Սկիզբը՝ այստեղ
2021 թվականի մայիս ամսից Ալիև-փաշինյան խաղաղասեր տանդեմը սկսեց բանակցել նաև եվրոպական հարթակներում, ընդդիմությունը, բնականաբար, ոչ մի վտանգ չտեսավ, այնինչ վտանգն ակնառու էր, եթե մի հարցի պատասխան փորձեին գտնել. այդ ի՞նչ ունեն սրանք խոսելու, որ չեն կարող Պուտինի ներկայությամբ խոսել և ջհանդանվում են եվրոպաները: Հիմա արդեն պարզ է, թե ինչ ունեին խոսելու՝ սրանց պետք էր նախապատրաստել Արցախի հանձնումը դե յուրե, իսկ դրանից հետո ցեղասպանություն կազմակերպել, այսինքն՝ հայրենազրկում, Արցախի հայաթափում: Եվրոպական գաստրոլներին զուգահեռ սա սկսեց ակնարկել անկլավերի վաղուց փակված թեման: Ասում էր՝ ախր, մեզ հեչ ձեռնտու չէ անկլավներ վերադարձնել Արծվաշենի դիմաց, բայց եթե Ադրբեջանը չհամաձայնի, ի՞նչ կարող ենք անել:
Հետո սրանք մի քանի հարձակում կազմակերպեցին Հայաստանի վրա՝ Սև լիճ, Վարդենիս: Սա, իբր, դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն, երբ ՀԱՊԿ պատվիրակությունը ժամանեց Հայաստան, սա, նախ, չընդունեց պատվիրակության ղեկավարին, երկրորդ՝ հրաժարվեց համաձայնություն տալ ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը սահմանում, այն դեպքում, երբ 2021-ի դեկտեմբերին Երևանում, ՀԱՊԿ գագաթաժողովին, այդ փաստաթուղթը մշակվեց և համաձայնեցվեց, իսկ առավոտյան ժողվարչապետ փաշինյանը հրաժարվեց ստորագրել՝ ամերիկյան վերադասը վետո էր դրել: Փոխարենը Հայաստան բերեց Եվրամիության դիտորդական առաքելությունը, որն առ այսօր շպիոնություն է անում Հայաստանի և Ռուսաստանի դեմ, ինչի մասին անգամ ապուշավարի խոսում են հենց եվրոպացի դիտորդները (ռուսական մամուլում գրվել է այս մասին, մենք բազմիցս անդրադարձել ենք):
Հետո սա միացավ Հռոմի ստատուտին և անդամակցեց Միջազգային քրեական դատարանին, քանի որ ՌԴ նախագահ Պուտինի կալանքի սանկցիա կար այդ դատարանի կողմից: Դե, Նոր Հայաստանի ինչի՞ն է պետք ռուս առաջնորդի գալը Երևան, որը պիտի ընդունի Զելենսկու ու Մակրոնի կարգի լակոտ-լուկուտի:
Միաժամանակ շարունակվում էր լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին: 2022-ի սեպտեմբերին սա, իբր պատահական, հայտարարեց, թե պատրաստվում է այնպիսի մի ազգանվեր փաստաթուղթ ստորագրել, որ կարող է և դավաճան մնալ պատմությունում, բայց ազգն ավելի կարևոր է, նա ստիպված անելու է դա: Նույն օրը երեկոյան Ազգային ժողովի դիմաց մոտ 30-50 հազար մարդ հավաքվեց չնախատեսված անկառավարելի միտինգի: Հաջորդ օրը սա վախեցավ, թե բա՝ ինձ սխալ են հասկացել, ես ոչ մի բան էլ մտադիր չեմ ստորագրելու: Դրանից մի քանի օր անց տեղի ունեցավ ևս մեկ պայմանավորված ներխուժում Ջերմուկում՝ սրա հրամանով հայկական ուժերը կրակ չեն արձակել, նահանջել են՝ դիրքերը զիջելով թուրքերին, բայց առ այսօր սա ժխտում է այդ փաստը՝ փաստացի մեղքը բարդելով զինվորականների վրա, որոնք իրավունք չունեին դիրքերը առանց դիմադրության թողնել: Բացի այդ, կան բոլոր հիմքերը եզրակացնելու, որ 2022-ի սեպտեմբերյան հայ-ադրբեջանական համատեղ օպերացիան հատուկ մշակված էր Հայաստանից Սյունիքը վերջնականապես կտրելու համար, բայց այդ պլանը վիժեցվեց ռուսների կողմից։ Ըստ Հրանտ Բագրատյանի և բազում ականատեսների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ջոկատներն են կանգնեցրել ադրբեջանական ուժերի առաջխաղացումը և ստիպել դրանց բավարարվել Ջերմուկի բարձունքներով: Եվ այս ամենը հայ հանրությանը ներկայացվեց որպես դավաճանություն ռուսների ու ՀԱՊԿ-ի կողմից, որպես լիարժեք պատճառ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու: Դե, եթե հանրությանը հավի տեղ են դնում, կամ հանրությունն է իրեն կամավոր հավ համարում, այդ հանրության գլխին կարելի է բերել ամեն ինչ. կարելի է տարածքներ հանձնել և մեղադրել դրանում ռուսներին, կարելի է նաև օդից խոստանալ տրիլիոններ և տիեզերական բարեկեցություն՝ փառաբանելով Արևմուտքը և Թրամփի TRIPP-ը:
(շարունակելի)
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ