Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ափսոս, սեզոնը շատ կարճ Է

Ափսոս, սեզոնը շատ կարճ Է
13.07.2025 | 20:07

Էն, որ հեռուստացույցով ցույց են տալիս, թե ոնց ա արջը մոտենում թփին, դունչը երկարացնում ու սկսում հատապտուղ ուտել, էդ պահերին նե՜նց եմ նախանձում արջին։ Պատկերացնում եմ, թե ոնց ա շրթունքներով պոկում, լեզվի ծայրին զգում էդ քաղցրաթթվաշ համը, որից բերանը ջրով ա լցվում, ու հետո լեզվով սեղմում ա քիմքին, քանի որ էդ մանր պտուղները ծամել չի լինի արջային խոշոր ժանիքներով, ու դուրս ծորող հյութից արջային երանություն ա ապրում։ Ախր, էդ հատապտուղը շատ ուրիշ ա, է՜, ամեն մեկն իր ուրույն անկրկնելի համն ունի։ Հատապտուղների անուններն անգամ տալիս բերանդ ջուր ա լցվում՝ մոռ, մոշ, հաղարջ, մորի, հապալաս, լոռամրգի․․․

Մրգերի համը կոնկրետ ա, առօրյա, իսկ հատապտուղներինը՝ մի տեսակ, կարծես լրիվ չես զգում, ինչ-որ բան մնում ա օդի մեջ, էլի ես ուզում ուտես, որ հասկանաս։ Հատապտղի համը տոն ա, իսկական տոն։ Եթե արվեստագետի աչքերով նայենք, մրգերն ակադեմիական կտավներն են՝ ամեն ինչ տեղը-տեղին, լրիվ, հասկանալի, իսկ հատապտուղներն իմպրեսիոնիստներինը՝ իրենց եթերայնությամբ, զգացմունքայնությամբ։

Ամեն մարդու կյանքում գալիս ա մի օր, երբ նա իր կյանքի ամենաուժեղ հատապտղային ցնցումն ա ապրում։ Դա էն ժամանակ ա լինում, երբ ինչ-որ տեղից լսում կամ կարդում ա, որ ձմերուկն էլ ա հատապտուղ։ Հսկայական ձմերուկը․․․ ու հատապտուղ։ Ակամա միտդ ա գալիս հայտնի արտահայտությունը՝ երեխան բութ էր ու շատակեր։ Չէ, ես ձմերուկի դեմ բան չունեմ, շատ եմ սիրում, սեզոնին ամեն օր առնում եմ։ Էն ճռճռան շոգին սառնարանից հանում ես մի քանի կաթսայի տեղ զգաղացնող ձմերուկը, դանակը խրում ես մեջը, ու ձմերուկը ճռթալով ճաքում ա։ Հետո կտրում ես ու խրվում մեջը։ Ձմերուկի քաղցր, սրսուռ սառնությունն ատամներիդ տակ անմահական հյութ ա դառնում, ծարավը կտրում ա, շոգը կտրում ա․․․ Բայց, ախր, էդ գոնչոն ի՞նչ կապ ունի մոշի կամ մորու հետ։ Էդ նույնն ա, ինչ ճապոնացի սումոիստը մանկապարտեզի երեխեքի հետ պախկվոցի խաղա։ Չէ, ձմերուկի շրջապատը դդումն ա, սեխը, անանասը։

Իսկ մոռը, մոշը, հաղարջը, հապալասը հիմա զբաղեցրել են բոլոր բանջարեղենային խանութների ու շուկաների առաջին հորիզոնականը՝ փոքր դույլերի մեջ լցրած ծախում են, ա՛ռ ու վայելի՛։ Էս ժամանակ ես միշտ արջից մուռս հանում եմ։ Նա հատ-հատ ա պոկում ուտում, իսկ ես բռով վերցնում եմ ու լցնում բերանս։ Դե, թող հիմա էլ ինքը նախանձի։ Մենակ, ափսոս, սեզոնը շատ կարճ ա, պետք ա հասցնել ամբողջ տարվա համար ուտել, մինչև մյուս տարի սեզոնը նորից բացվի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ