2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Իրանի դասերը

Իրանի դասերը
07.04.2026 | 13:53

Հետևելով այս պատերազմին՝ տարբեր համեմատականներ եմ տանում մեր երկրի վարած պատերազմների հետ:

Իրանը մի քանի տասնամյակ գտնվում է պատժամիջոցների տակ, որոնք 1990-ականներից սկսած ավելի սաստկացան:

Այդ ժամանակ Հայաստանն անկախացավ, որից հետո անմիջապես հայտնվեց շրջափակման ու պատերազմի մեջ, բայց առաջին Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք:

Իրանն այս ընթացքում դիմանալով բոլոր ճնշումներին, նաև կառուցեց դիմադրության աննախադեպ ցանց, որը ազդեցություն ունի ողջ տարածաշրջանում: Իրանի հակառակորդը գրեթը ողջ աշխարհն է (էր): Հայաստանի հակառակորդը՝ Ադրբեջանը: Թուրքիան ու Ռուսաստանը գործեցին մեր շահերի դեմ, բացառապես մեր երկրի ապիկար արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ, դրա բացակայության պատճառով: Մեծ հաշվով, Թուրքիայի ու Ռուսաստանի մեր դեմ գործելու հանգամանքն էլ ենք մենք չափից դուրս գերագնահատել, լաց ու կոծ դրել: Քաղաքականության մեջ «ախպերություն» չկա: Ասում են՝ քաղաքաանության մեջ կան շահեր, բայց շահը խաղ է, խաղադրույք է, խաղը մտածում ու կառուցում են մարդիկ, այն երկնքից չի ընկնում, խաղին պետք է պատրաստվել, լավ խաղալ սովորել, լաց ու կոծը, դավաճաններ փնտրելը ամոթալի բան է:

Այսինքն, մեր թշնամին, ի դեմ Ադրբեջանի, այնպիսի ահռելի ուժ չէր, որպեսզի մենք այդ առումով համեմատվենք Իրանի հետ:

Ավելին, մենք շրջափակման մեջ լինելով, պատժամիջոցների տակ չենք գտնվել, այսինքն, ունեցել ենք զարգանալու մոտ 30 տարի:

Իրանի դեմ ԱՄՆ-ը ու Իսրայելը բացահայտ ռազմական ուժ կիրառեցին միայն 2025 թվականի ամռանը:

Այնուհետ, մի քանի ամսյա դադարից հետո, ամերիկա-իսրայելական տանդեմի լայնածավալ հարձակումը վերսկսվեց ամիսներ անց, 2026 ի մարտին:

Բայց տեսեք՝ ինչ ահռելի գործ են արել պարսիկները թե՛ անցած 30 տարիների, թե՛ անցած մի քանի ամիսների ընթացքում: Տեսեք, թե ինչպես են հաշվարկել իրենց ուժերը, ինչպես են թաքցրել իրենց ռամատեխնիկան, գործարանները, հատուկ օբյեկտները, որ նույնիսկ ամերիկյան գերհզոր ռումբերը չեն հասնում այդ ստորգետնյա պահեստներին:

Տեսեք, թե ինչ չտեսնված կառավարման համակարգ են ստեղծել մեր դարավոր հարևան պարսիկները: Ցանկացած ղեկավարի զոհվելուց հետո, նրան փոխարինող կա, համակարգն աշխատում է: Ես կարծում եմ, որ այդ զոհված ղեկավարների մի մասը չի էլ զոհվել, դա էլ թշնամուն շփոթեցնելու հատուկ հնարք է:

Առանձին հիացմունք է առաջացնում 90 միլիոնանոց երկրի բնակչության հանգստությունն ու վստահությունը: Ցույցեր, փոքրամասնության դժգոհություն կա ամեն տեղ, ուժեղ պետությունը դրանք պետք է վերահսկի, իսկ պատերազմական ժամանակահատվածում՝ դաժանորեն պատժի:

Իրանցիները իրենց երկրից չեն փախչում, խուճապ չկա: ԱՄՆ-ի ու Իսրայելի ծրագրելը, համաձայն որոնց Իրանը մի քանի օրում Իրաքի կամ Լիբիայի պես կմասնատվի, ձախողվեցին:

Օրինակի համար, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, երկու երկրներից բնակչության մեծ արտահոսք սկսվեց:

Իրանը բոլոր առումներով Ռուսաստանից ուժեղ է, սա առանձին վերլուծության նյութ է, այս մասին հետո:

Իրանը պատմական ահռելի ուժ ունի, պատմական ռեակտոր, հրթիռ ունի, ոգեղենություն ունի...

Հիմա վերադառնանք Հայաստան:

Մեր դեմ առաջին լուրջ հարձակումը ձեռնարկվեց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, 2020-ի ամռանը, հետո եղավ 44-օրյա խայտառակությունը:

Բացի դա, 2000-ականներին տարբեր հաճախականությամբ թշնամին մեզ փորձել է, իրագործել է տարբեր գործողություններ:

Ի՞նչ ենք արել 2016-ից հետո: Կարելի է ասել՝ ոչինչ: Նույնիսկ մեր խրամատների հարցը չբարելավվեց: Մեր ռազմական, դիրքային առավելությունը շատ մեծ էր:

Իրանական, դրանից առաջ ուկրաինական պատերազմները ցույց տվեցին, որ ԱԹՍ-ների դերը 2020-ին այդքան էլ մեծ չէր, որ «Բայրաքթարի» ''страшилка''-ն ուռճացված քարոզչական հնարք էր: Ամեն անգամ ԱԹՍ-ների մասին, որևէ բան կարդալիս՝ աչքերիս առաջ «Բայրաքթարն» է, որից հետո հարց է ծագում՝ ու՞ր է այդ «Բայրաքթարը»: Թուրքերը մեր կողմից հորինված, տարածած ու գովազդած «Բայրաքթարի» վրա կարգին բիզնես արեցին, այդ անպիտան խաղալիքը տարբեր երկրների վրա վաճառելով, բայց շատ արագ թուրքի այդ բլեֆն ավարտվեց:

Շատ չխորանալով՝ քննարկենք իրանական պատերազմի մեկ այլ, ես կասեի, ամենակարևոր հանգամանքը:

Խոսքը ամենահզոր զենքի մասին է: Այդ զենքը տեղեկատվական զենքն է: Ամերիկան իր բոլոր հաղթանակները տարել է հենց տեղեկատվական դաշտում, ամերիկացին երբեք չի կռվել, նա պարզապես խաբել է՝ թե՛ երկար խաղի մեջ, թե՛ կարճ:

Բայց, քանի որ ժամանակները փոխվել են, և տեղեկատվության տարածումը հասանելի է յուրաքանչյուր մարդու, Ամերիկան կանգնել է լուրջ խնդրի առաջ, խաբել չի ստացվում: Իրաքն ու Լիբիան այդքան շուտ չէին պարտվի, եթե այն ժամանակ լինեին մեր օրերի տեղեկատվական հնարավորությունները, մեր օրերի տեղեկատվական մշակույթը: Պարսիկները հաղթում են, արդեն իսկ հաղթել են տեղեկատվական պատերազմը՝ անկախ ռազմական գործողությունների ելքից: Ողջ աշխարհի համակրանքը Իրանի կողմն է: Արդար են, խիզախ են, ոգեղենություն ունեցող ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ են:

Մենք ամոթալի պարտություն կրեցինք ինֆորմացիոն դաշտում, հատկապես՝ երկրի ներսում: Սփյուռքի ահռելի ռեսուրսը մնաց անտեր, Հայաստանի կողմից լքված, չհամակարգված: Նույնիսկ ամոթ է հիշել այդ օրերի խոսույթը, արդեն իսկ իրար վրա մեղքեր բարդելը, քուչի, կնիկական բազառները, որ մեր երկիրը ուտում են 8 տարի: Չէ, սա 8 տարվա քուչի բամբասանք չէ, Սերժի թվերին Հայաստանը ամբողջությամբ այդ բամբասանքի մեջ էր: Սուտ, կեղծիք, աշխատանքի իմիտացիա, մինչև այսօր...

Իսկ մենք պատմական Իրանի հազարամյա հարևանն ենք, հակառակորդն ու բարեկամն ենք, նրա հասակակիցն ենք: Ի՛նչ խաղի մեջ է Իրանը, ինչ քուչի խաղիկների մեջ ենք խեղդվում մենք...

30 տարում՝ չէ, 2018-ից հետո երկու տարում կարելի էր կատարել այնպիսի արագ քայլեր, որ Ալիևի մտքի ծայրով չանցներ մեր դեմ պատերազմ սկսել: Բայց մեր ճիվաղներն արեցին այնպես, որ Ադրբեջանը ձեռք բերեց անհավանական դաշնակիցներ, որոնք ոչ մի կերպ չպետք է դաշնակից լինեին, մեզ պառակտեցին ու պառակտում են, մեզ վրա խաղաղություն են ծախում՝ խաղաղությունը տանուլ տված թշվառները:

Այսպես շարունակելով՝ Հայաստան չի լինելու, այս ամոթալի վիճակին պետք է վերջ դրվի: Իրանի պատերազմի ցանկացած ելքի պարագայում, այսօրվա խղճուկ վիճակով Հայաստանը գոյատևելու շանս չունի:

Իրանը մեզ հազարամյա, աննկարագրելի դաս է տալիս:

Հա, առանց Պատմական Հայաստանի, ցանկացած Հայաստան նման է առանց արմատների դեկորատիվ ծառի, որ տնկում են Երևանի փողոցներում՝ հաստաբուն ծառերի փոխարեն...

Արա Արայան

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ