ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Հայրենիքը եռաշերտ դրսևորում ունի՝ նյութական, մտավոր և հոգևոր

Հայրենիքը եռաշերտ դրսևորում ունի՝ նյութական, մտավոր և հոգևոր
15.02.2026 | 18:00

Հայրենիք բառի խորքային ընկալման և առկա թյուր պատկերացումների մասին

Զարմանալի է, որ մեր քաղաքական այրերի մեջ ազգային քաղաքակրթական իմացության հանդեպ ոչ մի հետաքրքրություն չկա: Կարծում եմ՝ հենց դա է մեր անմիաբանության ու անհաջողությունների պատճառը։ Եթե մենք ուզում ենք ազգային և, միաժամանակ, համաշխարհային նշանակության պետականություն կերտել, ապա այլ ելք չունենք, քան անսալու հայրենիքի կանչին։

Հայրենիքը եռաշերտ դրսևորում ունի՝ նյութական, մտավոր և հոգևոր։ Նյութական հայրենիքը այն բնօրրանն է, որտեղ մշտապես բնակվողները նույն ինքնությունն են կրում։ Նյութական սահմանները փոփոխելի են, կարող են մեծանալ և փոքրանալ, սակայն դա շատ վտանգավոր չէ։

Մտավոր հայրենիքը միևնույն վայրում դարերով փորձարկված արժեքային համակարգն է, ինչն էլ այդ տարածքում մշակութային արժեքներ է ձևավորում։ Մտավոր հայրենիքի սահմաններն անփոփոխելի են և պարունակում են տարածքում առկա բոլոր մշակութային արժեքները՝ անկախ ժամանակային գործոնից։ Նշենք, որ այդ սահմանները վավերացվում են զանազան արձանագրություններում ու քարտեզներում, նաև՝ տարբեր ժամանակաշրջանների հարևանների կողմից։

Հոգևոր հայրենիքն արտածվում է աստվածային իրողություններից և ապահովում է նյութական ու մտավոր հայրենիքների կապը՝ խթանելով տվյալ հանրության բնական և բանական զարգացումը։ Այն չունի սահմաններ նյութական տիրույթում, նրա սահմաններն անխորտակելի են, քանի որ արտածվել են հավերժից, ուստի և ապահովում են այդ հանրության հավիտենական գոյությունը։ Այս կապի խզումը և նրա արժեքներից հրաժարումը ազգին դարձնում է անդեմ գոյազանգված, ինչը կարող է կործանարար լինել տվյալ հանրության համար։

Հոգևոր հայրենիքը նաև կապ է հաստատում ներկայի ու անցյալի միջև և ապահովում է ապագան։ Ահա թե ինչու այս երեք հայրենիքների միասնությունն ապահովում է հանրության հարատևության հնարավորությունը։ Նյութական տիրույթում ազգը կարող է հայրենազրկվել և կորցնել պետականությունը, մինչդեռ հոգևոր սահմանները պահպանելով՝ կարող է գոյատևել դարեր ու հազարամյակներ, և հավատարմության ամբողջական վերականգնման շնորհիվ գոյատևումը կարող է փոխարինվել հարատևությամբ։

Ավելացնենք նաև, որ հայրենիքը հոգևոր իմաստով ընկալվում է որպես Արարչապարգև: Այս ընկալումը բոլոր ազգերի մեջ կա արխայիկ և բնազանցական դրսևորմամբ։ Հետևաբար, անիմաստ է հայրենիքի անհարկի շահարկումը: Պարզապես հարկավոր է դառնալ նրանում ամբարված արժեքների կրողն ու պաշտպանը՝ անկախ մեր գտնվելու կամ բնակության վայրից:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ