«Teleqraf» լրատվամիջոցի հետ զրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը խոսել է պաշտոնական Բաքվի դիրքորոշման և «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» (TRIPP) անվանումը ստացած նախագծի մանրամասների մասին։
«Բաքվի պաշտոնական պահանջը վերաբերում է այն ճանապարհի բացմանը, որը պետք է կապ ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Հենց այս համատեքստում էլ ի հայտ եկավ ամերիկյան նախագիծը՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» անվանումով։
Նախագծի էությունն այն է, որ ապահովվի անխոչընդոտ կապ Ադրբեջանի երկու հատվածների միջև։
Ադրբեջանը որոշ պայմաններով հասել է այդ ճանապարհի բացմանը։ Այդ պայմանների թվում կան նաև առևտրային դրույթներ, որոնք ներկայումս քննարկման փուլում են։
Տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և օգտագործման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։ Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, և մինչև հաջորդ տարվա սկիզբ հարցը գործնականում կլուծվի», — նշել է Զուլֆուգարովը։
Ահա թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում` իր առաջացրած պայմանների բավարարումն առանց Հայաստանի որևէ ակնկալիքի բավարարման։ Խոսքը բնականաբար փոխադարձության սկզբունքի մասին է, որի հետքն իսկ չի մնում միակողմանիության պարտադրանքի ներքո։
Բացի այդ, նկատելի է, որ ադրբեջանական կողմը փորձում է «միջանցք» տերմինը չկիրառել վերջին օրերի ընթացքում, հավանաբար մարտավարական նկատառումներից ելնելով։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ