Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Ֆեյսբուքյան սովորական առօրյա

Ֆեյսբուքյան սովորական առօրյա
07.02.2026 | 18:27

Վարդգեսը բալկոնում նստած սուրճ էր խմում, մեկ էլ բարձր փռշտաց։ Էդ պահին դիմացի շենքի էլեկտրիկը, որ եկել էր հաշվիչները փոխելու, շենքի լույսերն անջատեց, որ սկսի փոխել հաշվիչները։ Սաթիկը, որ բալկոնում շոր էր փռում, շորերը թողեց, ափալ-թափալ ներս գնաց ու Ֆեյսբուքում ստատուս գրեց. «Ժողովու՜րդ, մեր դիմացի շենքի հարևանը նենց փռշտաց, որ մեր շենքի լույսերն անջատվեցին»։ Մի կես ժամում նրա ստատուսը վաթսուն հոգի տարածեց։

Գլենդելցի Թաթուլը, որ նոր էր հաց կերել ու ոչ մի կերպ չէր հասկանում, թե ոնց շարունակի օրը մինչև քնելը, հեռախոսը ձեռն առավ, ցուցամատի ալարկոտ շարժումով առաջ տվեց Ֆեյսբուքի լրահոսը, ու Սաթիկի ստատուսն աչքովն ընկավ։ Որոշեց մեկնաբանել արտակարգ դեպքն ու գրեց իր պատին. «Երևանում քողարկված ահաբեկչություն ա եղել։ Իբր «անմեղ» փռշտոցից՝ դիմացի շենքում հրդեհ ա բռնկվել»։ Տասնհինգ րոպեում նրա ստատուսը մոտ երկու հարյուր հոգի տարածեց։

«Մեր ձվերը» քաղաքական կուսակցության անդամ քար գցող Վարազդատը տեսավ նրա գրածն ու անմիջապես գրեց իր էջում. «Թշնամին արդեն Երևանում ա։ Բնակելի շենք են պայթացրել, կան զոհեր։» Շատ չանցած լրատվամիջոցները գրեցին. «Փռշտոցով քողարկված գազի պայթյունից բնակելի շենքն ամբողջովին փլվել է։ Զոհերի մասին լրացուցիչ կհայտնենք։»

Էլեկտրիկը գործն ավարտեց, շենքի լույսերը միացրեց ու դուրս եկավ, որ տուն գնա։ Հետաքրքրությամբ նայեց արագորեն շենքը շրջապատող հրշեջ մեքենաներին, շտապ օգնության մեքենաներին, փրկարարներին։

- Էս ի՞նչ ա պատահել,- հարցրեց հավաքված մարդկանցից մեկին։

- Շենքը պայթացրել են, ասում են՝ ոչ ոք կենդանի չի մնացել։

- Ո՞ր շենքը։

- է՛ս։

Էլեկտրիկը տարակուսած նայեց շենքին, որտեղից հենց նոր դուրս էր եկել, հետո ծխախոտ վառեց ու քայլեց դեպի ավտոբուսի կանգառ։ Նա ժամանակ չուներ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4685

Մեկնաբանություններ