Մենք այս ջրերում էլ չենք նավարկի.
թևաբեկված են լաստերը բոլոր,
ուր-որ է քամու հոսքը կավարտվի,
ճայը կփնտրի ափերը մոլոր:
Իսկ փարոսները էլ չեն պեծկլտա,
խամրել է գույնը մերկ կրակների,
ո՞վ է արտասվում, ո՞վ պիտի խնդա,
ո՞վ թիրախներին պիտի կրակի:
Մեր հիշողության առագաստներին
արձագանքներ են քամիները հեզ,
մեր թևաբեկված կապույտ լաստերից
ջրասույզ եղանք խամ լողորդի պես:
Հիմա փարոսի առկայծումներում
լողում է ջրում խորտակված մի իղձ,
ջուրը մեղմորեն տանում է, բերում,
բայց ափ է հանում դեղին մի կսկիծ:
Մենք այս ջրերում էլ չենք նավարկի.
թևաբեկված են լաստերը բոլոր,
ուր-որ է քամու հոսքը կավարտվի,
ճայը չի գտնի ափերը մոլոր:
Նորայր Գրիգորյան