ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նիկոլի նախաձեռնությունը տապալվեց, արտահերթ զարգացումների հույսերը՝ նույնպես

Նիկոլի նախաձեռնությունը տապալվեց, արտահերթ զարգացումների հույսերը՝ նույնպես
01.12.2014 | 16:49

Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը խորհրդարանն արտահերթ ռեժիմով չի քննարկի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հավաքել ընդամենը երեք ստորագրություն, բացի իրենից, նաև Զարուհի Փոստանջյանինը ու Ալեքսանդր Արզումանյանինը: Վերջին երկուսը, ֆորմալ առումով, «Ժառանգություն» խմբակցության անդամներ են, սակայն փաստացի կապ չունեն նրա հետ: Արզումանյանն ընդհանրապես կապ չունի, խմբակցությունում մնում է օրենքի պարտադրանքով, որ չզրկվի մանդատից. ԱԳ նախկին նախարարը նոր ՀՀՇ-ն նախաձեռնողներից մեկն է: Զարուհին, չնայած կուսակցության ղեկավար անդամ է, բայց նրա տրամադրությունները վաղուց եղանակ չեն ստեղծում «Ժառանգությունում»:

Արձանագրենք, որ Նիկոլի առաջարկը մերժված է բոլոր խմբակցությունների կողմից:
Հանրապետական մեծամասնությանը թողնենք մի կողմ. հնարավոր չէր պատկերացնել, որ անգամ մեկ-երկու հանրապետական կաջակցի այս նախաձեռնությանը, որովհետև իշխանությունից արտահոսք լինում է միայն այն ժամանակ, երբ փողոցն ակտիվ է, երկրում հեղափոխական իրավիճակ է: Հայաստանում այդպիսի իրավիճակ չկա, սովորական ձմեռային օր է:
ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը երբեք նախագահի պաշտոնանկության հարց չեն դրել, դրա մասին չեն հրապարակայնացրել ու այս կուսակցություններին այսօր դժվար է մեղադրել անսզբունքայնության մեջ՝ գոնե այս հարցում:
Այլ է եռյակի անդամ կուսակցությունների պարագան:
Ամբողջ ամառ նրանք խոսել են հեղափոխությունից ու բարիկանդներից, «ավազակապետությունից» ու «հանցավոր ռեժիմից», հիմա հրաժարվում են անել այն, ինչ խոստացել են ժողովրդին, ինչի շնորհիվ մարդկանց բերել են հրապարակ:
Նախագահի հրաժարական պահանջելը ընդդիմություն լինելու միակ ու պարտադիր պայմանը չէ: Օրինակ, ես ինձ ընդդիմադիր քաղաքացի են համարում, բայց այս պահին դեմ եմ արտահերթ ընտրությունների անցկացմանը, որովհետև խիստ կասկածելի եմ համարում դրանք, հետևաբար՝ նոր իշխանության որակը: Բայց ես՝ այս ամենի գիտակցումով, հրապարակներում արտահերթ ընտրությունների թեմայով կուրծք չեմ ծեծում:
Եռյակը հասարակությանը խոստանում է արտահերթ ընտրություններ ու դրա համար ոչինչ չի անում, չի աջակցում դրան միտված նախաձեռնությունները: Այլ խոսքով, եռյակը մոլորեցնում է հասարակությանը, ու դա պետք է գիտակցեն մարդիկ, ովքեր հարթակում փնտրում են նոր հերոսներ՝ սասունցիդավիթներ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ