ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք»

«Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք»
19.03.2022 | 11:48

«Արդարեւ, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, որովհետեւ Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզվի ունկնդիրը, եւ Նա, ով պահում է ամեն ինչ, գիտի, թե ով ինչ է բարբառում:

Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն» (Իմ. Սող. 1; 3, 7, 5):
Մարդկային թշվառությունը իր համընդգրկունությամբ ավելի անսահման է, քան տիեզերքը կամ մարդկային հիմարությունը: Կորստաբեր բամբասանք (կենցաղային, թե քաղաքական), աղքատություն, հիվանդություններ, զրկանքներ ու պատերազմ: Այս ամենի հաղթահարման վայրը մարդկային ուղեղը չէ, հարկավ, այլ սիրտը, որտեղ մարդկային եսն ու կամապաշտությունը հարատև առճակատման մեջ են սիրո ու ճշմարտության հետ:
Թշվառությունը կրկնապատկվում է, երբ չկա այն հաղթահարելու հստակ և որոշակի հույս, ավելի ճիշտ, եթե եղած հույսը որբացած է, անհասցե, մարդու տեսլականում չէ, վարպետորեն սքողված է, անջրպետված, պարսպապատված:


Որոշակի հարմարավետությունների, փափուկ բարձերի և ցանցաճոճերի բացակայության պայմաններում մարդկային թշվառությունը ավելի վառ է արտահայտվում: Փորձությունների` մարդկայնության լակմուսի մեջ ամեն մեկը իր գույնն է ստանում, «տեսքի է գալիս», և պարզորոշ է դառնում մարդ տեսակին պատկանելության փաստի առկայությունը կամ բացակայությունը: Ոմանց համար թշվառությունը ճոխությունների պակասն է, ոմանց համար` մարմնի համար պիտանի ու անհրաժեշտ իրերի սղությունը, ոմանց համար` չքավորների գոյությունն ընդհանրապես: Այնինչ, մարդկային թշվառությունը չափվում է հոգու սնանկության անդունդով. որքան խորն է անդունդը, այնքան ծովածավալ է թշվառությունը:
Թշվառներ կան և՛ ունևորների, և՛ ընչազուրկների մեջ: Չնչին բաներից կառչողների և չնչին բաներ երազողների մեջ: Մեզ Տիեզերքով Հարստացնողին չճանաչողների մեջ: Սեփական մարդ կոչումը չհասկացողների մեջ:


Կանայք սպանում են իրենց օրինական զավակներին և ծնում են ապօրինի զավակներ, տղամարդիկ անտարբեր չեն անցնում կյանքի և ոչ մի հաճույքի կողքով` ոտնակոխ անելով սրբությունը, երիտասարդները հետևում են չար օրինակներին, տարեցները բամբասանքի կծիկից առասպելներ են հյուսում: Բոլորը լցված են կասկածամտությամբ ու նախանձով: Բացասական լիցքերը հարմար օբյեկտ են փնտրում` պարպվելու հույսով: Է՜վրիկա: Ահա՛ այստեղ է մարդկային թշվառությունը: ՈՒրիշի կեղտը շուտ է նկատվում, և ուրիշի աղբից միշտ վատ հոտ է գալիս: Իսկ թշվառությունը այդպես էլ մնում է չնկատված ու չսփոփված:
Որքան կուռքեր ունի մեզնից յուրաքանչյուրը, որքան արգահատելի սովորություններ, մտքեր ու արարքներ, բայց դրանք, չգիտես` որ օրինաչափությամբ կամ հրաշքով, միայն մերն են ու ոչ մեկին չեն առնչվում: Իսկ գուցե մեր սխալ փռշտո՞ցն է ուղղակիորեն անդրադարձել քաղաքական այրերի սխալ որոշումների վրա: Իսկ գուցե մենք ազգովի այդպես էլ չիմացա՞նք, թե ինչ ենք ուզում բախտից, և այդ պատճառով էլ չգիտես, թե ինչ է մեզ բաժին հասնում, բայց, որպես կանոն, միշտ մի բան է, ինչից մենք դժգոհ ենք:


«Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք եւ մի՛ սպանեք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով» (Իմ. Սող.1:12):
Ձեր թշվառությունը միայն ձեր ձեռքերում ու ձեր ձեռքերով կարող է վերափոխվել երջանկության` մերկանալով քմահաճության ու իմաստակության ցնցոտիներից և հագնելով իմաստության ու ողջախոհության պարկեշտ հանդերձը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7450

Մեկնաբանություններ