Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Անցյալի ստվերները՝ ներկայի շեմին. 3

Անցյալի ստվերները՝ ներկայի շեմին. 3
09.08.2026 | 14:45

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Շահխաթունուց մինչև վարչաբենդ)

1936 թվականի հուլիսյան ողբերգությունից հետո Եղիշե Չարենցը հյուսեց իր աղերսակոծ ու գաղտնագրված «Դոֆինը նաիրական» սոնետաշարը՝ այն վերածելով պատմափիլիսոփայական հզոր հուշարձանի։

Շարքի առաջին իսկ սոնետում Չարենցը տալիս է ամբողջ ողբերգության գեղարվեստական ու գաղափարական բանալին․

Նա պառկած էր նախկին սեղանատան միգում,

Հին սեղանի վրա, երկայնքն ի վար դրած,

Ւր դագաղում դեղին , – և ճակատին նրա

Քստմնելի՝ հանգչում էր ծաղիկների մի կույտ։

Մագաղաթի նման ողորկ, ապակեգույն`

Կարծես մաքրել էր մի անագորույն կրակ`

Պսպղում էր դեմքի ալեբա՛ստրը բարակ,–

Եվ ո՛չ մի խոհ դեմքին, իբրև պատգամ Հոգու։

Ո՛չ մի խորհուրդ, ավա՜ղ, կամ մտորում չնչին.

Բիլ ապակուց ձուլած բարակ մատնե՛րն անգամ`

Անկամ՝ կառչե՜լ էին մոռացության տենչին։

Մի՞թե «դոֆինն» էր այդ, – վերջին նաիրական,

Արքայա՛զնը, ննջած դափնիների ներքո,

Արնաշաղա՜խ քաղած իր սեփական ձեռքով։

Չարենցը բախվում է դաժան իրականությանը․ դագաղում պառկած «ալեբաստրե» անշունչ մարմինն ընդդեմ ազգային-քաղաքական անմահ առասպելի։ «Նախկին սեղանատան միգում» դրված դեղին դագաղն ու ճակատին դրված «քստմնելի» ծաղիկների կույտը բոլշևիկյան վարչակարգի պարտադրած սուտն ու կեղծիքն են։ Խանջյանին կոչելով «Դոֆին» (արքայազն, գահաժառանգ) և «Վերջին նաիրական»՝ Չարենցը նրա մեջ տեսնում էր հայոց պետականության ու ազգային իդեալի վերջին կրողին։

Իսկ սոնետի եզրափակիչ տողը՝ «Արնաշաղա՜խ քաղած իր սեփական ձեռքով», Չարենցի մեծագույն գաղտնագիրն է․ Խանջյանն «իր ձեռքով» քաղեց արնաշաղախ դափնիները (սպանվեց), որովհետև հրաժարվեց դառնալ դահիճ։ Նա իր բարոյական կեցվածքով ստորագրեց իր մահվան դատավճիռը, երբ Անդրերկրկոմի նիստում, ի պատասխան մտավորականությանն ու զինակիցներին գնդակահարելու Բերիայի պահանջին, ընդվզեց․ «Նրանք իմ զինակիցներն են․․․ ես այդ չեմ կարող անել։ Ո՛չ, չեմ անի»։

Այսօր, երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ նույն նեոբոլշևիկյան ձեռագիրն ու «Շամիրամի» կամակատարները դարձյալ թիրախավորում են մեր «դոֆիններին»․ Արցախի հանձնումից հետո այժմ էլ ականատես ենք Մայր Աթոռի, Սուրբ Եկեղեցու ու հայոց հոգևոր-ազգային ողնաշարի դեմ սանձազերծված անհոգի արշավին, դատարանի դահլիճում Վեհափառ Հայրապետին տեսնելու սրբապիղծ փորձերին։

30-ականներին Խանջյանի, Չարենցի, Սաղյանի ու Միրզա-Ավագյանի պես նվիրյալներին ոչնչացրին, բայց ժողովուրդն իր հոգում պահեց նրանց հիշատակը՝ Խանջյանի գերեզմանը վերածելով ուխտատեղիի։

Այսօրվա վարչախմբի քարոզած «քիրվայությունն» ու ազգային արժեքների ոտնահարումն անխուսափելիորեն տանելու են նույն պատմական ու բարոյական կործանմանը։

Զրույցի այս եզրափակիչ հատվածում Խանջյանների ընտանիքի հիշողությամբ վերականգնվում են 1930-ականների ամենամութ ու դրամատիկ էջերը․ Բերիայի կազմակերպած ձախողված մահափորձը, Թիֆլիսում հնչած խորհրդավոր կրակոցը, «ինքնասպանության» շինծու վարկածը մերժած ու դրա համար տանջամահ արված ազնիվ բժիշկների ճակատագիրը և Աղասու հոր՝ Ղևոնդ էֆենդու անվախ դամբանականը բոլշևիկյան դահիճների աչքերի մեջ։

Ընթերցողի դատին եմ հանձնում 1996 թ․ հուլիսի 13-ի իմ հրապարակման 3-րդ՝ եզրափակիչ մասը։

«Եվ ինչու՞ կյանքը զոհաբերեց կարմիր ոչնչությանը՝ բոլշևիզմին»

ՄԱՀԱՓՈՐՁ ԱՂԱՍՈՒ ԴԵՄ

(Փաստերը քաղված են երաժշտաստեղծ Ծովակ Համբարձումյանի անձնական արխիվից)

Թբիլիսիի մերձակայքում գտնվող գեղատեսիլ բնակավայրերից մեկի մի անկյունում Բերիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դաշտահանդես: Մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կոմկուսների քարտուղարները: Հիասքանչ այդ անկյունը տանող խճուղու մի հատված վնասված էր: Տեղադրված էր վահանակ՝ նախազգուշացնող մակագրությամբ. «Դանդաղ ընթացք: Վտանգավոր է»:

Երբ ավարտվել էր խնջույքը, և պատրաստվում էին ուղևորվել Թբիլիսի, Բերիան «անմեղ» ժպիտով դիմեց Խանջյանին․

- Արի փորձենք, թե ում մեքենան է ավելի լավը,- և փոխանակեցին ավտոմեքենաները:

Աղասի Խանջյանը նստեց Բերիայի վարորդի կողքին, իսկ Վրաստանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Խաչիկևիչը տեղավորվեց հետնամասում: Ավտոմեքենաների շարասյունն ուղևորվեց Թբիլիսի: Ճանապարհին Բերիայի անձնական ավտոմեքենան, որում նստած էր Խանջյանը, «խափանվեց» ու հետ ընկավ շարասյունից:

- Թոքերիցս մեկը կարգին չէ,- Խաչիկևիչին դժգոհեց Խանջյանը,- վարորդի կողքին էլ միջանցիկ քամի է:

Երբ «անսարքությունը» շտկվեց, Խանջյանն ու Խաչիկևիչը փոխեցին տեղերն ու առաջ սլացան: Խճուղու վնասված տեղամասում սպասող դիմակավորված անձինք կրակեցին վարորդի կողքին նստածի վրա: Խանջյանի փոխարեն, ճակատագրի կամոք, սպանվեց Խաչիկևիչը:

«Զայրացած» Բերիան այդ բնակավայրից հավաքեց մի խումբ տղամարդկանց (թվով 15 մարդ) ու գնդակահարեց:

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Անձրևը լվաց Խանջյանի դեմ կազմակերպված մահափորձի բոլոր հետքերը: Բերիան սկսեց աշխատել նոր սցենարի վրա:

Լավրենտի Պավլովիչը, իհարկե, միայնակ չէր․ Հայաստանում նա ուներ և՛ աչքեր, և՛ ականջներ: Խանջյանի ամեն քայլին ու խոսքին հետևում էին Բերիայի հայ «գործիքները»:

1936 թ. հուլիսի 9: Անդրերկրկոմի նիստ։

Բերիան խոսեց Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին, նշեց, թե հայտնաբերվել են դավաճաններ, և շատ անսպասելի սկսեց մեղադրել Խանջյանին «զգաստությունը կորցնելու», Ներսիկ Ստեփանյանին վերաբերող «ահազանգն» արհամարհելու ու անհետևանք թողնելու համար:

ՈՒրեմն Աղասին Ներսիկի համախոհն է, եթե կարծում է, թե յուրաքանչյուրն իրավասու է ունենալ ուրույն, անկախ կարծիք կուսակցությանը վերաբերող հարցերի մասին: Իսկ հետո ասպարեզ նետվեց հայ անվանի գործիչների, գիտնականների ու արվեստագետների մի երկար ցուցակ, ուր հիշատակվածներն անհապաղ պիտի ձերբակալվեին ու գնդակահարվեին որպես դավաճաններ ու ժողովրդի թշնամիներ:

- Անհնա՛ր է,- բորբոքվեց Խանջյանը,- նրանք իմ զինակիցներն են:- Եվ բոլորի համար անսպասելի արտաբերեց,- ես այդ չեմ կարող անել: Ո՛չ, չեմ անի։

Նա այդպես էլ չիմացավ, որ նման բառերով ստորագրեց Բերիայի կայացրած «դատավճիռը»՝ իր իսկ սպանությունը:

Ամեն ինչ ավարտվեց խորհրդավոր կրակոցով: Արձանագրեցին ինքնասպանություն: Առաջադրված վարկածը որպես ճշմարտություն ներկայացնելու նպատակով որոշեցին կորզել պրոֆեսոր Միրզա-Ավագյանի և բժիշկ Գրիգոր Սաղյանի ստորագրությունները: Բայց...

- Գնդակի մուտքը ձախ կողմից է,- հակառակվել էր Սաղյանը,- իսկ Աղասին ձախլիկ չէր։

- Սա ինքնասպանություն չէ,- պնդել էր Միրզա-Ավագյանը։- Աղասին առնվազն 2,5 մետր երկարությամբ ձեռք պետք է ունենար նման կրակոցի համար:

Սաղյան-Միրզա-Ավագյան «հրաժարականի» արդյունքը եղավ այն, որ 1937-ի սկզբներին երկուսին էլ ձերբակալեցին ու տանջամահ արեցին: Անասելի տառապանքներ կրեցին նաև Սաղյան ու Միրզա-Ավագյան գերդաստանները:

«ՏԵՍՆԵՍ Ո՞Վ Է ՄԱՀԱՑԵԼ»

Շարունակում ենք զրույցը Խանջյանի քրոջ դստեր հետ:

- Տիկի՛ն Լարիսա, հիշո՞ւմ եք այն պահը, երբ իմացաք Խանջյանի մահվան գույժը:

- Հիանալի: Տատիկիս հետ դուրս էինք եկել քաղաք, եթե չեմ սխալվում, հուլիսի 10-ն էր: Ամենուր սև դրոշներ էին, լարված դեմքեր, հուզված խմբեր: «Տեսնես ո՞վ է մահացել»,- ասաց տատիկս: Առանց որևէ բան ճշտելու տուն վերադարձանք:

- Փաստորեն, ողջ քաղաքն իրարանցման մեջ էր, իսկ դո՞ւք․․․

- Կատարվածից անտեղյակ: Որովհետև քեռուս՝ Երևան վերադարձած թիկնապահը՝ Վանյա Սանոյանը, մեզ այցելեց շատ ուշ՝ հուլիսի 10-ի երեկոյան: Նա գունատ էր, անհանգիստ: Կատարվածը թաքուն հայտնեց Ղևոնդ էֆենդուն: Տատիկս ինչ-որ բան կռահեց: «Թոքային արյունահոսություն է ունեցել, ծանր է»,- նրան հանգստացրեց Սանոյանը, բայց ձայնը դողում էր: Տատիկս չհավատաց: Լավ եմ հիշում այդ պատկերը․ ճչաց, խփեց ծնկներին. «Տունս քանդվեց, Աղասուն սպանեցին»,- և ընկավ ուշաթափ։ Ճիշտ է, 12 տարեկան էի, բայց ամեն ինչ այնքան վառ է տպավորվել հիշողությանս մեջ: Պապիկիս սիրտը վատացավ: Անմիջապես կանչեցին Գրիգոր Սաղյանին: Աղասու և մեր ընտանիքի բժիշկն էր: Սարսափելի, դաժան տեսարան էր: Հուզվում եմ անգամ այսօր՝ 60 տարի անց:

- Ժողովուրդը հավատա՞ց Խանջյանի «ինքնասպանությանը»:

- Ոչ ոք չէր հավատում: Մինչ օրս ականջներիս մեջ են «Սրիկա վրացին սպանեց Աղասուն», «Չորսաչքանի շունը սպանեց մեր Խանջյանին» արտահայտությունները: Շատերը նման բառերի համար բանտ նստեցին, աքսոր գնացին ու այլևս չվերադարձան:

Այդ օրվանից սկիզբ առավ սպանության երկու վարկած․ Բերիան Խանջյանին սպանել է հենց իր աշխատասենյակում, դին թաքուն տեղափոխել են Աղասու բնակարան, իսկ Վանյա Սանոյանին հրամայել են լռել: Կար նաև երկրորդ վարկածը․ Բերիան ծպտված եկել է Խանջյանի բնակարան ու կրակել նրա քունքին:

Պատմում էին անգամ, թե Խանջյանի տան դիմաց նկատել են մեքենան նստող Բերիային: Միայն վարկածներ, որ ծածկված են տասնամյակների գաղտնիքով, ու հավանաբար երբեք էլ ստույգ չենք իմանա, թե ինչ է եղել իրականում: Բայց որ Խանջյանի մահն ինքնասպանություն չէր, ոչ ոք չի կասկածում:

1936-ի հուլիսի 9-ին արձակված առեղծվածային գնդակը հրապարակ նետեց նաև երկու գրություն: Մեկն՝ ուղղված կնոջը․ «Ռոզա՛, ես մեկնում եմ: Հավանաբար չեմ վերադառնա: Սփոփիր ծնողներիս: Ես ստիպված էի այդպես վարվել»:

Իսկ երկրորդն ուղղված էր ընկերներին․ «Համբերության բաժակը լցված է։ Ես խճճվել եմ։ Էլ չեմ կարող այսպես հանդուրժել։ Մտերիմներիս էլ չեմ կարող դավաճանել։ Ես հեռանում եմ, որովհետև այսպես անհնար է»։

Ռոզա Վինզբերգը կլռի՝ վախից, ու կձևացնի, թե հավատում է, որ երկտողը գրված է իր իսկ ամուսնու ձեռքով: Բայց երկու տարի անց, 1938-ի սկզբներին, ձերբակալվելուց ժամեր առաջ, կխոստովանի տալի ամուսնուն․

- Դավի՛թ, համոզված եմ, որ այդ նամակները Խանջյանի աջը չէր գրել։ Այդ նրա ձեռքը չէր:

Ռոզան նույն բառերը կկրկնի տասնամյակներ անց, երբ նրան կհրավիրեն ներկա գտնվելու ամուսնու աճյունի տեղափոխմանը: Բայց այդ ամենը՝ տարիներ ու տասնամյակներ անց: Իսկ առայժմ 1936-ի հուլիսն է: Սգի մեջ է Երևանը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը։

ԽԱՆՋՅԱՆԻ ԹԱՂՈՒՄԸ

Ամբողջ քաղաքն էր փողոցներում։ Ժամանել էին նաև Ադրբեջանի ու Վրաստանի կենտկոմների ներկայացուցիչները: Այստեղ էին մեր բոլոր նշանավորները: Այստեղ էր Չարենցը, որ երբեմն-երբեմն տալիս էր նույն հարցը․

- Ինչու՞ արիր այդ, ինչու՞ արիր,- նա ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ի՞նչ․․․ Ներկաներն այդպես էլ չկռահեցին նրա բառերի իսկական իմաստը:

- Տիկի՛ն Լարիսա, մի՞թե Չարենցը հավատում էր, թե Խանջյանն ինքնասպանություն է գործել:

- Ո՛չ: Պապիկս ասաց. «Չարենցը համոզված է, որ Աղասուն սպանել են»:

- Ինչպիսի՞ն էր նա այդ օրերին, հիշո՞ւմ եք:

- Վշտի մարմնացում էր։ Մինչ օրս էլ Չարենցի այդ դեմքն եմ հիշում, հուզված հայացքը: Նա այդպես է տպավորվել իմ մեջ: Հետագայում Չարենցին համարյա չտեսա։ Աղասու թաղումից շատ չանցած նրան բանտարկեցին ու տանջամահ արեցին:

․․․ Կոզեռն գերեզմանատուն: Դաժանությամբ այրող արև, տոթ, սգացող հազարներ: Խոսք է վերցնում Մուսաբեկով ազգանունով մեկը՝ Ադրբեջանի ներկայացուցիչը․

- Մենք շատ էինք գնահատում Աղասուն, բայց նրա փոքրոգի քայլը բոլշևիկներս դատապարտում ենք։

Խուլ գվվում է բազմությունը․ ակնհայտ է ներկաների դժգոհությունը:

- Չպիտի՛ մեռնեիր․․․ ինքնասպան չպիտի՛ լինեիր,- լսվում է Չարենցի ձայնը:

Մուսաբեկովին հաջորդում են ուրիշ հռետորներ՝ նույն բոլշևիկյան ոգով՝ քսու, պժգալի, ստոր։

Չդիմացավ Ղևոնդ էֆենդին ու խոսք վերցրեց․

- Ընդունված չէ, որ հայրն իր որդու դամբանականը կարդա, բայց ես չեմ կարող լռել։ Ես չեմ կարող լսել, որ տղաս ինքնասպան է եղել։ Ո՛չ, նա փոքրոգի չէր։ Բայց եթե անգամ ինքնասպան է եղել, ապա նման քայլը վկայում է ոչ թե փոքրոգության, այլ նրա մեծ արիության մասին: Այո՛, արիության, որ կարողացել է ծաղկուն հասակում բաժանվել կյանքից, սիրած գործից և տարեց ծնողներից․․․ բայց այդպես չէ: Ես կասկածում եմ, թե նա ինքնասպան է եղել։ Իսկությունը կպարզի պատմությունը:

Ցնցված էին ներկաները:

- Ինչպե՞ս խոսեցիր,- հարցնում էին նրան։

- Ես չէի կարող լռել,- հակիրճ էր Ղևոնդ էֆենդու պատասխանը։

Թաղումից հետո շրջանառության մեջ դրվեցին «թուրքական լրտես», «ժողովրդի թշնամի» արտահայտությունները, որոնք չընդունեց ժողովուրդը: Ամատունու, Ակոպովի և բոլշևիկյան ոհմակի մյուս ներկայացուցիչների ջգրու՝ Աղասու գերեզմանին միշտ թարմ ծաղիկներ էին լինում, օղու դատարկ ու կոտրած շշեր։ Մարդիկ, արհամարհելով բանտն ու աքսորը, ծածուկ այցելում էին Խանջյանի՝ ուխտատեղի դարձած գերեզմանն ու իրենց հարգանքի տուրքը մատուցում ազգային գործչի հիշատակին:

Անցան տասնամյակներ: Աղասի Խանջյանի վանեցի դասընկերներից մեկը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) Հարավային Ամերիկայից ժամանեց Հայաստան: Որպես հոգու պարտք՝ այցելեց Խանջյանի մորը․

- Թագու՛կ մայրիկ, Աղասին մեր վարժարանի ամենաընդունակ աշակերտն էր: Եթե քաղաքականությամբ չզբաղվեր, մեծ գիտնական կդառնար: Ինչու՞․․․ ինչու՞ կյանքը զոհաբերեց այս կարմիր ոչնչությանը՝ բոլշևիզմին։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Որպես պարտադիր առաքելություն՝ Աղասի Խանջյանը պիտի աշխարհ գար: Հոբ Երանելու համբերությամբ հանդուրժեր թիկունքից իջնող հարվածներն ու գիտակցաբար քայլեր դեպի Գողգոթա:

Նրա ողբերգական ճակատագիրը մեր «ցնծալից» երեկն է ու նաև խարանը բոլշևիզմի անմաքուր ճակատին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

«Երեկոյան Երևան», 13 հուլիսի, 1996 թ․

Հ․Գ․

Հաջորդիվ կանդրադառնամ Չարենցի «Դոֆինը նաիրական» անմահ կոթողին։

Այս գիր-հուշարձանը սովորական սոնետաշար չէ․ 1936-ի արյունոտ հուլիսից հետո Հանճարեղ նաիրցին հյուսեց իր ամենախորհրդավոր գաղտնագիրը՝ լի պատմափիլիսոփայական ծածկագրերով, մարգարեական տեսիլքներով և արյան գնով գրված կոդերով։

Կփորձենք միասին բացել չարենցյան այդ հանելուկային «սեյֆը» և վերծանել Խանջյանի սպանության թարմ հետքերով թողնված պատգամը․ պատգամ, որը ոչ միայն պատռում է բոլշևիկյան դահիճների մռայլ վարագույրը, այլև դառնում է այն անողոք հայելին, որի մեջ պարզորոշ ցոլանում է ներկայիս Հայաստանի քաոսի, աղքատության ու կործանման գլխավոր ճարտարապետի՝ մեր ժամանակների մեծագույն քաղաքական հտպիտի զարհուրելի ուրվագիծը։

Դիտվել է՝ 157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ