ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«ԵՄ-ին ինտեգրվելը չպետք է գերագնահատել»

«ԵՄ-ին ինտեգրվելը չպետք է գերագնահատել»
25.06.2013 | 21:59

irates.am-ի հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


-Պարոն Վարդանյան, ինչո՞ւ է թե՛ քաղաքական կյանքում, թե՛ քաղաքացիական նախաձեռնություններում առաջացել վակուում: Չկա՞ հստակ ձևակերպված օրակարգ:
-Ես կարծում եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության ողջ շրջանում նման փուլեր եղել են պարբերաբար, կրկնվում են: Սա էլ նմանատիպ հերթական փուլն է: Երբ ընդդիմադիր հանրությունը մեծ հույսեր է կապում ինչ-որ գործընթացի հետ, նպատակ է դնում՝ կարճ ժամանակահատվածում հասնելու իշխանափոխության, դրանից հետո վրա է հասնում այս պահը: Երկրում ստեղծվում է հիասթափության որոշակի մթնոլորտ, նաև՝ ընդդիմադիր սուբյեկտները փորձում են զրոյից կառուցել իրենց հետագա քայլերը: Հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է պետք անել:
-Նախկին կառույցներն ու գործիքները չե՞ն արդարացնում իրենց:
-Հին օրակարգով գործելն այլևս արդիական չէ, քանի որ չես կարող ապահովել ակտիվություն: Բնականաբար, կա մոտեցումները վերանայելու անհրաժեշտություն: Հիմա ես չգիտեմ՝ այս անգամ սխալներից դասեր կքաղե՞ն, կսովորե՞ն, թե՞ ոչ:
Այսօր մեր հասարակությունը պայքարի նոր ձեերի, նոր ձևաչափերի փնտրտուքի մեջ է, և հիմա հենց այն ժամանակահատվածն է, երբ տարբեր սուբյեկտներ փորձում են կայանալ: Սա երկար չի կարող տևել: Կայացման առաջին փուլը պետք է ավարտվի քաղաքական նոր «եթերաշրջանի» ի հայտ գալու հետ մեկտեղ, սեպտեմբեր ամսին: Եվ սեպտեմբեր ամսին մենք ավելի հստակ կտեսնենք ու կփորձենք հասկանալ, թե մոտ ժամանակներում ինչ քաղաքական զարգացումներ են սպավում:
Ընդդիմության համար եղել է գործողությունների երկու տարբերակ. կա՛մ հերթական ընտրությունների ժամանակ դնել իշխանափոխության խնդիրը, ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն և հետագայում կազմակերպել բողոքի գործողություններ՝ հույս ունենալով, որ դա կհանգեցնի իշխանափոխության, կա՛մ հույսը դնել արտահերթ ընտրությունների վրա:
-Չե՞ք կարծում, որ այդ տարբերակներն էլ արդիական չեն:
-Ե՛վ արտահերթ ընտրությունների, և՛ հերթական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու նպատակը նորմալ և ընդունելի է: Եթե հերթական ընտրություններ են, ապա ինչո՞ւ չմասնակցել և այդ ընտրությունները դարձնել իշխանափոխության գործիք: Նույնը վերաբերում է արտահերթ ընտրություններին: Խոսքն այստեղ ինչպես-ի, այն գործողությունների մասին է, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության: Այդ ամենը պահանջում է ինքնակազմակերպման բարձր մակարդակ, հստակ տեխնոլոգիաներ, հստակ մեթոդոլոգիա: Պահանջվում է նաև մեծ ցանցի առկայություն: Ամբողջ հանրապետությունով պետք է գործի ակտիվ քաղաքացիների ցանց, որոնք համագործակցում են միմյանց հետ: Երկրորդը որոշումների կայացումն է, որոնք պետք է մշակվեն ներքևից վերև սկզբունքով: Սա՛ է մեզ պակասում: Մենք տեսել ենք, որ շատ հաճախ մեկ հոգու կամքից է ամեն ինչ կախված լինում:
-Հայաստանի քաղաքական օրակարգում ամենաշատ քննարկվող հարցերից մեկն այս պահին վերաբերում է առաջիկայում ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Ակնկալո՞ւմ եք, որ ԵՄ խաղի կանոններին ենթարկվելը ժամանակի ընթացքում մեր երկրում կարող է ջարդել քաղաքական և տնտեսական մենաշնորհները:
-Ընդհանրապես կան որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններ, որոնք կա՛մ նպաստում, կա՛մ խոչընդոտում են երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը: Չի կարելի ասել, թե մեկ առանձին գործոն կարող է հանգեցնել արմատական փոփոխությունների: Այս դեպքում ես կարծում եմ, որ ԵՄ-ին ինտեգրումը նպաստող հանգամանք է: Սակայն այսօրվա պայմաններում ես չէի գերագնահատի այդ գործոնի դերը: Ներքին բազմաթիվ գործոններ է պետք աշխատեցնել, որպեսզի քաղաքական և տնտեսական ոլորտների օլիգարխացումը հնարավոր լինի վերացնել: Այդ բանակցությունները թեև վարում է մեր պետությունը, սակայն այդ պետության գլխին կանգնած են այն ուժերը կամ սուբյեկտները, որոնք, մեղմ ասած, շահագրգռված չեն, որպեսզի լուծվեն նշված խնդիրները: Ավելի շուտ հենց իրենք են օլիգարխները:
Որպեսզի Հայաստանն ինտեգրվի Եվրամիությանը, մեզ պետք է ոչ թե մեխանիկական իշխանափոխություն, այլ՝ արմատական, համակարգային փոփոխությունների իրականացում: Այս դեպքում, իհարկե, իշխանությունները կարող են հետապնդել իրենց նեղ անձնական շահերը և մտածելով, որ դա իրենց չի հարվածելու երկարաժամկետ կտրվածքով, փորձեն ինտեգրվել ԵՄ-ին՝ դրա փոխարեն ակնկալելով արտոնություններ, ֆինանսական միջոցներ:
-Շատ է խոսվում, որ ազատական գաղափարները Հայաստանում զգալի նահանջ են գրանցել, և ցաքուցրիվ ազատական գաղափարներ դավանող կուսակցությունները պետք է միավորվեն ու լուրջ հակակշիռ ձևավորեն այսօր իրականացվող քաղաքականությանը: Տեսնո՞ւմ եք այդ նախադրյալները:
-Ես ուսումնասիրել եմ միջազգային փորձը, որը վերաբերում է ժողովրդավարացման գործընթացներին: Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ հասարակություններում միավորման փորձը հաջողվել է, և նրանք կարողացել են հասնել համակարգափոխությանը կարճ ժամանակահատվածում: Օրինակ, վերցնենք հենց Չիլիի և Սերբիայի փորձը: Չիլիում 1988թ. եղել է իշխանափոխությունը, Սերբիայում՝ 2000-ին: Սերբիայում նույն իրավիճակն էր 2000 թ., ինչ որ՝ այսօր Հայաստանում. պառակտված ընդդիմություն, մանր, կլանային վերադասավորումներ, վերահսկվող քաղաքական և մեդիա դաշտ: Այն ժամանակ շատերը համարում էին, որ սերբ ժողովուրդն արժանի է, որպեսզի Միլոշևիչը իր կոշտ ձեռքով կառավարի: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ազատական ուժերը միավորվելով՝ կարողացան ընտրությունների արդյունքները օգտագործել և հասնել հաջողության: Պետք է ամեն դեպքում ինչ-որ մի նախաձեռնություն, սուբյեկտ, որն անձնապես հետաքրքրված չէ իշխանությամբ, բայց ուզում է հասարակությանը բերել որակական փոփոխություններ:
-Մեր հարևան Ադրբեջանում երկրի նախագահի պաշտոնին է հավակնում գործող նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան: Սպասելի՞ էր նման քայլ այդ պատրիարխիալ հասարակությունում:
-Պատրիարխիալ հասարակություններում եղել են նման դեպքեր, երբ առաջին դեմքը լինում է կին: Ուղղակի նա լինում է էլիտար շրջանակների ներկայացուցիչը: Սա նորմալ է: Պետք է հաշվի առնել, որ ժամանակակից բռնապետները փորձում են կիրառել նոր տեխնոլոգիաներ իրենց իշխանությունն ամրապնդելու համար: Նման քայլերն այդ տեխնոլոգիաների մեջ են տեղավորվում: Իրենց հաշվարկն այն է, որ աշխարհին ցույց տան՝ մենք ավտորիտար պետություն չենք: Դա ոչ մրցակցային պայմաններում նշանակում է էլիտայի վերարտադրություն: PR քայլ է նաև:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ