«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լիպարիտյանն այլևս ասելիք չունի հայ հանրությանը և պարզապես լծված է Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը արդարացնելու ծանր ու դժվարին գործին

Լիպարիտյանն այլևս ասելիք չունի հայ հանրությանը և պարզապես լծված է Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը արդարացնելու ծանր ու դժվարին գործին
17.11.2026 | 13:17

Արձագանք Ժիրայր Լիպարիտյանի Հանրային հեռուստանընկերությանը տված հարցազրույցին

Առաջնային տպավորությունս այդ հարցազրույցից․ կարծես թե պարոն Լիպարիտյանն այլևս ասելիք չունի հայ հանրությանը և պարզապես լծված է Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը արդարացնելու ծանր ու դժվարին գործին։ Նա որևէ նոր բան չի ասում, ընդամենը կիրառության մեջ է դնում հին ու չարչրկված պրոպագանդիստական միֆերը՝ շահագործելով անցյալի իր կարգավիճակը։ Կամ էլ կարգավիճակի լեգենդը։ Եթե մոռանանք լեգենդի մասին, ապա մանիպուլյացիաներով ու ձևախեղումներով ողողված զրույցն էլ ավելին չէ, քան Դանիել Իոաննիսյանի և Արեգ Քոչինյանի ամենօրյա զրույցները։

Ես չգիտեմ, թե հատկապես ինչն է պատկառելի տարիքում գտնվող Ժիրայր Լիպարիտյանին ստիպում ստանձնել Նիկոլ Փաշինյանի փաստաբանի պարտականությունները։ Միգուցե Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության հաստատումը մոլեռանդ idée fixe է դարձել՝ կուրացնելով նրա միտքն ու թույլ չտալով տեսնել իրականությունը։ Չի բացառվում նաև, որ նա հանդես է գալիս որպես այլ պետության բանագնաց՝ փոխանցելով Հայաստանի վերաբերյալ Բարձր դռան մտահոգություններն ու առաջնահերթությունները։

Ինչևիցե։ Անցնենք բուն հարցազրույցին։ Ո՞րն է Լիպարիտյանի ամենամեծ մանիպուլյացիան։ Նա միտումնավոր կերպով նույացնում է 1994-2020 թթ․-ի իրականությունը 2020-2026 թթ․-ի իրականության հետ։ Այսինքն, անցյալում եղած խաղաղության դիսկուրսը, ոչմիթիզականության, հայդատականության և պահանջատիրության քննադատությունը վուլգար պատճառականությամբ, մեխանիկորեն վերաարտադրում է մեր օրերում՝ ռացիոնալիզացնելով Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումներն ու իռացիոնալիզացնելով ադրբեջանական ագրեսիվ ծավալապաշտության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Նրա մտահայեցողության մեջ բացակայում են Ղարաբաղյան շարժումն ու 1992-1994 թթ․-ի հաղթական պատերազմը, ինչից ելնելով նա նշում է, որ 1990-ականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր անել այն, ինչ՝ Նիկոլ Փաշինյանը այսօր։ Փաստորեն բարձրաստիճան դիվանագետը ազատագրված Շուշիով, Քարվաճառով և հայաբնակ Արցախով փոխզիջումային խաղաղությունը չի տարբերում հայաթափված Արցախով և Հայաստանի օկուպացված տարածքներով խաղաղությունից, որը իրականում կապիտուլյացիա է, Ալիևյան ձևակերպմամբ՝ մենախոսություն։ Իսկ ով համարձակվում է քննադատել ադրբեջանական ռեգիոնալ իմպերիալիզմը, նշանակում է՝ առաջնորդվում է միֆերով, պատրանքներով, հեքիաթներով և վստահաբար ռուսական գործակալ է։ Այսինքն, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին միտված ռացիոնալ հռետորաբանությունը որպես զենք ծառայեցվում է Արցախի կորուստը լեգիտիմացնելու և Ադրբեջանի բոլոր պահանջները արդարացնելու համար՝ հարվածի տակ դնելով անցյալում հանուն խաղաղության պայքարած և այսօր կապիտուլյացիայի հետ չհամակերպվող մարդկանց բարի համբավը։

Մյուս մանիպուլյացիան վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին։ Լիպարիտյանական մտածողության մեջ Ռուսաստանը բացարձակ չարիք է, որը ամեն գնով ձգտում է տիրապետել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը և որպես վերջնական արդյունք ոչնչացնել անկախությունը։ Այստեղ նա նույնիսկ հակադրվում է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Ըստ Լիպարիտյանի ԵՄ-ի և ընդհանրապես արևմուտքի հետ հարաբերություններով չեն պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունները։ Միևնույն է, Պուտինը ձգտում է վերականգնել նախկին խորհրդային սահմանները՝ իր տիրապետությունը տարածելով Միջին Ասիայում, Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում։ Միևնույն ժամանակ ըստ Լիպարիտյանի փաստված չի Ադրբեջանի պատերազմելու ցանկությունը։ Նրա ձեռքի տակ հաստատուն փաստեր չկան, որ Ալիևը պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։

Դեռ մի կողմ թողնենք, որ Լիպարիտյանը չի նկատում այն պարզ փաստը, որ Ալիևը «Արևմտյան Ադրբեջան»-ը արդեն իսկ պետական քաղաքականություն է դարձրել։ Այստեղ այլ հարց է առաջանում․ ինչո՞ւ է Լիպարիտյանի համար ռուսական սպառնալիքը բացարձակ ու անկասկած, իսկ ադրբեջանական վտանգը՝ չփաստարկված։ Այսինքն, նրա քաղաքական տեսության մեջ Պուտինը իռացիոնալ, պատմական արդարությամբ և ռևանշիզմով տառապող ասիական նվաճող է, իսկ Ալիևն էլ 21-րդ դարի պրագմատիկ եվրոպական գործիչ, որի աշխարհայացքում անցյալն ու պետական սահմանները արդեն իսկ էական դեր չեն խաղում։

Ժիրայր Լիպարիտյանի պնդմամբ՝ ռուսները ծախել են Ղարաբաղը։ Այս պարբերության մեջ մանիպուլյացիները միքանիսն են։ Խոսելով բանակցություններում երաշխավորի ինստիտուտի անարդյունավետության մասին՝ նա գալիս է զարմանահրաշ մի եզրակացության․ «Ինչու 2020 թ․-ին արևմուտքը չեկավ օգնության», իսկ հետո շարունակում է․ «ռուսները նույնպես չօգնեցին, չնայած Հայաստանի դաշնակիցներն էին»։ Այստեղ իմ արձագանքի կարիքն էլ նույնիսկ չկա, քանի որ հարցազրույցի մեկ այլ հատվածում Լիպարիտյանը պատասխանում է իր իսկ հարցին․ «Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը, բոլորը դեմ էին Արցախի անկախությանը․․․»։ Այսինքն, հարգարժան դիվանագետը փաստերը օգտագործում է կամայականորեն, երբ անհրաժեշտ է հիմնավորել այս կամ այն փաշինյանական միֆը՝ շատ լավ իմանալով որ ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ Ռուսաստանը Արցախում մղվող պատերազմում մեզ օգնելու ո՛չ պարտավորություն ունեին և ո՛չ էլ ցանկություն։ Լիպարիտյանը այս ամենի մասին ամենալավը գիտի։ Բայց այստեղ ամենանենգ սուտը վերաբերում է ռուսների կողմից Ղարաբաղը ծախելուն։ Այս պարագայում վաստակավոր դիվանագետն ու պատմաբանը ոչնչով չի տարբերվում տաղավարային բամբասկոտ փորձագետներից։ Նա Ղարաբաղի կորուստը բացատրում է բացառապես Քոչարյանի և Սարգսյանի «ոչմիթիզականությամբ» և Պուտինի կողմից երաշխավորի պարտականությունները չկատարելով՝ դիտավորյալ մոռացության մատնելով Փաշինյանի քայքայիչ քաղաքականությունը 2018-2023 թթ․-ին։ Երևի Պուտինն էր ստիպել Փաշինյանին մերժել կարգավորման փաստաթուղթն ու գոռալ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Հակասություններով լեցուն խոսակցությունը հիմնավորելու համար Լիպարիտյանը վերստին հիշում է պատմագիտական հին ու բարի, չարչրկված ճշմարտությունները։ Նա հարցնո՞ւմ է արդյոք մենք քրիստոնեական համայնք ենք, թե ազգ, իսկ հետո հիշեցնում է հայերի՝ այս տարածաշրջանին, այլ ոչ թե Քրիստոնեական Եվրոպային պատկանելու փաստի մասին։ Ասվածից հետևում է, որ տարածաշրջանում խաղաղ ապրելու համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ։ Սա հասկանալի է։ Սրա մասին շատ ենք խոսել։ Միակ խնդիրն այն է, որ Լիպարիտյանը տարածաշրջանը առանց Ռուսաստանի է պատկերացնում։ Առանց այն նույն Ռուսաստանի, որը այս տարածաշրջանի առանցքային ուժերից մեկն է և արևելաեվրոպական ճակատից հետո ամենաշատ պատերազմները հենց այստեղ է մղել վերջին երեք հարյուր տարիներին։ Միգուցե Լիպարիտյանը տարածաշրջան ասելով միայն Թուրքիային և Ադրբեջանին նկատի ունի։

Սահմանադրության փոփոխության ադրբեջանական նախապայմանի վերաբերյալ հարցին չունենալով Բաքվին արդարացնող որևէ ողջամիտ պատասխան՝ Լիպարիտյանը շատ ուշագրավ մի պատասխան է տալիս։ Ըստ նրա միգուցե մենք էինք ուզում փոխել սահմանադրությունը, իսկ Ադրբեջանը ընդամենը մեզ է կրկնում։ Հետո հարցնում է․ «Ինչի ենք մտածում, որ մի բան Բաքվին կամ Անկարային լավ է, ուրեմն անպայման մեզ վատ է և հակառակը»։

Այս հարցազրույցի առթիվ պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել Պետրոս Ղազարյանին։ Ավելի շուտ նրա նրբանկատությանը։ Միգուցե հասկանալով, որ հասակավոր դիվանագետը տանուլ է տալիս իր ոչ համոզիչ, մանիպուլյատիվ պատասխաններով, խոսակցությունը տանում է նրան ձեռնտու ուղղությամբ՝ գոնե մեկ «գոլ» խփելու հնարավորություն տալով։ Մասնավորապես Պետրոսը հիշատակում է հանրային այն խմբերին, որոնք անընդհատ խոսում են Հայաստանը կործանելու Թուրքիայի ձգտման մասին։ Իսկ այս դաշտում Լիպարիտյանը ամենաարդյունավետն է․ նա սովոր է բանավիճել 1990-ականների թուրքատյաց, թուրքաֆոբ, իռացիոնալ, ռազմահայրենասեր դաշնակցական սկաուտների հետ, որոնց համար թուրքը ընդամենը թրի գրաբարյան հոգնակին է։ Այսինքն, հակապետական, կոլաբորացիոնիստական պացիֆիզմը երկխոսում է մոլեռանդ ռազմահայրանասիրական շիզոֆրենիայի հետ, և դա նրանք անվանում են ռացիոնալ, իրատեսական մոտեցում։ Եվ հենց այս համատեքստում Լիպարիտյանը վերսկսում է «հողմաղացների դեմ կռիվը»՝ հիշելով Արևմյան Հայաստան պահանջողներին։ Այստեղ իհարկե հարց է առաջանում․ արդյոք վաստակավոր գիտնականը տիրապետո՞ւմ է այն իրականությանը, որի մասին խոսում է, քանի որ Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում Արևմտյան Հայաստանի մասին խոսողներ չկան, նույնիսկ Արցախի պահանջատիրությունն այլևս նորաձև չէ։ Ամենաարմատական ընդդիմադիր ուժերն են անգամ խուսափում այդ հարցին անդրադառնալ։ Բայց այստեղ էլ է մանիպուլյացիան ակնհայտ, որն է՝ Արցախի «էրգիրացումը», այսինքն Արևմտյան Հայաստանի պես գոյություն չունեցող, անիրական, աննյութեղեն և երբեմն էլ զավեշտալի մյութոս ներկայացնելը։ Չէ՞ որ Վանի և Էրզրումի նկատմամբ կենցաղային կարոտը հայ քաղաքական միտքը հումորի ու ծաղրի թեմա է դարձրել։ Նույնը սպասվում է Արցախին։ Թեմայի համատեքստում Լիպարիտյանը անպայման հիշում է ցորենի պատմությունը՝ դա մեզ վրա վաճառելով որպես թուրքական հազարամյա ողորմություն։

Հարցազրույցի ամենանողկալի հատվածը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն։ Լիպարիտյանի պնդմամբ եկեղեցին սպասարկում է Ռուսաստանի շահերը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ օլիգարխ է։ Ըստ նրա եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, բայց Մոսկվայի դրդմամբ Սուրբ Էջմիածինը քաղաքական կուսակցություն է դարձել։ Սա արդեն զուտ մանիպուլյացի էլ չի, այլ փաշինյանական վուլգար պրոպագնադայի մեխանիկական վերարտադրություն։ Լիպարիտյանը գիտակցաբար չնկատելու է տալիս կառավարության «ԿԳԲ»-ական պատժիչ գործողությունները այլախոհների նկատմամբ, քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ավանդույթների քայքայումն ու ավտորիտարիզմի հաղթարշավը՝ այդ ամենը լեգիտիմացնելով միայն Ռուսաստանին հակադրվելու անհրաժեշտությամբ։ Լիպարիտյանը նաև մոռացության է մատնում այն պարզ փաստը, որ կոնֆլիկտը սկսել է հենց Փաշինյանը, այլ ոչ թե Գարեգին Բ-ն։ Երբ Լիպարիտյանը պնդում է, թե եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, ի՞նչ նկատի ունի։ Այսինքն ինքը, Դանիել Իոաննիսյանը, Արեգ Քոչինյանը, Արմեն Գրիգորյանը, ՔՊ-ական կիսագրագետ պատգամավորները իրավունք ունե՞ն հայրենիքի ու պետության մասին դատողություններ անել, իսկ աստվածաբանական և փիլիսոփայական կրթություն ունեցող եպիսկոպոսներն ու վարդապետները ո՞չ։ Այն հայրենիքի մասին, որի չճանաչված մասը հարյուրավոր եկեղեցիներով անհետացավ, իսկ ճանաչված մասն էլ օր օրի քայքայվում է։ Այսինքն, հոգևորականների բողոքն ու ընդվզումը զուտ Մոսկվայի կարգադրությամբ էր, այլ ոչ թե Արցախի հայաթափման ու ոչնչացման պատճառով։

Եկեղեցուն պախարակելու նպատակով պատմաբան Լիպարիտյանը դիմում է պատմական կեղծարարության։ Ինչ-որ ընդհանրական պնդում է անում, թե եկեղեցին միշտ ենթարկվել է օտար տիրապետությունների՝ հատկապես բերելով սովետական 70 տարիների օրինակը։ Այն նույն 70 տարիների մասին է խոսքը, երբ հոգևորականները գնդակահարվում էին, եկեղեցիները փակվում կամ էլ պայթեցվում, իսկ կաթողիկոսն էլ խեղդամահ արվում։

Խոսելով մյուս երեք նվիրապետական աթոռների մասին՝ Լիպարիտյանը ասում է հետևյալը․ Կ․Պոլսի պատրիարքությունը Թուրքիայի տիրապետության տակ է, Երուսաղեմի պատրիարքությունը՝ Իսրայելի, Անթիլիասը զավթված է ՀՅԴ-ի կողմից՝ միգուցե անուղղակիորեն ակնարկելով Էջմիածնի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նվաճվելու և բարենորոգվելու անհրաժեշտության մասին։ Ինչ խոսք, սա եկեղեցագիտության, պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին փայլուն դասախոսության նմուշ է «մեծ» պատմաբանի կողմից։

Ընդհանրապես հայոց պատմության վերաբերյալ Լիպարիտյանի գրեթե բոլոր դատողություններն են տարակուսելի։ Նրա համար հայոց պատմությունը խիստ սխեմատիկ ու արհեստականորեն պատճառայնացված մի համակարգ է, որտեղ հայերն անընդհատ ապավինում են Քրիստոնյա Եվրոպայի և Ռուսաստանի օգնությանը, իրատես ու պրագմատիկ չեն, հույսը չեն դնում սեփական ուժերի վրա, չեն հասկանում, որ իրենք պատկանում են այս տարածաշրջանին ու վերջում ցեղասպանվում են և կոտորվում։ Նա և իր կողմնակիցները հենց այս ընդհանրական, պարզունակ և վուլգարացված համատեքստում են մեկնաբանում 3000-4000 տարիների հայոց պատմությունը, ինչը անցյալ դարում կարող էր ուտվել որպես սրամիտ հրապարակախոսություն, իսկ հիմա արդեն փոխակերպվել է Թուրքիայի վրայից ցեղասպանության բեռը հանելու քաղաքականության։ Սրա մասին հարցազրույցի ընթացքում Լիպարիտյանը ակնարկում է, բայց չի ծավալվում։

Իհարկե Լիպարիտյանի ինչպես այս, այնպես էլ այլ հարցազրույցներում արտաբերած մտքերի մասին դեռ շատ կարող ենք խոսել, բայց սահմանափակվենք միայն այսքանով։ Իսկ վերջաբանի փոխարեն առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն պարզ իրողության վրա, որ Հայաստանի դեմ զորեղ պատերազմ է մղվում՝ հագեցած տրամաբանական ու ազդեցիկ տեքստերով։ Այդ տեքստերը պետք է ջարդվեն։

Կարպիս Փաշոյան

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ