ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Զորահանդեսը շարունակվում է»

«Զորահանդեսը շարունակվում է»
19.04.2026 | 20:54

(«մեծ կոմբինատորների» վերադարձը)

2026 թվական, ապրիլի 19:

Կիրակնօրյա այս առավոտյան լրատվական կայքերն ինֆորմացիոն դաշտ նետեցին այնպիսի «սենսացիա», որը ստիպեց մտաբերել հանճարեղ Իլյա Իլֆին ու Եվգենի Պետրովին։

Եթե օրվա «հերոսների» հոգևոր հայրը՝ Մեծ կոմբինատորը, տիրապետում էր փող կորզելու 400 համեմատաբար օրինական եղանակների, ապա հայաստանյան ողբերգական իրականության մեջ ականատեսն ենք պատասխանատվությունից ճողոպրելու և հանրային հիմարացման 400-ից ավելի կատարելագործված «տեխնոլոգիաների»։

Բայց էական մի տարբերությամբ. Բենդերն ընդամենը դատարկում էր քաղաքացիների գրպանները, իսկ սրանք՝ սեփական կաշին փրկելու համար, աճուրդի են հանում պետականության վերջին փշրանքները՝ որպես մանրադրամ օգտագործելով ժողովրդի հավատն ու նահատակների արյունը։

Ընդամենը երկու ամիս առաջ՝ փետրվարի 27-ին, սոցցանցերն ու իշխանական քարոզչամեքենան լալահառաչ աղմկում էին՝ տենդագին նախապատրաստելով «սուրբ զոհաբերության» պրիմիտիվ դեկորացիաները։

3-րդ մասցի «անարատ կույսի» կյանքից հանրությանը հրամցնում էին արցունքներ քամող, սրտակեղեք մի ֆարս. նա հեռացավ մենակ․․․ սոված ու տկլոր, առանց թանկարժեք նվերների, առանց զգեստապահարանի ու գումարի՝ մարմնավորելով քաղաքական ասկետիզմի և «չունևորության» պրոֆեսիոնալ, բայց էժան բլեֆը։

Հանրության ուղեղ ունեցող հատվածին, իհարկե, պարզ էր՝ «տիկնոջ» դեռևս ճպռոտ աչքերով ու Reels-ային էսթետիկայով մատուցված տեսանյութը ոչ թե հեռացում էր, այլ բեմադրված գավառական վոդևիլ, որտեղ «պակասող» յուրաքանչյուր դետալ պետք է լրացներ պատասխանատվության այն ահռելի դեֆիցիտը, որը տարիներով կուտակվել էր նրանց իշխանության յուրաքանչյուր քայլի ու բառի տակ։

Սրանք կարծում էին, թե ուրացման և դավաճանության բեռը կարելի է թողնել կառավարական ամառանոցի դարպասների հետևում և տարրալուծվել «վարձով» կյանքի անհայտության մեջ։

Բայց հետագա զարգացումները փաստեցին՝ այդ բեռն ամենուր ստվերի պես հետապնդում է նրանց, անգամ այնտեղ, որտեղ փորձում են «սրտիկներով» ու ավտոարշավներով խլացնել սեփական խղճի, եթե ունեն, վերջին ճիչերը։

Իսկ ինչ եղավ հետո՞։

Ընդամենն այն, որ կրկին բացվեց աճպարարական արկղի կափարիչը, և սկսվեց ներկայացման կանխագուշակելի արարը՝ «Նա վերադարձավ» վերտառությամբ։

Առանց ավելորդ ռևերանսների կամ սեփական ստի համար արդարանալու ճիգի՝ մերօրյա մադամ Գրիցացուևան կամ, ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ «знойная женщина- мечта поэта», միանգամից հայտնվեց Գյումրիի սրճարանային տեսարաններում՝ նախկին անկողնակցի կողքին։

Հայտնվեց այնպիսի անթաքույց ինքնավստահությամբ, ասես ոչ թե ազգային ողբերգության մասնակից էր, այլ գավառական ներկայացման դերակատար, որ արարների արանքում պարզապես փոխել է զգեստն ու դիմահարդարումը։

Կարծես ոչինչ էլ չէր պատահել։

Երկու ամիս առաջվա «վարձով» կյանքի ու «մենակության» մասին ողբերգությունը ոչ թե իրենց, այլ մեկ ուրիշի հորինած տափակ անեկդոտն էր։

Եվ մինչ լրագրողների հարցերը՝ վարձով ապրելու ձախողված ֆարսի և կառավարական շքեղություն վերադառնալու մասին, խեղդվում էին նրա դատարկ լռության մեջ, օդում տարուբերվում ու լկտիաբար աչքով էր անում անմահ Օստապ Բենդերի ցինիկ ասույթը.

- Զորահանդեսի հրամանատարը կրկին ես եմ․․․ Նիստը շարունակվում է նոր երանգներով ու փայլով, պարոնայք երդվյալ ատենակալներ։

Այս «վերադարձը» ոչ թե ընտանեկան վերամիավորում է, այլ քաղաքական հայտարարություն․ ուղերձ այն մասին, որ «աճպարարությունն» անպարագիծ է, իսկ հանրային հիշողությունը նրանց պատկերացմամբ՝ ընդամենը երկու ամսվա տևողությամբ կյանք։

Իսկ հանդուգն լռությունն ու բենդերյան ինքնավստահությունը վերջնականապես պատռեցին «ժողովրդավարական ասկետիզմի» վերջին շղարշը։ Պարզվեց՝ նրանք նույնիսկ կարիք չեն զգում արդարանալու, քանզի իրենց պատկերացմամբ՝ ողջ երկիրը մի մեծ կրկես է, որտեղ իրենք և՛ տոմսավաճառն են, և՛ ձեռնածուն, և՛ զորահանդեսի միակ հրամանատարը։

Ավտոարշավների շարժիչների դռնդոցի տակ նրանք վերադարձան իրենց շքեղ առօրյային՝ ապացուցելով, որ «բոմժի» ու «չունևորի» դերը սոսկ ժամանակավոր բալախոն էր, որը կարելի է դեն նետել հենց այն պահին, երբ ներկայացման հաջորդ արարը պահանջում է կառավարական փայլ ու լկտի ճոխություն։

Բայց այս «զորահանդեսն» արդեն ընթանում է ոչ թե հիացած ակնդիրների, այլ զայրացած վկաների ներկայությամբ։

Եվ որքան էլ աճպարարները փորձեն նոր երանգներ հաղորդել իրենց ֆարսին, «երդվյալ ատենակալների» դատավճիռն այլևս ձևավորված է. պատմությունը չի ներելու նրանց, ովքեր աճուրդի հանեցին երկիրը, իսկ հետո փորձեցին խաղալ «սոված ու տկլոր» հեռացողի ողբերգական դերը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ