Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Պետք էր կերտել իրապես ազգային պետության հիմքերը դեռ 35 տարի առաջ

Պետք էր կերտել իրապես ազգային պետության հիմքերը դեռ 35 տարի առաջ
21.09.2026 | 11:52

Այսօր ես չեմ շնորհավորի անկախության օրը։

Արդեն 35 տարի ապրում ենք մեծ կեղծիքի մեջ, որի իրական բնորոշումը գաղութային է, ավելի ճիշտ, նեոգաղութային։ Դա սկսվեց այն պահին, երբ ԼՏՊ-ի անձնական շահագրգռվածությամբ հեղափոխական, այսպես կոչված, էլիտան դավադիր համաձայնությամբ կնքեց չգրված պայմանագիր սառը պատերազմում հաղթած ուժերի հետ, ըստ որի, Հայաստանն ամբողջապես հրաժարվում էր խորհրդային հարուստ ու բարձրամակարդակ ժառանգությունից և բռնում էր լաքեյական ծառայությունների մատուցման խայտառակ ու անպատվաբեր ուղին, ինչպես աֆրիկական պետությունները անցյալ դարի 60-ական թվականներին։

Ես ինքս էլ ականատես եմ եղել այն գործընթացների, որոնք նախորդել են 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ավելին, պասիվ մասնակից եմ եղել երիտասարդության՝ անփորձության պատճառով, որովհետև աշխատել եմ առաջին նախագահի ապարատում և ազգային անվտանգության խորհրդում։

Եվ դա պատճառ էր, որ ես լքեցի այդ խայտառակ «պետականաշինությունը» և քաղաքականությունն ընդհանրապես։

Մի պահ պատկերացրեք, որ ձեզ բաժին է հասնում պապական-հայրական տուն, որը կարիք ուներ թեթև նորոգման։ Բայց դուք հրաժարվում եք սեփական միջոցներով ու աշխատանքով վերանորոգելու մտադրությունից և ոգևորված ու չտեսի նման նետվում եք դուրս՝ արտաքին աշխարհ, ուր սառը պատերազմում հաղթած ուժերը՝ նրանց ֆինանսական ինստիտուտներն «էստի համեցեք» ձևաչափով վարկեր էին առաջարկում։

Արդյունքում էլ ձեր սեփականությունը դառնում է համատեղ փայատիրություն։ Փայլուն ոսկիների փոխարեն դուք պարտադրված եք գրավ դնել ձեր տունը։

Ու զարմանալի ոչինչ չկա, որ մի օր պարտադրում են օտար սահմանադրություն, հաջորդ օրը միջազգային կոնվենցիաներ և այդպես շարունակ։

Մեկ էլ տեսնում ես, որ քո տունը քոնը չէ, այլ օտարների հետ համատեղ հանրակացարան։

Սա աֆրիկյան-ասիական-լատինաամերիկյան ճմրթված մոդել էր, որ հայտնվեց ու կարվեց Հայաստանի հագով։

Այսօր զարմանալ պետք չէ, որ արտաքնապես էկզոտիկ, բայց բովանդակությամբ խորթ ու ապազգային գոյակցության «տեր» ենք։ «Տերը» դրեցի չակերտների մեջ, քանի որ հեչ մի բանի տեր էլ չենք։ Մի փոքր սթափ նայեք դաժան իրողությանը և կհամաձայնեք ինձ հետ։

Այլևս անհույս է վերանորոգել այս անդեմ ու ապազգային «պետական համակարգը»։ Ջորին նժույգ չի դառնա։

Պետք էր կերտել իրապես ազգային պետության հիմքերը դեռ 35 տարի առաջ։ Հիմա շատ ուշ է։

Մնում է մեկ արժանապատիվ տարբերակ։ Այն է ստեղծել Խորքային Հայաստան՝ լավ ճյուղավորված ցանցով։ Եվ ժամանակի ընթացքում Խորքային Հայաստանը կկարողանա ազդել «ՀՀ» կոչվող այս ապազգային ու գլոբալիստական նեոգաղութային գոյակցության վրա և ժամանակի ընթացում դուրս մղել նրան՝ պարտադրելով ԻՐԱՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ պետության մոդել։

Խորքային ու ցանցային պետության ստեղծման գործընթացը թևակոխում է անդառնալի փուլ, ու գլխավոր երաշխիքը «ՄիՏանիք» ազգային ցանցն է, որը համախմբում և նպատակաուղղում է բոլոր իրապես ազգային նախաձեռնությունները։

Առա՛ջ Աստված

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 162

Մեկնաբանություններ