Վաղը` հունիսի 14֊ը, «Բռնադատվածների հիշատակի օր»֊ն է։
«Կասկադ»֊ի վերևի հատվածում` 2006 թվականին տեղադրված բազալտե այս հուշաքարը երեկ` երեք ժամ, այրող արևի տակ փնտրելուց, վեր ու վար, աջ ու ձախ անելուց, սրան֊նրան հուսահատ հարցնելուց հետո, ի վերջո` «Կասկադի գիտակ» ավագ եղբորս հետ հեռախոսով տեղում մի կերպ կողմնորոշվելուց հետո, վերջապես գտա` կողպեքով փակված մի անտեսանելի, աննկատ, հեռու մի փոսում` բանտված։
Ճերմակ վարդերի փունջը հեռվից չափուկ նետեցի (փառք Աստծո)։
Հետո մի անցորդ աղջկա խնդրեցի լուսանկարել։
Նստեցի մոտակա մի քարի ու լաց եղա խորհրդային բռնաճնշումների ենթարկված` հանիրավի բռնադատվածների, երիտասարդ տարիները սիբիրյան հեռու աքսորում տառապանքով ապրած այլախոհ հորս համար։
Հետո, ինչպես եղբայրս ասաց` «Ամբողջ Հայաստանում երևի միայն դու գիտես այս հուշաքարի տեղը...»։
Գուցե ճիշտ է ասում. 2006 թվականին տեղադրված այս հուշաքարն այսքա՜ն արհամարհված, այսքա՜ն մոռացված չէր լինի...
Եվ որ ամենահետաքրքիրն է` բռնադատվածների հուշակոթող կառուցվել է շատ ավելի վերևում` Կասկադի վերին հարթակում, որի տեղը, ցավոք, հարցրածս անցորդներից ոչ ոք չգիտեր։ Չէ՞ որ այն տարվա մեջ միայն մեկ օր է բաց լինում։
Երևի այսպես է պատմությունը մոռացվում և անցյալ դառնում։
Վաղը այցի կգնամ հուշահամալիր. հուսով, որ բանտված չի լինի այս հուշաքարի պես։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ