ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ճնճղուկը

Ճնճղուկը
18.11.2025 | 10:58

Արև էր։Ծառերի վրա նստած ձյունը հայելու պես պսպղում էր, ծառերի մեջ ծվարած տնից ալարելով, ընդհատ-ընդհատ ծուխ էր բարձրանում։

Գարունը փորձում էր տեղավորվել այս բակում, բայց այն այնքան անկենդան էր, որ գարունը չէր համարձակվում մտնել այնտեղ։

Կատվի մլավոց չկար, շան հաչոց չկար,միայն մի ճնճղուկ էր նստել պատուհանի վանդակին ու կտցահարում էր ապակուն։ Պատուհանի փեղկը բացվեց և մի չորչրուկ ձեռք պատուհանի գոգին հացի փշրանքներ լցրեց։ Ճնճղուկը ուրախացած սկսեց կտցել հացը, հետո կերն առավ կտուցին ու թռավ։ Պատուհանից նայող ալեհեր կինը նախանձեց թռչունին.

- Էհե՜յ Վերոն, թռչունն էլ ձագ ունի, իսկ դու՞։ ՈՒ՞մ համար մաշեցիր քեզ, այրվեցիր, այրվեցիր ու դարձար

ծխացող մոխիր։-Հետո նայեց ծույլ-ծույլ վառվող վառարանին,- սա վառվել է՞, որ վառվում ես։ Էն ծուխ է՞, որ ելնում է։ Էս անտերն էլ է հոգնել ինձ նման։

Մի փայտ գցեց վառարանի մեջ, որը թշշաց թացությունից ու հետո ձեռնափայտը թխկթխկացնելով մոտեցավ անկողնուն ու պառկեց։

«Չորացած ծառ եմ,-մտածեց նա։-Մեկը չկա, որ գցի վառարանի մեջ, էդ փայտից լավ կվառվեմ։ ՈՒ՞մ եմ պետք որ»։

Մի քանի տարի ամուսինը մնացել էր մոտը, հետո տեսնելով, որ երեխա չեն ունենալու՝ թողել գնացել էր։ Վերոնը պահել մեծացրել էր եղբոր որդուն, որն էլ բանակից հետո մնացել էր Ռուսաստանում ու ամուսնացել ռուս աղջկա հետ։ Իսկ Վերոն մամը ոսկեղեն էր պատրաստել հարսի համար։

- Սիմոնս գա,պսակեմ թոռներ ունենամ։

Անցան տարիներ, Սիմոնը եկավ կնոջ հետ, հավաքեց ոսկեղենն ու գնաց։ Էն գնալն էր, որ գնաց։

Թռչունը նորից կտցահարեց ապակուն.

- Չկշտացա՞ն ձագերդ, հա՞։ Քեզ չափ էլ չկամ։

Տնքալով վեր կացավ տեղից, հաց տվեց թռչունին։

- Տա՜ր, տա՜ր կերակրի։ Մայր ես, հո ինձ նման չորացած ծառ չե՞ս։ Գարնան հոտ եմ առնում։ Մարդն էլ գարնան նման լիներ, ինչ կլիներ։ Եղանակի հետ բացվեր, պտղակալեր։ Թե չէ Աստված մեկին տասն է տալիս՝ մեկին ոչինչ։ Է՜հ, էս հարևանս՝ Շուշանը, երեք տղա ունի, երեքն էլ Ռուսաստան են, ինձ նման անտեր տանը վեր ընկած է։ Քոքդ կտրի, Ռուսաստան։ Գեղի ջահելներին հավաքել ես, տներում մնացել են անտեր պառավները։

Վերոն մամը պառկեց ու մտածեց․

«Տեր, ինչ կլինի, տար ինձ, հոգնել եմ, սա կյանք չի, որ ապրում եմ։ Տեսնես Սիմոնս թաղումիս կգա՞։ Թող չգա, ձմեռ է, ցուրտ է»։

Ասաց ու ձեռքերը խաչելով կրծքին՝աչքերը փակեց։

Հարևան Շուշանի հարսը հաց առած եկավ՝ ձեն տվեց․

- Վերոն մամ, հացդ բերել եմ։

Ձայն չառնելով մտավ ներս ու քարացավ։ Վերոն մամը ժպիտը դեմքին, «Վարդարանը» ձեռքին հավերժի ճամփորդ էր դարձել։

Գյուղը հավաքվեց, թաղեց Վերոն մամին, իսկ ճնճղուկը մի քանի օր եկավ իր կերը տանելու, հետո հույսը կտրեց էլ չեկավ։

Ձագերը կեր էին ուզում, բայց Վերոն մամի պատուհանը լուռ էր ու մթին, ինչպես գյուղի շա՜տ-շա՜տ տներ։

Երբ գիշերը փռում էր փեշերը գյուղի վրա, լուսնի արծաթափայլից սև խոռոչներ էին հիշեցնում անմարդաբնակ տների պատուհանները։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ