Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Չիրականացած ճակատագրեր

Չիրականացած ճակատագրեր
08.08.2026 | 12:54

Կան մարդիկ, որոնց մեջ կյանքը մեծ խոստում էր դրել։ Նրանք ունեին տաղանդ, գեղեցկություն, խելք, կամք, երազանքներ։ Թվում էր՝ առջևում միայն վերելք էր։

Բայց կյանքը միշտ չէ, որ հետևում է մեր սպասումներին։ Երբեմն մեկ սխալ քայլը, մեկ դժբախտ պատահարը, մեկ ճակատագրական ընտրությունը կամ պարզապես անողոք ժամանակը փոխում են ամեն ինչ։

Այս շարքը նրանց մասին չէ, որպեսզի դատենք։ Այն նրանց մասին է, որպեսզի հիշենք, հասկանանք և, գուցե, մի փոքր ավելի զգույշ լինենք մեր ու ուրիշների ճակատագրերի հանդեպ։

Որովհետև յուրաքանչյուր չիրականացած ճակատագրի հետևում մի մարդ է, որն էլ ժամանակին երազել էր երջանիկ լինելու մասին։

36 տարի էր անցել։

Նա դեռ հեկեկում էր։

ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ես հանդիպեցի նրան իր կյանքի վերջին տարում։

Չնայած տարիքին՝ նա մոտիկից նույնքան հմայիչ էր, որքան երիտասարդ տարիներին՝ էկրանին։ Ձայնը մեղմ էր, բայց հաստատակամ։ Զրույցի առաջին իսկ րոպեներից զգացի, թե որքան հայրենասեր, արժանապատիվ ու պատվախնդիր մարդ էր։

Այդ օրը նա պատմեց ինձ 1988 թվականի մասին։ Թե ինչպես էր մեկնել Բաքվի կինոփառատոն, ինչպես այստեղ ոմանք նրան դավաճան էին համարել, և թե ինչպես 1991 թվականին ստիպված էր թողել իր թատրոնը, իր Երևանը և մեկնել Ամերիկա։

Նրա խոսքերով՝ Բաքվի կինոփառատոն էր մեկնել, որովհետև հավատում էր, որ մեծ բեմը պետք է ծառայի ոչ միայն արվեստին, այլև ճշմարտությանը։ Այդ օրերին մեր մասին ավելի շատ սուտ էր հնչում, քան ճշմարտություն։ Նա ուզում էր, որ աշխարհը լսեր նաև հայ ժողովրդի ցավը, լսեր Սումգայիթի մասին ճշմարտությունը։

Պատմելիս հեկեկում էր։

Արդեն 36 տարի էր անցել, բայց ցավը նույնն էր։ Ես նստած էի նրա կողքին ու մտածում էի. մի՞թե մենք երբեմն այդքան դաժան ենք լինում։ Մի՞թե կարելի է այդքան հեշտ դատել մի մարդու, որը պարզապես փորձել էր ճշմարտությունը հասցնել աշխարհին։

Նա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր։ Դերասանուհի, որին հանդիսատեսը սիրել ու ծափահարել էր «Աշնան արև»-ում։ Բայց կյանքի վերջում մնացել էր մենակ՝ իր չպատմված ճշմարտության հետ։

Այսօր ուրախ եմ, որ բախտ ունեցա լսելու նրան։ Որ երբեմն մարդու հանդեպ ամենամեծ հարգանքը ոչ թե նրա փոխարեն խոսելն է, այլ պարզապես նրան լսելը։

Որովհետև չպատմված պատմությունները երբեք չեն մեռնում։ Նրանք պարզապես սպասում են, մինչև ինչ-որ մեկը սրտանց լսի նրանց։

«Չիրականացած ճակատագրեր»-ը միայն մարդկանց մասին չէ։ Այն նաև մեր հիշողության, մեր խղճի և այն պատասխանատվության մասին է, թե ինչպես ենք հիշում նրանց, ովքեր չհասցրին իրացնել իրենց ճակատագիրը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ