Չպետք է զարմանալ, որ մարտնչող անտեղյակության կամ իրավական նիհիլիզմի ֆոնին հոգևորականի կարգալույծ լինելու որոշումը մեկնաբանվի պետական օրենքներով: Այս պարագայում բացառված չէ, որ այդ որոշումը նույնիսկ վիճարկվի դատարանում, ոչ պակաս տարակուսելի, եթե այն բավարարվի:
Սակայն...
Հոգևոր դասի անդամների հարաբերությունները եկեղեցու ներսում կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով: Հոգևոր սպասավորությունը աշխատանքային իրավահարաբերություն չէ, առավել ևս ծառայությունների մատուցում, որի նկատմամբ կիրառելի դառնան աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքի նորմերը: Այն սերվիս չէ կամ սեզոնային աշխատանք, այլ առաքելավանդ նվիրագործություն, որով Քրիստոս այդ իշխանությունը և լիազորությունը տվեց առաքյալներին, որոնք էլ ձեռնադրությամբ տվեցին բարձր հոգևորականներին:
Հետևաբար քահանայության շնորհը և դրանից զրկումը Տիրոջ մարմնի՝ Եկեղեցու բացառիկ իրավասությունն է: Առավել ևս աշխարհիկ որևէ ատյան, պաշտոնատար անձ իրավասու չէ քննել, փոփոխել և վիճարկել այն:
Անտիոք կաննոերը շատ խիստ էին այս առումով. այն քահանան, որ կձեռնադրվեր իշխանների հրահանգով՝ կարգալույծ պիտի արվեր: Սա կատարվում էր աշխարհիկ իշխանության միջամտությունը հոգևորին իսպառ բացառելու նպատակով:
Հոգևորականը հոգևոր պաշտոն է, բառիս ի բնե իմաստով, քանի որ պաշտոն գրաբարում նշանակում է ծառայություն և ի սկզբանե վերաբերել է հոգևոր սպասավորությանը:
ՈՒստի պետական պաշտոնատար անձինք, կամ պատգամ բերողները՝ պատգամավորները կարող են իրենց կարգավիճակի արմատները և ծագումնաբանությունը առնվազն փնտրել եկեղեցու կանոններում և չվիճարկեն երբեք այն, ինչը քննելի չէ...
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ