Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանային պատերազմով

Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանային պատերազմով
04.02.2026 | 11:18

Ամերիկյան «The Wall Street Journal» (WSJ) օրաթերթը փետրվարի 1-ին բացահայտել է Իրանի հետ հակամարտությանն ԱՄՆ-ի նախապատրաստության մանրամասները: Ըստ այդմ, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղափոխում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ THAAD համալիրը, որպեսզի պաշտպանի իր զորքերն ու դաշնակիցներին տարածաշրջանում Իրանի պատասխան հարվածի դեպքում:

Համաձայն WSJ-ին ամերիկացի պաշտոնյաների հայտնած

տվյալների, ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել ձգձգվող պատերազմից, միաժամանակ Թեհրանի պատասխան հարձակման ու հնարավոր երկարատև պատերազմի դեպքում Իսրայելի, արաբական դաշնակիցների և ամերիկյան զորքերի պաշտպանության համար հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ միջոցներ է տեղադրում:

Նրանց խոսքով՝ եթե Թրամփն այսօր հարձակման հրաման տար, ամերիկյան ուժերը կարող էին սահմանափակ ավիահարվածներ հասցնել Իրանին: Այնուամենայնիվ, վճռական հարվածը, որն ԱՄՆ-ի նախագահը զինվորականներին խնդրել է մշակել տարածաշրջանում երկարատև պատերազմից խուսափելու համար, կարող է Իրանի կողմից համաչափ պատասխան առաջացնել, ինչը պահանջում է վերոնշյալ համակարգերի ուժեղացում:

ԱՄՆ-ի զինվորականները Մերձավոր Արևելքում արդեն ունեն ՀՕՊ և ՀՀՊ միջոցներ, այդ թվում՝ ականակիրներ, որոնք ունակ են ոչնչացնել օդային սպառնալիքները։ Կառավարվող հրթիռներով որոշ ականակիրներ տեղափոխվել են տարածաշրջան։ Ինչպես հաղորդել է WSJ-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնյային և բաց աղբյուրներից ստացված լուսանկարը, փետրվարի սկզբին Վաշինգտոնը գործողության բավարար շառավղով արդեն ութ ականակիր ուներ իրանական հրթիռները և անօդաչուները խոցելու համար, դրանցից երկուսը՝ Հորմուզի նեղուցի մոտ, երեքը՝ Արաբական ծովի հյուսիսային մասում, մեկը՝ Իսրայելի մոտ, Կարմիր ծովում, և երկուսը՝ Միջերկրական ծովի արևելքում:

Թերթը գրել է, որ ԱՄՆ-ը նաև մի քանի F-35 կործանիչներ է տեղափոխել տարածաշրջանին ավելի մոտ. Վերմոնտ նահանգի Ազգային գվարդիայի վեց ինքնաթիռների, որոնք գտնվում էին Կարիբյան տարածաշրջանում, հունվարի 29-ին նկատել են Պորտուգալիայի մոտակայքում գտնվող Ազորյան կղզիներում: Բացի այդ, պարբերականի տեղեկություններով, ռազմածովային ուժերի «EA-18G Growler» ռադիոէլեկտրոնային պայքարի մի քանի ինքնաթիռներ վերջերս լքել են Պուերտո Ռիկոն և ժամանել Իսպանիա:

Հոդվածում պոտենցիալ հակամարտությանն ԱՄՆ-ի նախապատրաստության ամենաակնհայտ նշանը համարում են THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրի և «Patriot» ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի տեղակայումը մերձավորարևելյան ռազմաբազաներում, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը, այդ թվում՝ Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում և Քաթարում: WSJ-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնն ունի THAAD-ի միայն յոթ մարտկոց, ընդ որում, վերջին մեկ տարվա ընթացքում համալիրի հրթիռների թիվը զգալիորեն կրճատվել է (դրանց բավական մեծ քանակություն օգտագործել են 2025թ. ամռանն Իրանի վրա հարձակվելու ընթացքում, սակայն ունեցած պաշարներն ամբողջությամբ վերականգնել դեռ չեն հասցրել):

«Patriot» -ի և THAAD-ի տեղափոխումը թանկ է նստում։ Հավանականությունը, որ դրանք կօգտագործվեն, սկսում է աճել»,- թերթին տված մեկնաբանության մեջ ասել է ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (երբեմնի Պենտագոնի) նախկին աշխատակից Սեթ Ջոնսը։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ելույթ ունենալով Pink TV հեռուստաալիքով , կանխատեսել էր ԱՄՆ-ի հարվածն Իրանին 48 ժամվա ընթացքում: Նրա կարծիքով, «Իրանի վրա հարձակումն անխուսափելի է»։

«Առաջիկա 48 ժամվա ընթացքում ակնկալում եմ Իրանի վրա հարձակում և մի շարք այլ խոշոր իրադարձություններ»,- ասել է Վուչիչը:

Ըստ Սերբիայի նախագահի, Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր հրապարակումը մոտեցնում է ամերիկյան հարձակումը։ Նա ներկա իրավիճակը նմանեցրել է Մոնիկա Լևինսկու շուրջ ծավալված սեռական սկանդալի հետ։

«Երբ հայտնվում է նման անհեթեթություն, ինչպես դա եղավ Մոնիկա Լևինսկու հետ, այդ ժամանակ ինչ-որ մեկին սկսում են ռմբակոծել։ Արդյոք դա կարագացնի որոշումների կայացումը: Ես գրեթե վստահ եմ»,- ընդգծել է Վուչիչը։

Նշենք, որ Ջեֆրի Էփշտեյնի գործով օրերս հրապարակված փաստաթղթերում տեղեկություններ կան նաև մանկապղծի հետ Թրամփի վարկաբեկիչ կապերի վերաբերյալ:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենին նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ երկրների միջև հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, սակայն Թեհրանը պատրաստ է «ուժեղ հակահարված տալ»:

«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սկսեն, ապա այդ պատերազմը տարածաշրջանային կլինի”,- իրանական «Tasnim» գործակալության տեղեկացմամբ, ասել է նա:

Իրանի վերջին անկարգությունները, որոնք ուղեկցվում էին ջարդերով և հարձակումներով, ավելի շատ նման էին պետական հեղաշրջման փորձի, սակայն դրանք ճնշվել են, հավելել է Խամենեին:

«Նրանց նպատակը երկրի կառավարման կարևոր կենտրոնների ոչնչացումն էր»,- ասել է նա:

Իրանի գերագույն առաջնորդը նաև ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, «բայց ի պատասխան նրան, ով ագահ կլինի, կցանկանա հարձակվել և վնասել, Իրանի ժողովուրդն ուժեղ հակահարված կտա»:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր ուժերը «մատը պահում են ձգանի վրա» և «ավելի քան երբևէ պատրաստ են կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններն ու հրահանգները»: Իշխանությունները նախազգուշացրել են, որ հարձակման դեպքում «օրինական թիրախ» կդառնան իսրայելական տարածքը, ինչպես նաև Մերձավոր արևելքում տեղակայված ամերիկյան բազաները:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ