ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անսպասելիության էֆեկտ

Անսպասելիության էֆեկտ
01.04.2014 | 00:58

Միշտ է այսպես եղել, սակայն Ջրհոսի ժամանակահատվածում ահավոր անխոհեմություն, շատ մեծ շռայլություն կլինի Քեսաբի «քայլող քարավանի» շարասյան մեջ չտեսնել բուն ազդանշանը, որը տիեզերքը հղում է մեզ այս փուլում: Կարծել, թե այդ ազդակը կզգան քաղաքական գործիչները, ծիծաղելի է անսահման, բայց հաստատ կգտնվեն քուրմեր, որ կտրանսֆորմացնեն ցավի այդ գոտին` պատմական հիշողության համադրմամբ, առարկայական դարձնելով ազգի ընդերքում առկա դիմակայության անհրաժեշտ ֆոնը: Մնում է «այլք» ունկնդիր-ակնդիր լինեն ժողովրդի ու հայրենիքի առջև ծառացող նոր մարտահրավերների ազդակներին ու մի պահ մոռանան իրենց ամբիցիաները` ճակատագրական այս պահին մեկտեղվելու համար:
Կմեկտեղվե՞ն: Լավ: Չե՞ն մեկտեղվի: Կկորցնեն այս վերջին՝ քսանինը հազար քառակուսին էլ:
Ի՞նչ կատարվեց այս օրերին: Քեսաբն ասինք ու դեռ կասվի: Հաջորդիվ. ՄԱԿ-ում Հայաստանը կրկին կանգնեց Ռուսաստանի կողքին` չնայած ԱԳՆ արտահոսքին, թե ձեռնպահ ենք քվեարկելու:
Պատճառն էլ անչափ տրիվիալ էր` չի կարող Հայաստանը գտնվել անվտանգության մեկ համակարգում, սակայն իր քայլերն անել մեկ այլ համակարգի օգտին: Ապա և` ազգերի ինքնորոշման թեզը Հայաստանի համար միշտ է եղել գերակա: ՈՒստի հնարավոր չէր Ադրբեջանի հետ, որը ՄԱԿ-ում քվեարկել էր տարածքային ամբողջականության օգտին, նույն դաշտում գտնվել: Էլ չենք ասում, որ հերթական անգամ ադրբեջանական զորքերի տեղաշարժ էր արձանագրվել սահմանների մոտ: Ավելին` փորձագետները վերջին շրջանում ամենևին չեն բացառում, որ Ադրբեջանը հնարավոր է և օգտվի ստեղծված իրավիճակից և Ղարաբաղում բլիցկրիգի գնա: Հայաստանը պետք է ելներ իր ռազմավարական շահերից, ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքից:
Ներքաղաքական «գետնին» վրա նույնպես հանգիստ չէր: «Կուտակայինով» ընդդեմ իշխանությունների` հիմնական խաղացողները մտածում էին, որ Հայաստանը կքվեարկի ձեռնպահ, ինչն էլ կօգնի իրականացնելու իրենց ծրագրերը` իշխանափոխության հասնելու համար:
Իշխանությունը, ինչպես միշտ, օդում թողեց այդ «ծրագրերը»:
Կիրառեց սկզբունքը, որը կոչվում է անսպասելիության էֆեկտ, որով էլ սանձեց այս օրերին Դուբայում գրոհի համար հավաքված «ընկերախմբին» (Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան), որը, մի կողմից, պետք է պահեր Ռուսաստանի թասիբը` «ձեռնպահ» քվեարկող Հայաստանում, մյուս կողմից` ի վերջո Տիգրան Սարգսյանին «իջեցներ» վարչապետական չարաբաստիկ աթոռից ու արագ նստեր վրան, որ մայիսին ոչ թե Սարգսյանները, այլ այլք ստորագրեն Ռուսաստան Մաքսային միության «ճանապարհային քարտեզը»:
Սերժ Սարգսյանն իրեն հատուկ մարտավարությամբ «շախ» հայտարարեց գարնան կեսին երևանյան ձյունից տաք անապատ` Դուբայ, փախածներին ու նույնքան արագ էլ «մատ» արեց նրանց: Հաջորդ օրն էլ Տիգրան Սարգսյանը Մաքսային միության խնդրով լուրջ տնտեսական ֆորում անցկացրեց` մեկ դյուժին ռուսական կարևոր էմիսարների մասնակցությամբ: Դա քիչ էր, հետն էլ այդ ֆորումում հնչեց Դմիտրի Անատոլիչի ուղերձը` ուղղված վարչապետին ու յուր ֆորումին, ինչը, ի դեպ, Մեդվեդևը ոչ այնքան այդ, որքան Դուբայի «դահլիճի» համար էր արել: Ի դեպ, ֆորումի շարունակությունն էլ ավելի զգլխիչ էր. էմիսարները հայտարարեցին, թե ՄՄ-ում առանցքային ինստիտուտները կղեկավարեն այն երկրները, որոնցում այդ ինստիտուտները շենշող ձևով կայացած են։ Նաև փաստել էին, թե Հայաստանում կայացած է բանկային համակարգը, որ շինել է վարպետ Օհանը, ի դեմս Տիգրան Սարգսյանի:
Քեսաբի, երկրի համար այս ծանր օրերին արաբական արևոտ անապատներում ապաստանած սույն «հայրենասերներին» մնում էր երկրի վիճակը ծանրացնել սրտներին ու… Վահան Բաբայանի անունից ասել, որ մեկ է` բարիկադներ են կառուցելու, կանգնեն վրան, ցնցումներ անեն, եթե վարչապետը չփոխվի: Պայթեցնելու են Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը գնա սահմանադրական փոփոխությունների (սրանք հասկանում են, որ այս հարցում Սերժ Սարգսյանի ձեռքերին Ռուսաստանն ազատություն կտա):
Մնում է՝ Աստված կամենա, որ իրենք ցնցեն ու պայթեցնեն Հայաստանը:
Խորհուրդ մարդկանց` կամք Աստծո:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ