Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սիրել Աստծուն, նշանակում է` հնազանդվել

Սիրել Աստծուն, նշանակում է` հնազանդվել
30.04.2022 | 10:58

Սերը պարտք է, որ անկարելի է միանվագ հատուցել:

«Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը:


Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց. ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը: Սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը» (Հռոմ.13;7-8,10):
Առանց սիրո ցանացած օրենք անկատար է ու անվավեր: Հարկերն ու մաքսերը կվերանան, երկյուղի պատրվակը կանցնի, պատվի արժանիքը կնսեմանա, բայց, այդուհանդերձ, սերը չի խափանվի, և սիրո պարտքը չի չեղարկվի: Աստված Սեր է: Սուրբ Գրքի վկայությամբ՝ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ: Անսահման Աստծո մեր հանդեպ ունեցած սերն էլ անպարփակ է և անվիճարկելի: Մարդը սահմանափակ և մեղսահակ էակ է: Նա կորցրել է Աստծո պես առանց նախապայման և սրտանց սիրելու կարողությունը, սակայն իսպառ չի զրկվել սիրելու հնարավորությունից` անմարելի պարտքի ձևաչափով: «Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք,-ասում է առաքյալը,-բացի միմյանց սիրելուց»: Վճարեք բոլոր հարկերն ու տուրքերը, հատուցեք պատկառանք ու պատիվ, բայց սիրո պարտքը յուրատիպ է. վճարելիս բազմապատկվում է, բայցև` շատ ջանք չի պահանջում, հոգսի չի վերածվում: Սիրո պարտքը վճարելով է, որ պիտի մնանք պատվիրանապահության մեջ: Սիրելով է, որ պիտի զերծ մնանք դատելու մեղքից, քանզի հայտնի բան է՝ երբեք չեն դատում նրան, ում սիրում են, այլ ամենածանր հանցանքի դեպքում անգամ պատրվակ են փնտրում ներելու համար: Սիրելի մարդը թերություններ չունի, և նրա վիրավորանքները հաճոյախոսության պես են հնչում:

Սիրելիի ամեն քմահաճույքն ու թերացումը հանդուրժում են ամենայն ներողամտությամբ, միայն որպեսզի չբաժանվեն: Սակայն այդպիսի սերը կարող է նաև քողարկված եսասիրություն լինել, միայնակ մնալու վախ: Իրապես սիրող սիրտը ցավում է միայն սիրելիի մեղավոր արարքների համար, որոնք պիտի հանգեցնեն Կյանքից բաժանման ու կորստի: Սերը միակ դեղն է մարդու հոգին կրծող ախտի` հպարտության դեմ: Պետք է սրտի գահից տապալել այդ ամբարտավան ինքնակալին և թափուր գահը վերափոխել ու հարմարեցնել սիրո համար: Հպարտությանը տուրք տալու և սիրելու ու նվիրվելու անկարողության պատճառով ընտանիքները` հազիվ կազմված, քայքայվում են (Ա Կորնթ. 7;2-5, 10-11): Մեղքը բազմապատկվում է ու տարածվում, որովհետև հպարտությունից ու կամապաշտությունից ծնվում են մնացած բոլոր մեղքերը: Մերօրյա մարդը սեփական կյանքը ինքնանպատակ դատարկության վերածելու տարօրինակ մղում ունի: Մարդը փետուրե խաչ է նախընտրում` ինքը ուրիշի ուսին կապարի նման ծանրանալով հանդերձ: Մարդը արդարություն է պահանջում` իր շուրջը անիրավություն ու անարդարություն սփռելով հանդերձ, որովհետև ամբարտավան հոգին չի ճանաչում մեկ ուրիշի իրավունքը և սեփական ցանկությունների անխոչընդոտ իրագործումն է, որ համարում է արդարություն: Աստված Ինքը հպարտ չէ և ոչ էլ քամահրում է մեղավոր մարդուն:


Ամենաբարձրյալ Աստված սնապարծության կարիք չունի: Անսահման սիրելով մարդուն` Նա խոնարհվեց Իր բարձրությունից, և նա, ով հավակնում է ճանաչած լինել Նրան, պետք է առնվազն մեծահոգի լինի:
Աստված սիրում ու փայփայում է Իր արարչությունը, սակայն չի սիրում շատ ծնողների պես: Նա չի զմայլվում մեր մեղքերով և չի պատրաստվում աչք փակել մեր ամբարիշտ ընթացքի վրա. «ՈՒմ սիրում եմ, նրան հանդիմանում եմ ու խրատում» (Հայտ. 3;19): «Որդյա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր Նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում` նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպես որդի» (Առ. 3;11): «Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրեւ որդիների, որովհետեւ եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք եւ ոչ հարազատ որդի» (Եբր. 12; 7-8):
Սիրել Աստծուն, նշանակում է` հնազանդվել, սիրել մարդուն, նշանակում է` ներել: Երկու դեպքում էլ պահանջվում է համբերել, «իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի ապրի» (Մատթ. 10;22):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6301

Մեկնաբանություններ