Մենք ապրում ենք մի դարում, որտեղ աղմուկը դարձել է կյանքի անբաժան մասը․ աղմուկ ոչ միայն փողոցներում, այլև մարդու ներսում։ Տեղեկատվության հեղեղը, շարունակվող խոսակցությունները, ձայները, էկրանի լույսերը՝ ամեն բան կարծես վանում են մեզ այն ներքին լռությունից, որտեղ կարելի է լսել Աստծուն։
Բայց Աստված չի խոսում աղմկոտ աշխարհով, այլ՝ լուռ սրտով։ Ինչպես գրում է Սուրբ Եղիշեն․ «Աստծո ձայնը լսվում է այնտեղ, որտեղ հոգին լռում է իր աղմուկից»։
Աստծո լռությունը չի նշանակում բացակայություն։ Այն հաճախ նշանակում է ներկայություն՝ ավելի խոր, քան բառերն են։ Երբեմն մենք աղոթում ենք, բայց չենք լսում պատասխան, և կարծես Տերն է լռում։ Սակայն հենց այդ լռության մեջ է Նա ուսուցանում մեզ համբերություն, վստահություն և ներքին խաղաղություն։
Սուրբ Իսահակ Ասորին ասում էր. «Լռությունը հոգու խորհրդավայրն է, որտեղ նա հանդիպում է իր Արարչին»։ Մարդը, ով չի կարող լռել, չի կարող նաև իրական աղոթք անել։ Աղոթքը խոսքերի քանակը չէ, այլ՝ ներկա լինելը Աստծո առջև։
Այսօր մեր աղոթքը հաճախ աղմկոտ է՝ արտաքինում և ներքինում։ Մենք շտապում ենք, պահանջում ենք, խոսում ենք շատ, բայց չենք մնում լռության մեջ, որպեսզի լսենք, թե ինչ է ասում Աստված։ Սակայն Տերը սովորեցնում է մեզ այլ ճանապարհ․
«Դադարեցեք և գիտեցե՛ք, որ Ես եմ Աստված» (Սաղմ. 45․11)։
Լռությունը չի նշանակում անգործություն, այլ՝ հոգևոր կենտրոնացում։ Այն տարածք է, որտեղ մեր սիրտը մաքրվում է և դառնում խոնարհ՝ լսելու աստվածային շշուկը։
Աղոթքի լռությունը պետք է սովորել, ինչպես սովորում են սիրել։ Պետք է որոշ ժամանակ ամեն օր առանձնանալ՝ հեռու աղմուկից, հեռախոսից, խոսքերից, մտքերից։ Այդ լռության մեջ մենք չենք փախչում աշխարհից, այլ՝ վերադառնում ենք դեպի մեր իրական ես-ը՝ դեպի այն փոքրիկ սրբարանը, որտեղ ապրում է Աստված։
Երբ մարդը գտնում է այդ ներքին լռությունը, նա այլևս չի վախենում ոչ աղմուկից, ոչ աշխարհից։ Նա գիտի, որ Աստված նրա մեջ է, և Նրա լռությունը խոսում է ամենաուժեղ ձայնով։
Աղոթքի լռությունը մեր հոգին վերադարձնում է իր բնական վիճակին՝ խաղաղության և սիրո։ Այդ լռության մեջ մենք հասկանում ենք, որ Աստված ոչ թե բացակայում է, այլ մշտապես ներկա է՝ սպասելով, որ մենք լռենք, որպեսզի Նա խոսի։
Տեր Հեթում քահանա Թարվերդյան