Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

1994թ. Լևոն Տեր-Պետրոսյանի այցը ԱՄՆ. «Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»

1994թ. Լևոն Տեր-Պետրոսյանի այցը ԱՄՆ. «Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»
07.08.2025 | 20:03

1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից 3 ամիս անց, օգոստոսի 7-ից 14-ը պետական-պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատվիրակության կազմում էին առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Վահան Փափազյանը, ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։ Այցի կազմակերպման գործում լուրջ ներդրում էր ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը:

Պաշտոնական հանդիպումներից առաջ Տեր-Պետրոսյանն այցելում է Արլինգտոնի ազգային գերեզմանատուն և ծաղկեպսակ է դնում Անհայտ զինվորի գերեզմանին: Այցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանն առանձին հանդիպումներ է ունենում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, փոխնախագահ Ալբերտ Գորի, պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և սենատի անդամների, Համաշխարհային բանկի նախագահի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի, գործարար շրջանակների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ի պատիվ Տեր-Պետրոսյանի Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ, նախագահ Քլինթոնը մի քանի խոսք ասելուց հետո, կոկորդի ցավերի պատճառով, իր ելույթի տեքստը փոխանցում է կնոջը՝ ԱՄՆ առաջին տիկին Հիլարի Քլինթոնին: Տիկին Քլինթոնը նշում է, որ «Հայաստանը դժվարին ճանապարհ է անցնում այսօր, որի նախագահը 6 տարի առաջ քաղբանտարկյալ էր, իսկ այսօր ղեկավարում է ժողովրդավար երկիր»: Տեր-Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իրեն ուղղված բարձր գնահատականների համար, նշում է, որ այդ գնահատականներն ինքը վերագրում է հայ ժողովրդին. «Քանի որ այդ ամենը ձեռք է բերվել հայ ժողովրդի կողմից»:

Մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված պաշտոնական հանդիպումներից հետո, նախագահ Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ մի շարք քաղաքներ (Բոստոն, Դետրոյթ, Լոս Անջելես, Նյու Յորք), բազմաթիվ հանդիպումներ է ունենում նահանգապետերի, քաղաքապետերի, քաղաքագետների, քաղաքական գործիչների, գիտական շրջանակների հետ: Տերբեր քաղաքներում Տեր-Պետրոսյանը տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների կողմից արժանանում է «հուզումնալից», «աննախադեպ փոթորկալից» ընդունելության: Հանդիպումների ժամանակ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ իշխանություններին և հայ համայնքին Հայաստանին ցուցաբերվող օգնության համար: «Հայաստանի ժողովուրդը ոչինչ չի գերադասում իր անկախությունից, որի համար, սակայն, շատ բարձր գին է վճարել», - հայտարարում է առաջին Նախագահը:

Տեր-Պետրոսյանն առանձին հանդիպումներ է ունենում նաև Հայաստանի բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Լուիզ Սիմոն Մանուկյանի, Հրայր Հովնանյանի, հոգևորականների հետ: 93-ամյա Ալեք Մանուկյանը, դիմելով Տեր-Պետրոսյանին, նշում է՝ «Իմ երազանքն էր՝ այցելել Հայաստան... բայց ես շնորհակալ եմ, որ Դուք եկաք և Ձեզ հետ բերեցիք Հայաստանը»:

Նորանկախ Հայաստանի առաջին նախագահն այցելում է նաև Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գերեզման՝ Կանայանի այրու և զավակների ուղղեկցությամբ:

Մասաչուսեթսի նահանգ այցի ընթացքում, ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, ընդունելություն է կազմակերպվում ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի անվան գրադարան-թանգարանում: Ջոն Քենեդիի կրտսեր եղբայր, սենատոր Էդուարդ Քենեդին իր խոսքն ուղղելով ՀՀ նախագահին, հայտարարում է՝ «Հայ ժողովուրդն ու իր փայլուն առաջնորդը: Այս մարդը Հայաստանի Ջորջ Վաշինգտոնն է»: Տեր-Պետրոսյանն իր խոսքում պահը զգանցմունքային է համարում՝ վերհիշելով իր ուսանողական տարիները, երբ 1960-ական թվականների սկզբին ԱՄՆ նախագահն էր Ջոն Քենեդին, իսկ ԽՍՀՄ-ն ղեկավարում էր Նիկիտա Խրուշչովը: «Առաջին անգամ շնչում էինք ազատության շունչը», - նշում է Հայաստանի նախագահը, հավելելով, որ այդ տարիներին է իր մոտ արթնացել «ռոմանտիզմն ու իդեալիզմը»: Սակայն այդ տրամադրությունները շատ արագ մթագնեցին Քենեդիի սպանությունից և Խրուշչովի հեռացումից հետո: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը նշում է, որ հպարտ է, որ ապրել է այդ ժամանակաշրջանում:

Մասաչուսեթսի նահանգապետ Ուիլյամ Ուելդը, իր հերթին, դիմելով Տեր-Պետրոսյանին, հայտարարում է՝ «Թեև Մասաչուսեթսն ու Հայաստանը գրեթե նույնչափ տարածք են զբաղեցնում, սակայն, պարոն Նախագահ, Ձեր առջև դրված մարտահրավերները կգերազանցեն իմը»:

«Ես կարծում եմ, որ այս այցելությունն ամեն բանից ավելի կապացուցի ամերիկյան իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ և ցույց կտա ողջ ամերիկյան ժողովրդի հարգանքն անկախ Հայաստանի առաջին Նախագահի հանդեպ», - այս խոսքերով է մեկնաբանում Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած այցը ՀՀ-ում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը:

(մեջբերումները՝ «Ազգ», 1994թ., օգոստոս)

Բագրատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ