ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Սա արդեն ճաշակի հարց չէ, սա ազգային ու մշակութային աղետ է

Սա արդեն ճաշակի հարց չէ, սա ազգային ու մշակութային աղետ է
30.04.2026 | 22:12

Էսօր մի երիտասարդի տեսա՝ մոտ 18-19 տարեկան։ Մեքենայի մեջ նստած, ծխախոտը կսկիծով ծխելով՝ լսում էր թուրքական ոճին բնորոշ, իմաստազուրկ մի բայաթի՝ ինչ-որ անվերջանալի տառապանքների ու «դարդերի» խորության մասին։ Մոտեցա, բարևեցի ու հարցրեցի.

- Ամեն ինչ նորմա՞լ է մոտդ, ազիզ ջան։

- Բա ցենտր է, հոպար։

- Բա եթե «ցենտր» է, ո՞րն է բայաթի լսելուդ պատճառը, այ բալամ։

- Բա բայաթի չէ, հոպարս, «կրալնետ» է, էս երգողն էլ մեր ընկերն է... բառերի մեջ որ խորանում եմ՝ տանում է…

Հետո մոտեցավ մի երիտասարդ աղջիկ, նստեց նույն մեքենան ու ասաց.

- Դե, սկզբից էս երգը դիր, երեկ ամբողջ օրը «տարել էր»…

- Տեսա՞ր, հոպար, բա որ ասում էի... Դե գնացինք, ցավդ տանեմ, համ էլ սրա մեջ է կյանքն ու կայֆը, ձեր սերունդը մեզ չի հասկանա։

Այսօրվա այդ հանդիպումից հետո մի հարց է տանջում՝ ո՞ւր է գնում մեր երիտասարդությունը։ Բայաթիներ, անիմաստ տառապանք ու ունայնություն «տանող» երգեր… Սա՞ է 18 տարեկանի պատկերացրած «ցենտր» կյանքը։ Ազնվությամբ ցավ եմ ապրում, որ մեր իրականությունը շատերի համար սկսվում ու ավարտվում է անճաշակ ռիթմերի տակ «խորանալով»։

Ասում են՝ ազգի ու մարդու մասին կարծիք կազմելու համար պետք է հաշվի առնել, թե ինչպես են հագնվում և ինչ երաժշտություն են գերադասում։ Սա արդյունք է նրա, որ տասնյակ տարիներ ժողովրդին մատուցել են, թե մեր ազգայինը, մեր ժողովրդականը «գեղցիություն» է ու հետադիմություն։

Այսօրվա պատկերը սարսափելի է։ Մեքենաների պատուհաններից ոչ թե երաժշտություն է լսվում, այլ հոգեվարքի մեջ գտնվող ինչ-որ անասնական ոռնոց, որն ավելի շատ նամազ է հիշեցնում, քան մեղեդի, էլ չեմ ասում քրեական ենթամշակույթ քարոզող երգերի մասին։ Ու հենց սա է դարձել մեր ժամանակակից կեցության հիմնաքարը՝ պարտադրված տգիտություն, որը մարտնչում է ցանկացած բանականության դեմ։

Ախր, եթե Փոլադ Բյուլբյուլօղլի ունեցող, տղամարդու ու կնոջ ձայների տեղերը շփոթած ժողովուրդն է այդ ոռնոցը լսում ու հիանում, ինչ-որ տեղ հասկանալի է... բայց երբ Կոմիտաս, Արամ Խաչատրյան ու Առնո Բաբաջանյան ունեցող ազգն է դա երկրպագում, սա արդեն ճաշակի հարց չէ, սա ազգային ու մշակութային աղետ է, որի շուրջ լռելն ուղղակի հանցագործություն է։ Դեգրադացիան հենց այստեղ է սկսվում՝ երբ հարստությունդ թողած՝ սկսում ես երկրպագել աղբը։

Հավատացեք, անհանգստությունս տեղին է, որովհետև վաղը նման անճաշակություն նախընտրող երիտասարդներից մեկը լինելու է ցանկացածիդ փեսան կամ հարսը... Ախր մշակույթը մեր ներքին հիգիենան է, մեր տեսակի արժանապատվությունը: Ցանկացած ծնող չպետք է թույլ տա, որ օտարամուտ ու ցածրորակ աղմուկը խլացնի մեր երիտասարդության գենետիկ հիշողությունը:

Ժամանակն է զտելու մեր լսողությունն ու հոգին, որպեսզի վաղը մեր զավակները մեծանան ոչ թե «ոռնոցների» ներքո, այլ այն վեհ մեղեդիների, որոնք մեզ ազգ են դարձրել:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 5108

Մեկնաբանություններ