ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ինչ է մնալու բալորիս, եթե սրանցից շարունակեք վախենալ

Ինչ է մնալու բալորիս, եթե սրանցից շարունակեք վախենալ
23.10.2025 | 14:15

Մեծ հաշվով, խնդիրն այլևս այն չէ, թե ինչպիսին է Փաշինյանը և ինչ է անում: Նա իր անձնական և քաղաքական վերջնախաղում է: Խնդիրը, լայն առումով, նրանում է, որ նրա համակարգում, նրա կողքին, նրա ենթակայության տակ չկան էնպիսինները, որոնք նրան ասեն՝ կանգնիր, բավ է, չի կարելի, արածդ անթույլատրելի է, համաձայն չեմ և հենց այդ պատճառով այլևս այս ամենի մաս, ուղղակի, թե անուղղակի, չեմ ուզում լինել: Խոսքը միայն նրա ՔՊ-ական էշելոնի մասին չէ, էնտեղ որակի մասին խոսելն ավելորդ է: Խոսքը Փաշինյանի քաղաքականությունը հողի վրա իրագործող պաշտոնյաների մասին է, թերևս, նրանց ընտանիքների, ծնողների, ընկերների, միջավայրերի մասին, որոնք այս ամենի մաս և այս ամենի թույլատրելիության ու նորմալականության պատասխանատվությունը որևէ պարագայում և որևէ արգումենտով իրենց վրայից գցել չեն կարող: Էդպիսի մարդիկ բոլորիս շրջապատներում կան և իրենց դիրքավորում են որպես մասնագետ, բյուրոկրատ, պաշտոնյա, ովքեր պետական աշխատողներ են և իբր քաղաքականության մաս չեն, ապաքաղաքական են:

Ես հենց այդ պատճառով եմ ատում ապաքաղաքական բառը, որովհետև այն դարձել է աճպարարության և խույս տալու լավ ձև, ինչը խժռում է պետությունը: Սա, իհարկե, վատ ալիբի է, որովհետև նրանք լավ են հասկանում, որ Փաշինյանի քաղաքականությունը իրողություն է դառնում հենց իրենց միջոցով: Իրենք ոչ թե այլևս պետության ոլորտային քաղաքականության իրականացնողներն են, այլ վաղուց Փաշինյանի սեփական քաղաքական կամքի կամակատարները՝ որ ոլորտում էլ լինեն:

Ձեզ հետ զրույցներում թույլ մի տվեք այդ մարդկանց ալիբիներով խոսել ձեզ հետ և օտարվել Փաշինյանից: Ամեն բան այլևս այնքան եզրային և կործանարար է, որ այս պետության հայկական լինելու պաշտպանության և գոյության համար իբր պետության համար աշխատող բյուրոկրատական և մասնագիտական ապարատին հանրային պարսավանքի և վերահսկման գոտիներից դուրս թողնելը մեծ, շատ մեծ շռայլություն է:

Էնպես չէ, որ նրանք չունեն այս ամենի կործանարար լինելու գիտակցումը, մեծամասնությունն ունեն: Բայց նրանց կախվածությունները, հիմնավորումները, նյութական միջոցների, ընտանիքի, սոցիալական կախվածությունը չպետք է դառնա գերակայություն և վառելիք բոլորիս պետության և բոլորիս կերպի ու բնույթի խեղման համար, ինչն էլ իրականություն է դառնում արդեն արագ քայլերով:

P.S. Տղերք, ձեզանից որևէ մեկը ինձանից խելոք չէ, ինձանից արժանավոր չէ, ինձանից նվիրյալ չէ, ինձանից լավ չի տիրապետում իր գործին, ինձանից լավ ընտանիք չունի, լավ ընկերներ չունի, ինձանից շատ կորցնելու բան չունենաք:

Ինձ պետք չի ո՛չ ձեր գաղտնի համաձայնությունը ինձ հետ, ո՛չ էլ գաղտնի աջակցությունն ինձ: Ի տարբերություն ձեզ՝ ես չեմ վախենում սրանցից: Ես վախենում եմ նրանից, թե ինձ, ձեզ, բոլորիս ինչ է մնալու, ու դա ինչ է լինելու, եթե սրանցից շարունակեք վախենալ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ