2020-ի նոյեմբերի 9-ին դադարեցվեց արյունալի պատերազմը։
Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմից առաջ ասում էր, թե բանակցությունները սկսելու է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իր «զրոյական կետից»։ Այդ զրոյական կետը հետագայում պետք է դառնար պատերազմի սանձազերծումը և Արցախի ամբողջական կորուստը։
Նա մի քանի անգամ կարող էր կանգնեցնել պատերազմը, սակայն չարեց։ Այդ որոշումների հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր ու անդառնալի տարածքային կորուստներ։
Էլ չեմ ասում, որ եթե նա վարչապետ չլիներ, պատերազմից միանշանակ հնարավոր կլիներ խուսափել։ Դա են փաստում իր արկածախնդիր քայլերը, օրինակ, Արցախի նախագահի երդման արարողությունը կազմակերպել Շուշիում, «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, ինչպես նաև 30 տարվա ընթացքում ձևավորված բանակցային գործընթացի մերժումն ու Լավրովի պլանի չիրագործումը։
Հետագայում նա փորձեց պատասխանատվությունից փախչել՝ ամեն ինչ բարդելով նախկինների վրա։ Սակայն, բոլոր իրենց թերություններով, նախկին նախագահներն Արցախը չեն հանձնել, իսկ նա հանձնեց։
Ավելի ուշ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող նույն իշխանությունը հայտարարեց, թե մեր տղերքը զոհվել են հանուն ոչնչի, թե կռվում էին «թշնամու տարածքում»։ Մոռանալով, որ հենց ինքն էր կոչ անում՝ «կասկա, բրոնեժիլետ հագնել, խմբեր ձևավորել և մեկնել առաջնագիծ»։ Նույն Նիկոլը, որը գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հետո ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։
Եվ հենց այն օրը, երբ վերջնականապես կորցրինք Արցախը, այդ նույն մարդիկ առաջարկում էին այն հայտարարել նոր անկախության օր՝ ապացուցելով, որ իրենք ի սկզբանե եղել են «Արցախը տանք, հանգիստ ապրենք» հակահայկական գաղափարախոսության կրողները։
Մեր հայրենիքը բեռ է եղել նրանց համար, և իշխանության գահի համար որոշել են այն մաս-մաս հանձնել՝ սկսելով Արցախից, շարունակելով Ջերմուկի հարակից տարածքներով, Գորիս-Կապան ճանապարհով և Տավուշի գյուղերով՝ այդ ամենը փաթաթելով «իրական Հայաստանի» կեղծ գաղափարախոսության ներքո։
Եվ եթե այս կործանարար ընթացքը շարունակվի, արդեն հանձնելու են այսպես կոչված ՀՀ տարածքում գտնվող անկլավներն ու թույլ են տալու ադրբեջանցիների «վերադարձը»։
Այս ամենի մեջ միայն մեկ բան մնում է անշեղ՝ հարգանքը նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, և նրանց, ովքեր պատվով վերադարձան...
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ