Ո՜վ կույր ժողովուրդ, քանի որ դու չանսացիր Տիրոջ կանչերին և չստանձնեցիր ապաշխարության քաղցր լուծը, դու կքաղես քո ընտրության պտուղները և ստիպված կլինես խմել պարտադրված ապաշխարության՝ ցասման դառը բաժակը (ուշադիր կարդալու):
Աստվածաշունչը բազմիցս փաստում է, որ աղետները գալիս են այն ժամանակ, երբ ժողովուրդը համառորեն փակում է իր ականջները Աստծո խոսքի և նախազգուշացումների առաջ։
1․ «Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, եւ նրանք աւելի անհնազանդ դարձան, քան իրենց հայրերը» (Երեմ․ 7։26)։
2․ Մարգարեի միջոցով Աստված իր վերաբերմունքն է արտահայտում Հին Կտակարանի ընտրյալ ժողովրդին․ «Ու դու կ՚ասես նրանց. «Սա այն ազգն է, որ չանսաց իր Տէր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հաւատքը նուազեց, եւ ճշմարտութիւնը վերացաւ նրա բերանից» (Երեմ․ 7։28)։
3․ Ապաշխարությունը Աստվածաշնչում ներկայացվում է որպես թեթևություն և փրկության միակ ճանապարհ, որը մարդիկ հաճախ մերժում են՝ նախընտրելով սեփական կործանարար ընթացքը. «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք
ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք,
որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթ․ 11:29-30)։
4․ Դարձյալ Աստված զգուշացնում է իր ժողովրդին, թե ինչ է լինում, երբ սնոտի բաների վրա է հույսը դնում. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ՚ապրես եւ կ՚իմանաս, թէ որտեղ ես գտնւում»։ Որովհետեւ յոյսդ դրել էիր սնոտի բաների վրայ, դրա համար էլ սնոտի դարձաւ եւ ձեր զօրութիւնը։ Դուք չէիք կամենում լսել, այլ ասում էիք. «Մենք կը փախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք» (Ես․ 30:15-16)։
5․ Աստվածաշնչյան ամենակարևոր հոգևոր օրենքներից մեկն այն է, որ Աստված մարդուն կամայականորեն չի պատժում, այլ թողնում է, որ մարդը ճաշակի իր իսկ սխալ ընտրության դառը պտուղները. «Քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ Այսուհետեւ նրանք կ՚ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ» (Առակ․ 1։29-31)։
6․ Մեկ այլ տեղ Տերը կրկին զգուշացնում է ժողովրդին․ «Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ։ Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է ինձ լքելը, - ասում է քո Տէր Աստուածը» (Եր․ 2:19)։
7․ Մեղավոր ժողովրդին զգուշացնում է մարգարեն․ «Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր» (Ես․ 51:17)։
8․ Տիրոջ ցասման բաժակը հրամցվում է մեղավոր ազգին. «Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից եւ խմեցրու բոլոր ազգերին, որոնց մօտ կ՚ուղարկեմ քեզ.
նրանք կը խմեն այն ցմրուր եւ խելքները կը թռցնեն այն սրի ահից, որ ես նրանց վրայ եմ ուղարկելու» (Երեմ․ 25:15)։
9․ «Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղաւորները կը խմեն այն» (Սաղմ․ 74:9)։
10․ Երբ ազգը կամավոր հրաժարվում է հոգևոր վերածննդից ու ապաշխարությունից, իր համար մարդկային կուռքեր է ստեղծում և իր հույսն ու ապագան կապում կեղծ խոստումների հետ, նա ինքն իրեն դատապարտում է ցասման բաժակը մինչև վերջ խմելուն։
Սակայն, մխիթարությունն այն է, որ Աստված չի դրժում իր ուխտը և այս ամենը անում է սիրուց դրդված, որպեսզի իր ժողովուրդը ոչ թե կործանվի, այլ դարձի գա, ապաշխարի ու փրկվի․ «Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց, եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի։ Ոչ էլ իմ ուխտը կ՚անարգեմ, կամ կ՚արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից» (Սաղմ․ 88:34-35)։
Իսկ ինչպե՞ս խմել դառը բաժակը․ «Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի» (Առակ․ 3:11-12)։
Աստծո վերջնական կամքը մեղավորի կորուստը չէ, այլ նրա կյանքն ու հավիտենական փրկությունը. «Ամենակալ Տէրն ասում է՝ կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր չար ճանապարհից, ինչո՞ւ մեռնէք ․․․» (Եզեկ․ 33:11)։
Տառապանքի մեջ են մարդիկ երեսները դեպի Աստծուն հառում․ «Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ՚ասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն. որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կը բժշկի, վիրաւորեց եւ կը կապի մեր վէրքերը» (Ովսե 6:1-2)։
Աստծո խստության թիկունքում միշտ թաքնված է Նրա փրկարար սերը, քանի որ Տերը խրատում է նրան, ում սիրում է, ինչպես հայրը՝ իր ցանկալի որդուն (Եբր․ 12:6, Երկրորդ օր․ 8։5)։
Մի՛ մոռացեք․ «Տէր Աստուած մեր դատաւորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան» (Ես 30։19)։ ԱՄԵՆ:
Սամվել դպիր Գրիգորյան