Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ելիզավետա երկրորդի սուրբծննդյան խոսքը

Ելիզավետա երկրորդի սուրբծննդյան խոսքը
28.12.2019 | 12:11

Սուրբ ծննդյան ուղերձում Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը հիշեց երկրի ու թագի համար ոչ հեշտ տարին ու տարաձայնությունների հաղթահարման կոչ արեց: 2019-ին բրիտանացիները բանավիճում էին բրեկզիտի մասին և ընտրեցին նոր խորհրդարան ու կառավարութուն, իսկ արքայական ընտանիքում սկանդալներ էին: «Ճանապարհը ոչ միշտ է հեշտ լինում, բայց փոքր քայլերով կարող են վերքերը բուժվել»՝ ասաց թագուհին: Նա հիշեց Հիսուսի կյանքը և հաշտության կարևորությունը: «Հավատով ու հույսով արված փոքր քայլերը կարող են օգնել հաղթահարել հին տարաձայնությունները և խոր հակասությունները, հանգեցնել ներդաշնակության ու ըմբռնումի»՝ ասաց Ելիզավետա երկրորդը: «Հասկանալի է, որ կյանքը ոչ միշտ է հարթ լինում, և այս տարին թվում էր բավականին դժվար, բայց փոքր քայլերը կարող են ամեն ինչ փոխել»: Թագուհին չճշտեց՝ ինչի մասին է խոսքը: Բրիտանիայի թագուհին պետության գլուխն է և հրապարակավ չի մեկնաբանում քաղաքականությունը:


2019-ը Բրիտանիայում բուռն բանավեճերի տարի էր բրեկզիտի հարցով, վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների: Տարին հեշտ չէր և արքայական ընտանիքի համար՝ թագուհու ամուսինը հիվանդ էր, նրա միջնեկ որդին հասարակական քննադատության կենտրոնում էր, իսկ թոռը տաբլոիդների հետ դատավարության մեջ: Ելիզավետա երկրորդն առանձին նշեց Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու 75-ամյակը, որ հունիսին անցկացվեց Պորտսմուտում: Հանդիսությանը ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մի կողմ թողնելով նախկին տարաձայնությունները ու միասին առաջ գնալով՝ մենք տուրք ենք մատուցում ազատությանն ու ժողովրդավարությանը, որին մեկ անգամ հասել ենք մեզ համար թանկ գնով»՝ ասաց Ելիզավետա երկրորդը:
Ուղերձը տեսագրվել է Վինձորի դղյակի կանաչ հյուրասենյակում: Թագուհին կապույտ զգեստով էր ու արքայազն Ալբերտի՝ Վիկտորիա թագուհույն հարսանիքից առաջ 1840-ին ընծայած շափյուղե կրծքազարդով: Սեղանին թագուհու ընտանիքի լուսանկարներն էին՝ հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի, ամուսնու՝ Ֆիլիպի, որդու՝ արքայազն Չարլզի ու նրա կնոջ, արքայազն, Քեմբրիջի հերցոգի և հերցոգուհու նրանց երեք երեխաների:


Հունվարին Էդինբուրգի հերցոգ, արքայազն Ֆիլիպը ավտովթարի ենթարկվեց, նա իր Land Rover-ը վարում էր առանց ամրագոտին կապելու: Արքայազնը ներողություն խնդրեց ու կամավոր հրաժարվեց վարորդական իրավունքից: Հոկտեմբերին Սասեքսի հերցոգն ու հերցոգուհի՝ արքայազն Հարրին ու Մեգանը, տաբլոիդներին մեղադրեցին իրենց դեմ քարոզչության մեջ ու դատի տվեցին Mail on Sunday-ին: Հարրին նույնիսկ հիշեց մորը՝ Դիաննային, որ ավտովթարի զոհ էր դարձել, երբ նրան հետապնդել էին պապարացիները: Աշնանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց թագուհու միջնեկ որդին՝ արքայազն Էնդրյուն, ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնի հետ: Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն հայտարարում էր, որ Էպշտեյնը իրեն Լոնդոն է տարել արքայազն Էնդրյուի հետ հանդիպման համար 2001-ին, երբ ինքը 17 տարեկան էր: Էնդրյուն հերքում է ինտիմ կապը Ջուֆրեի հետ: Արքայազնը պատմել է իրադարձությունների իր վարկածը, որ նրա դեմ հասարակական քննադատության ալիք բարձրացրեց: Նա վար դրեց իր բոլոր հասարակական պարտականությունները, իսկ նրա բարեգործական նախաձեռնությունները զրկվեցին ֆինանսավորումից:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ թագուհու սեղանի լուսանկարները պատմում են արքայական տան տարաձայնությունների մասին՝ նրա սեղանին չկա արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի ու նրանց որդու լուսանկարը: Մեծ Բրիտանիան կատարեց իր մեծ ընտրությունը՝ Համայանքների պալատը ընտրություններից հետո հավանություն տվեց բրեկզիտի համաձայնագրին ու 2020-ն Մեծ Բրիտանիան կմտնի անցումային շրջանում: Նոր ժամանակ է սկսվում, ու թագուհին այդ մասին ոչինչ չի ասել, գուցե այն պատճառով, որ թագուհու ուղերձները հաստատում է կառավարությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ