«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

ՈՒժը հենց մեր ժողովրդի գիտելիքների, փորձառության և ստեղծագործական կարողությունների մեջ է

ՈՒժը հենց մեր ժողովրդի գիտելիքների, փորձառության և ստեղծագործական կարողությունների մեջ է
26.09.2025 | 12:29

Տեսադաշտիցս վրիպել էր Նիկոլ Փաշինյանի ս.թ. սեպտեմբերի 20-ին արտահայտած հերթական «գոհարը». «Հայաստանում ոչ մեկը չի ստացել նորմալ կրթություն, որովհետև հնարավոր չէ նորմալ կրթություն ստանալ այնտեղ, որտեղ չկա նորմալ կրթական համակարգ»։

Իրականում, Հայաստանում կրթություն ստացած հարյուրավոր և հազարավոր մարդիկ հասել են մասնագիտական մեծ բարձունքների՝ դառնալով ճանաչված գիտնականներ, բժիշկներ, ինժեներներ, երաժիշտներ, արվեստագետներ, ուսուցիչներ և գործարարներ։ Նրանք ոչ միայն հաջողության են հասել Հայաստանում, այլև արժանացել են ամենահեղինակավոր միջազգային հաստատությունների և կազմակերպությունների հարգանքին ու գնահատանքին։

Փաշինյանի ասածը մաքուր ռասիզմ է և հայատյացություն, քանի որ այն ամբողջ ազգաբնակչության նկատմամբ արտաբերված համատարած մեղադրանք է․ այն ժխտում է հայ մարդու ընդունակությունը կրթվելու և առաջադիմելու։ Նրա ձևակերպումը ոչ թե քննադատում է կրթական համակարգի խնդիրները (որոնք, իհարկե, գոյություն ունեն և վերջին տասնամյակներին բազմացել ու խորացել են), այլ պարզապես հայ ժողովրդի մտավոր և մասնագիտական կարողությունները նսեմացնում է՝ դրանք ներկայացնելով իբրև ի սկզբանե թույլ և անարժեք։

Ռասիզմի էությունը հենց այն է, որ որևէ ամբողջական էթնիկ կամ կրոնական խմբի, կամ առանձին ազգի հատկությունները ներկայացվում են իբրև անփոփոխ և բացասական։ Փաշինյանի խոսքն էլ այդ տրամաբանությամբ հայերին վերագրում է իբր ազգային կրթական համակարգ ձևավորելու և որակյալ կրթություն ստանալու անկարողություն։ Փաշինյանը կոնկրետ կրթական ինստիտուտներ կամ ծրագրեր չի քննադատում, այլ ուղղակիորեն հարձակում է գործում հայ ժողովրդի արժանապատվության վրա։

Նման հայտարարությունը չի կարելի գնահատել նաև որպես սոսկ կոպիտ ու պարզունակ ընդհանրացում։ Սա հոգեբանական պատերազմի հերթական մի գործողություն է, որը կոչված է խարխլելու հայության ինքնահարգանքն ու ինքնավստահությունը։ Սա ամենաբարձր ամբիոնից սերունդներին ուղղված ինքնանվաստացման հերթական ուղերձ է։

Հետաքրքիր զուգադիպությամբ, սակայն, հենց Փաշինյանի շրջապատում բացակայում են խոր գիտելիքներ ունեցող մարդիկ։ Ավելին, նույն ելույթում նա ինքն է խոստովանում, որ նորմալ կրթություն չունի։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ ՔՊ-ական միջավայրի հետ ամենօրյա շփումն է նրան համոզել, թե Հայաստանում «ոչ ոք կրթություն չի ստացել»։ Արդարև, իր իսկ թիմը «անուսների հանրապետություն» է։

Բայց իրական խնդիրը, այդուամենայնիվ, Փաշինյանի անձնական կրթական թերացումը չէ, այլ այն, որ երկրի ղեկավարի բերանից հնչող նման ձևակերպումները պետական մակարդակով քարոզում են ազգային ինքնանվաստացում և պարզապես վիրավորական են իրենց գործը սիրով ու պատասխանատվությամբ կատարող շատ ու շատ հայ ուսուցիչների և դասախոսների համար։

Հայ ժողովրդի համար, անկասկած, դժոխային ժամանակներ են։ Բայց այս մութ շրջանը չի կարող հավերժ լինել․ մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ունի կենսունակության, դիմադրության և վերածննդի ներուժ։ Ուժը հենց մեր ժողովրդի գիտելիքների, փորձառության և ստեղծագործական կարողությունների մեջ է։ Աստծո օգնությամբ, այս փորձությունն էլ կհաղթահարենք։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ