել: ՆԱՏՕ-ն ստիպված է համակերպվել, ինչպես 2014-ին համակերպվեց երբեմնի խորհրդային Ղրիմի անեքսիայի հետ: Մոսկվան ուղղում է իր միջուկային հրթիռները Եվրոպայի վրա, իսկ եվրոպացիները հակադրելու ոչինչ չունեն: Այս օրինակը, բարեբախտաբար, ճշմարտանման չէ, բայց արդիական է ու էական:


Ռուսաստանի խախտած` փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագիրը ԱՄՆ-ին կապում էր Եվրոպային, առանց պայմանագրի` ԱՄՆ-ը պատճառ չունի իրեն սահմանափակել ՙմիջուկային պարտավորություններով՚ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ: Ինչու՞ պիտի ԱՄՆ-ը միջուկային պատերազմի ռիսկի գնա, եթե կոնֆլիկտը սահմանափակվի Եվրոպայով: Որքան է Հին Աշխարհը դարձել օտար շահերի խաղալիք` բացատրեց Անգելա Մերկելը: Մյունխենում նա ցավով նկատեց, որ պայմանագիրը վերաբերում է Եվրոպայի անվտանգությանը, իսկ որոշումներն ընդունվում են Վաշինգտոնում ու Մոսկվայում: Կրեմլն ու Սպիտակ տունը հրաժարվել են ոչ միայն փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից, այլև սառը պատերազմի տարիների սպառազինության վերահսկողությունից ընդհանրապես: Խոսքը միայն հասարակության աչքում սեփական դիրքերը ամրապնդելու մասին է` մեղքը մեկից մյուսի վրա գցելով:

Սպառազինության բազմակողմ վերահսկողությունը մերժեց և Պեկինը, որ Մյունխենում ընդգծեց ԱԳ նախկին նախարար Յան Ցզեչին: Մոսկվան հմուտ խաղում է հին վախերի վրա` տեղակայելով թևավոր միջուկային հրթիռներ: Նրանց երկար ստվերի տակ կողմերից յուրաքանչյուրը մտածում է` ինչպես արձագանքել Ռուսաստանի ռազմական կամ միայն քաղաքական ագրեսիային` հակազդեցությա՞մբ, թե՞, գուցե, քաղաքական խաղաղարարությամբ, ինչպես Մյունխենի համաձայնագրի դեպքում, երբ Մեծ Բրիտանիան զիջումների գնաց ու Հիտլերին հանձնեց Սուդետները: ՙՆոր Մյունխենը՚ չի բացառվում և այսօր, առավելևս եվրոպացիներն արդեն խաղաղարարության քաղաքականության վարժանք են անում: ԳԴՀ ՊՆ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Մյունխենում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի ռուսական սադրանքին համալիր միջոցառումներով, սակայն բացառեց միջին հեռահարության արևմտյան հրթիռների տեղակայումը, ինչպես 1980-ականներին: Պատճառն ազնիվ է` ոչ ոք չի ուզում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկի դիմել: Ազնիվ էին և Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի նկատառումները, երբ 1938-ին ուզում էր Եվրոպան փրկել համաշխարհային պատերազմից: Պատմական զուգահեռներից հեշտ էր հրաժարվել, եթե արևմտյան աշխարհը սեփական շահերը պաշտպանելու ցանկության մեջ կասկածի տեղիք չտար: Սակայն այդպես չէ: Դոնալդ Թրամփի համար արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության կողմնակի վնասն է: ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատվիրակություններն ամենամեծն էին համաժողովի պատմության մեջ, բայց ԱՄՆ-ը կենտրոնացել է ինքն իր վրա: Եվրոպայի մեծ տերությունները նույնպես իրենցով են զբաղված: Պատճառները տարբեր են` բրեկզիտ, ֆրանսիացի դեղին ժիլետներ, իտալացի պոպուլիստներ, կատալոնցի անջատողականներ կամ Մերկելի դարաշրջանի ավարտ: Բայց հետևանքները նույնական են: Բոլոր այս երկրները խեղդվում են քաղաքական ստագնացիայից: Եվրոպացիները վկաներն են սեփական անօգնականության ու միջազգային իրավակարգի փլուզման կողմնակի հանդիսատեսը: Իրավիճակը Եվրոպայում միայն մեծ կտավի մի հատվածն է: Եթե առաջ դիվանագետները զբաղվում էին առանձին ճգնաժամերով, ինչպես արաբական գարունը կամ Ուկրաինան, այսօր փլուզվում է փորձարկված ու խնդիրների լուծման իրեն արդարացրած ամբողջ համակարգը: Սպառազինության վերահսկողության համակարգի կոլապսը միայն մեկ ախտանիշ է, դրանից ավելի վատ էր Մյունխենի մոլորվածությունը, որ չէր կողմնորոշվում` ինչպես արձագանքել ստեղծված իրավիճակին:
Էրիկ Գուեր, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Ինքնիշխանության վերահաստատման ժամանակներ են աշխարհում: Ամեն սերունդ անցնում է այդ ճանապարհը, ամեն երկիր` ինքնահաստատումը միջազգային ասպարեզում: Ընդամենը այդքանը, բայց նպատակին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնելու կարգախոսը միջնադարյան ճիզվիտներինն էր, որ ամեն դար պիտի իր միջոցներով հերքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ