Մեր բոլոր ազգային հատկություններն այսօր, նույն հատկություններն ունեցող մեր փառապանծ «գործիչների» կողմից, ոչ թե անալիզի աղբյուր են, այլ դրանց մի մասի համար ինքնախարազնման առատ նյութ, իսկ մյուս մասի համար էլ՝ թեթևամիտ պարծենկոտության համար առիթների շարք։
Այնինչ, մեր հետագա ընթացքը պարզելու համար, մեզ ոչ ինքնախարազանումնժ է պետք և ոչ էլ դատարկամիտ պարծենկոտություն, այլ այդ հատկությունների անալիզը, իրենց ծագումով, դինամիկայով ու այսօրվա վիճակով և ինչպես ծառայեցնել դա որպես տրամպլին կամ հարթակ, մեր կյանքի հարատևումն ու շարունակականությունը տվյալ պայմաններում լավագույնս ապահովելու համար։
Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ, լավ կամ վատ, մեր բոլոր հատկությունները ծանր պատմության ու մեր գլխով անցածի անմիջական հետևանքն են։
Այս հարցում շատ կարևոր է ուսումնասիրել մեր հոգեբանական պատկերի դինամիկան, սկսած այն ժամանակներից, երբ մեր մասին կան հավաստի տեղեկություններ։
Եթե այս հարցում շատ մութ անցյալը թողնենք մի կողմ, ապա Արտաշեսյանների ժամանակներում ունենալով նվաճողի հոգեբանություն և Տիգրան Մեծի օրոք ընկնելով Հռոմի հարվածների տակ, մենք ապրեցինք հոգեբանական նահանջ և դրանից հետո, որոշ կարճատև բացառություններով, մենք ունեցել ենք պարտվողի հոգեբանություն նույնիսկ Բագրատունյաց և Արծրունյաց կարճ վերելքի ժամանակ։
Դրանից առաջ ու հետո էլ, Արաբական Խալիֆաթի ու Բյուզանդիայի հարվածների հետևանքով ու մեր անմիաբանության պատճառով լրիվ թուլացած, ընկանք թուրքացեղերի ու մոնղոլների լծի տակ և դրանից հետո էլ, հարյուրամյակներ շարունակ, մնացինք թուրքերի կործանարար իշխանության ներքո։
Դրա ընթացքում էլ, գոյաբանական անթափանց խավարի մեջ միակ լուսավոր շողը մեր հաջողությունն էր միջազգային տարանցիկ առևտրում, որն էլ, կապիտալիզմի զարգացման և ծովային հայտնագործություններից հետո կորցրեց իր նշանակությունը։
Դրանից բացի, անընդհատ բախվելով թուրքերի վայրագ բնույթի ու նրանց անողոք իշխանության հետ և այդ պայքարում կորցնելով մեր ըմբոստության վերջին մնացորդները, մենք ընկանք խեղճության ծովը, որի պայմաններում ապրելը հնարավոր էր միայն լինելով օգտակար ու հնազանդ հպատակ և, մեկ էլ, հաճախ գտնվելով թալանի ու մահացու վտանգի պայմաններում, ձեռք բերելով կրիտիկական պայմաններում արագ կողմնորոշվելու եզակի հատկություն։
Երկար ժամանակ գտնվելով նման պայմաններում և հեռու լինելով պետական ու հասարակական կյանքից, մենք կորցրինք նաև բարձր մակարդակի կյանքի համար անհրաժեշտ ամենակարևոր հատկությունը, այն է՝ ընդհանուր նպատակի համար համագործակցելը միմյանց հետ։
Եվ այդ պատճառով էլ, վտանգի պահին միավորվելու և թշնամուն կազմակերված հակահարված տալու փոխարեն, մենք գերադասեցինք միայնակ, ընտանիքի հետ միասին կամ փոքր խմբով փրկվելու մարտավարությունը, լինի դա կաշառք տալը կամ էլ թաքնվելով ու փախչելով, հավանաբար փրկվելը։
Մեր հոգեբանական խեղճությունն արտացոլող նման հատկությունների իներցիան շատ մեծ է, և մենք այսօր էլ նույնն ենք, այդ թվում նաև նույնն է մեր ապիկար իշխանությունների շարքը, մեկը մյուսից մի քիչ լավ կամ վատ։
Եվ մեր անկախ կյանքի ընթացքի ամենաբնորոշ գիծը, որը մեզ տանում է մի կորստից դեպի մի այլ կորուստ, դա ստրատեգիական մտածողության համարյա լրիվ բացակայությունն է և այդ բացը լրացնելու հիմնական միջոցները մերժելը, ներառյալ՝ ստրատեգիական մտքի աղբյուր կրթական համակարգի փլուզումը։
Անկասկած է նաև, որ նպատակային ձևով և գիտությամբ զինված, մենք կարող ենք հասնել հաջողության, եթե կարողանանք օբյեկտիվորեն գնահատել մեր վիճակն ու մեր ունեցած հատկություններով ուրիշների հետ պայքարում մրցունակ դառնալը, ներառյալ՝ կառավարման ոլորտի համար արագ ու էֆեկտիվ որոշում կայացնելու մեր հատկությունը։
Մտածել է պետք, որն էլ առանց պրոֆեսիոնալ ձևով մտածող մարդկանց անհնարին բան է, քանի որ, առ այսօր, որևէ մեկը տգետների միջոցով որևէ լուրջ արդյունքի չի հասել։
Պավել Բարսեղյան