ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անհաջող «ֆինտերն» ու «տրյուկները»

Անհաջող «ֆինտերն» ու «տրյուկները»
24.01.2014 | 00:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախաձեռնած քաղաքական «պրեսինգը», կարծես, սահմաններ չի ճանաչում: Վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական մշակույթը, մեղմ ասած, կաղում է, իսկ քաղաքական պայքարի տրամաբանությունը զուրկ է սկզբունքայնությունից և փաստարկվածությունից: Վերջին ամենավառ օրինակը ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի շահերը սպասարկող լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվություն-վերլուծականներն են, համաձայն որոնց՝ Ադրբեջանում անհանգստացած են այն փաստից, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ իշխանության, իսկ Սերժ և Տիգրան Սարգսյաններն Ադրբեջանի համար ձեռնտու գործիչներ են:
Այս «տրյուկը» հայ-ադրբեջանական հարաբերություններում բազմիցս կիրառվել է: Ներքաղաքական զարգացումների կամ համապետական ընտրությունների շրջանում թե հայկական, թե ադրբեջանական կողմը իշխանությունը ստանձնելու հավանական թեկնածուին փորձում է վատ վիճակի մեջ դնել: Այդպես եղավ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի համար ձեռնտու է, որ Իլհամ Ալիևը վերընտրվի: Նույնը անում են ադրբեջանցիները: Հաշվարկը շատ պարզ է. Հայաստանում ատում են ադրբեջանցիներին, վերջիններս էլ ատում են հայերին, և եթե Հայաստանի համար Ադրբեջանում կա ձեռնտու գործիչ, ուրեմն այդ գործիչը որոշակի թվով ադրբեջանցիների համար ավտոմատ դառնում է անընդունելի:
Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատերազմական ու թշնամական են, և հակամարտող կողմերը շարժվում են հենց թշնամության տրամաբանությամբ: Խնդիրն այն է, որ նման գործելաոճը չպետք է տեղ ունենա ներքաղաքական գործընթացներում: Երբ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին սատարող «վերլուծաբանները» բաքվեցի իրենց կոլեգա Ռաուֆ Մերկադիրովի «մտքերը» տիրաժավորում են Հայաստանում և դա ուղղում իշխանության դեմ, ապա ստացվում է, որ հայրենի ընդդիմության «ագիտպրոպը» թշնամու ջրաղացին ջուր է լցնում, իսկ սա արդեն ազգային անվտանգության հիմնախնդիր է: Հիշենք, որ տարիներ առաջ նույն Մերկադիրովը պնդում էր, թե «Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առավելություն ունի, քանզի նա մեծացել է Բաքվում ու Մոսկվայում, բարձրաշխարհիկ անձնավորություն է, իսկ Քոչարյանը չտես գավառական է»:
Ադեկվատ վերլուծաբանները Մերկադիրովի այս գաղափարները կգնահատեին որպես ներքին սպառման համար նախատեսված «մտային շոուներ» և երբեք այն չէին ուղղի սեփական երկրի ղեկավարության դեմ, անգամ եթե ընդդիմադիր են ու սպասարկում են որոշակի ուժի: Սա նշանակում է, որ Հայաստանը թևակոխում է ներքաղաքական պայքարի այնպիսի փուլ, որտեղ խաղի կանոններն իսպառ բացակայում են, իսկ ընդդիմախոսները մեկը մյուսի հանդեպ կարող են կիրառել մտքով անցած ցանկացած ստորություն: Ինչ-ինչ, բայց Ադրբեջանի հարցում հայերը միշտ ունեցել են կոնսենսուս, ինչը թույլ է տվել հաղթել պատերազմում, այնուհետև նաև պահպանել այդ հաղթանակը:
Ինչևէ, անհաջող «ֆինտերն ու տրյուկները» դառնում են քաղաքական պայքարի անքակտելի մասը: Մտահոգիչն այն է, որ դրանք անպայմանորեն իրենց նստվածքն են թողնելու: Ինչ վերաբերում է ադրբեջանցի զառանցողների մտքերը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելուն, ապա պետք է այդ ամենը դիտարկել սովորական մարդկային բարոյականության դաշտում՝ դրանց տալով միայն ու միայն բարոյական գնահատականներ:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ