Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հայաստանը չպետք է դառնա երկրորդ ՈՒկրաինա

Հայաստանը չպետք է դառնա երկրորդ ՈՒկրաինա
27.08.2026 | 10:07

«Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ-ի հետ կապերի սերտացման ուղով, և Ուկրաինան պատրաստ է օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սա, թերևս, այն դեպքերից է, երբ պետք է ցանկանալ, որ Զելենսկին հնարավորինս քիչ «օգնի» Հայաստանին և, առհասարակ, մեր երկիրը չդիտարկի ուկրաինական փորձի տարածման հերթական հասցե։

ԵՄ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, եվրոպական շուկաների հասանելիությունը, ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են և պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Խնդիրը ուկրաինական մոդելն է։

Այդ մոդելի գլխավոր վտանգն աշխարհաքաղաքական կոշտ ընտրության տրամաբանությունն է, որի պայմաններում պետությունը հայտնվում է մեծ տերությունների հակամարտության թիրախում։

Ուկրաինայի դեպքում դրա հետևանքները ողբերգական են՝ պատերազմ, մարդկային ահռելի կորուստներ, ավերված քաղաքներ, միլիոնավոր տեղահանվածներ և մեծ կախվածություն՝ արտաքին աջակցությունից:

Հայաստանն իրավունք չունի կրկնելու այդ ճանապարհը։

Առավել ևս, որ մեր մեկնարկային պայմաններն անհամեմատ ավելի խոցելի են։

Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներով, բարդ անվտանգային միջավայրով, Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական հարևանությամբ։ Նման պայմաններում Հայաստանը աշխարհաքաղաքական դիմակայության նոր հարթակի վերածելը պետականության համար չափազանց վտանգավոր արկածախնդրություն է:

Հետևաբար, Հայաստանի իրական ընտրությունը «Ռուսաստան, թե Եվրոպա» պարզունակ երկընտրանքը չէ։

Պետական շահը պահանջում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ առանց քանդելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնցից այսօր կախված են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության կարևոր բաղադրիչներ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում հենց բևեռացման վտանգավոր տրամաբանությունը։

Հայաստանը եվրոպական ինտեգրման ճանապարհին առաջ շարժվելու հայտ է ներկայացնում՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ և պահպանելով Ռուսաստանից տնտեսական մեծ կախվածությունը։

Նման իրավիճակը պահանջում է չափազանց զգույշ և հաշվարկված քաղաքականություն։

Այս համատեքստում Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ։

Ուկրաինայի ողբերգական փորձը Հայաստանի համար ընդօրինակման օրինակ չէ։ Այն նախազգուշացում է, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է հանգեցնել պետության հայտնվելը խոշոր աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում։

Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին կարելի է և պետք է քննարկել։ Պետք է զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ընդլայնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Բայց այդ ամենը չպետք է Հայաստանը վերածի արևմտյան էլիտաների հակառուսական քաղաքականության ֆորպոստի:

Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ