Իմ խեղճ ու հնազանդ, կիրթ ու արժանապատիվ թոշակառու քույր ու եղբայրներ, նայում եմ նախատոնական եռուզեռի մեջ անսովոր խոսք ու ռակուրս որսացող լրագրողների հարցումները շփոթահար տարեցներին վաճառատների մուտքի մոտ և կարեկցանքս ալիք ալիք ավելանում է:
- Գո՞հ եք այսօվա գնումներից,- անհամեստ հարցի անվճռական պատասսխանն է,
- Օ՜, այո, ըստ ցուցակի, ահա՝ երեք նարինջ, երեք մանդարին, երեք խնձոր, երկու բանան, կես կիլո շաքարավազ, երկու հարյուր գրամ սուրճ...
- Այդքանը կբավարարի՞ նոր տարուն,- վերքին աղ է լցնում լրագրողուհու զվարթ հարցը, որին հետևում է բարկիրթ, խոնարհ,գետնին հառած հայացքով դողդոջուն պատասխանը․
- Աղջիկ ջան, թոշակը... Դե չէ, մեր կառավարությունը էս պայմաններում անում է հնարավոր ամեն ինչ, ինչ մեղք ունի:
- Գլուխը պատով թող տա՛,- հանկարծակի հնչում է կողքից մեկ այլ տարեցի զայրացած խոսքը,- թող երեք միլիոն պարգևավճար չնվիրի էդ ձրիակերներին:
Եվ ժապավենն այստեղ ավարտվում է:
Լինք էլ ինձնից մի պահանջեք, հա՞: Փնտրեք, ինքներդ գտեք:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ