ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               

Իռացիոնալ ցանկություններ՝ հետտոնական օրերին

Իռացիոնալ ցանկություններ՝  հետտոնական օրերին
09.01.2025 | 09:47

Ցավոք, Ալիևը դարձավ մեր հասարակության լավագույն ուսուցիչը վերջին տարիներին։ Եթե Հայաստանը գրավելու իր տենչն էլ չլիներ, մենք կվերածվեինք «Ղարաբաղը տվինք, հիմա հանգիստ կապրենք» փիլիսոփայությունը դավանող անինքնասեր զանգվածի իշխող թագավորությանը։

Բայց, Նոր տարվա «բուդը» չմարսած, Ալիևն ասաց՝ բարև ձեզ։

Ու տպավորություն է, թե ուրախանում եմ նման հայտարարություններից, բայց բնավ այդպես չէ, ես ուրախանում եմ նրանից, որ Ադրբեջանը պարբերաբար բացում է մեր «կույր» հասարակության աչքերը, և նրանք տեսնում են այն, ինչ կա, տեսնում են այն, ինչը մենք չենք կարողանում ցույց տալ, իսկ իրենց մոտ ստացվում է հիանալի։

Սա լավ առիթ է, որ մի քիչ վերլուծեք, ևս մեկ անգամ կշռադատեք ձեր հայացքները։ Ի դեպ, դրանք կարող են փոխվել, դուք քաղաքագետ չեք, և ոչինչ, որ ձեր հայտնած մտքերը փոխվեն, կարիք չկա գերի մնալ սխալ կարծիքներին, ինչ է, թե մի քանի տեղ ասել եք այդպես։

Ժամանակն է նաև հասկանալ՝ փոխու՞մ եք ձեր սիրելի քաղաքագետների անունները, թե ոչ։ Հետ նայել, հասկանալ՝ իրենց մեկ-երկու տարի առաջվա ասածները համապատասխանու՞մ են այս իրավիճակին, թե ոչ։

Ինչու՞ են ինձ համար կարևոր այս դժվար պահին այս թվացյալ մանրուքները։

Որովհետև սա մանրուք չէ, սա մեր հասարակության ինքնակրթության հիմնասյուներից մեկն է։ Մենք պետք է սովորենք չտրվել քաղաքական մանիպուլյացիաների, որոնց տարբեր ձևերով ենթարկվում ենք ամեն ամիս։ Փաշինյանի ձվածեղից մինչև Ալիևի հայտարարություն, արևմտամետ վերլուծաբաններից մինչև ռուսամետ վերլուծաբաններ։ Որ կարողացանք դա անել, խաղը փոխվում է, հասկանու՞մ եք։ Երբ խաղը չի վաճառվում, ստիպված են ավելի լավ խաղ հորինել։ Որ խաղը փոխվեց, որակապես ստիպված կլինեն փոխվել նաև լրատվականները, քաղաքագետների վերլուծությունները և այլն։ Ու շղթայաձև կփոխվեն մինչև անգամ ձվածեղն ու Ալիևի սադրիչ կոչերը։ Ուղղակի պիտի ճիգ գործադրենք՝ ինքներս մի քիչ աճելու, մի քիչ հետևողական լինելու, մի քիչ քննական միտք ձևավորելու և սեփական սխալները երբեմն ընդունելու։ Մի քիչ ավել կարդալու։ Համաձայն եք, չէ՞, որ հանուն ընդհանուր բարօրության արժի, մի քանի անկապ վիդեոների փոխարեն, օրվա մեջ 20 րոպե մի քանի լուրջ հոդված կարդալ։ Սկզբում է դժվար, հետո ավանդույթ է դառնում։

Այ այսպիսի տարօրինակ, իռացիոնալ ցանկություններ՝ հետտոնական օրերին և սպառնալիքների ներքո։

Բարձրանանք՝ բարձրացնենք:

Ուրիշ ելք չկա։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ