Ալիևը Մյունխենում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը կստորագրվի անմիջապես ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո: Նաև կարծիք է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, որ ՀՀ տարածքով անցնող 40-կիլոմետրանոց ճանապարհը, նախ և առաջ, պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ:
Հայ պատանդներին Ալիևը ներում չի շնորհի, քանզի, ըստ նրա, հայ պատանդները նացիստական հանցագործներից ավելի ծանր հանցանքներ են կատարել:
Ղարաբաղցիների վերադարձի վերաբերյալ Ալիևն ասել է, որ դա կարող է լինել միայն փոխադարձության պայմանով: Այսինքն, «ադրբեջանցիների վերադարձի», «Սևան-գյոկչա» թեմաները Ադրբեջանի ներքին լսարանի համար չեն, ինչպես փորձում էին մեզ համոզել իշխանական քարոզիչները:
Ամենայն անկեղծությամբ, արժե Ալիևին շնորհակալություն հայտնել նման անկեղծության համար: Մարդը բաց տեքստով ասում է այն, ինչը մեր երկրի ղեկավարը չի անում: Նույնիսկ սկսում եմ հավատալ, որ Ալիևների մեջ իրոք հայկական արյուն է հոսում, գենետիկայի ազդեցությամբ մեզ զգուշացնում է:
Եվ այսպես, մեզ հստակ ասում են, որ մինչև Հայաստանում կայանալիք հունիսյան ընտրությունները «խաղաղության թուղթ» չի ստորագրվի: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին հանրաքվեն ՀՀ իշխանությունները խոստացել են անցկացնել ընտրություններից հետո, չնայած, այդ հարցի շուրջ նույնպես երկար մանիպուլյացիաների ականատեսը եղանք: Ասում էին՝ Սահմանադրություն փոխելու հարց դրված չէ: Եթե ընթերցողների մեջ կան գիտակ իրավաբաններ, խնդրում եմ պատասխանեք՝ Սահմանադրական դատարանը առանց հանրաքվեի չէ՞ր կարող Ղարաբաղի մասին հիշատակումները Սահմանադրությունից հեռացնել:
Եվ ուրեմն, հարց է առաջանում՝ Վաշինգտոնում Թրամփի քավորությամբ ստորագրված թուղթը ինչքանո՞վ էր խաղաղության մասին, որ Թրամփը վերածել է էժանագին փիառ-մասխարայի, որտեղ նստում, հայտարարում է հայ-ադրբեջանական դարավոր թշնամության դադարեցման մասին:
Սրան գումարած՝ Ալիևն ու ՀՀ իշխանություն+«արևմտամետ» մասովկան օր ու գիշեր Վրաստանով Հայաստան մտնող ցորենն ու վառելիքն են ներկայացնում որպես «իրական խաղաղություն»: Ինչ-որ առեղծվածային «քաղհասարակության» ներկայացուցիչներ են Բաքու և Երևան փոխադարձ այցելում, Նիկոլն ու Իլհամը եղբայրության մրցանակ են ստանում:
Ավելին, «արևմտամետ» սծյոպիկները վերջերս հայ հանրությանը հրամցնում են ալիևյան մեկ այլ քարոզչական կուտ, համաձայն որի, իբր Թրամփը Ալիևին սպառնացել է 200 տոկոս մաքսատուրքերով, եթե նա չստորագրի Վաշինգտոնյան թուղթը: Այսինքն, Ալիևը և իր հայաստանյան խամաճիկները աշխարհին համոզում են, որ Հայստանի ու Ադրբեջանի մեջ իրական խաղաղություն է. այս ինֆորմացիոն ֆոնը հետևողականորեն ամրապնդվում է: Սա Ալիևի հետագա ճնշումների, գուցե ռազմական գործողությունների համար կարևոր ալիբի է, եթե հանկարծ Հայաստանը, գլոբալ կոնյուկտուրայից ելնելով, հրաժարվի «Զանգեզուրի միջանցքից» կամ որևէ այլ պայմանավորվածությունից:
Նա բարի կամք է դրսևորել, Հայաստանին Վրաստանով ցորեն ու բենզին է մատակարարել, ակտիվիստներ ընդունել, հայ-ազերական սահմանի ձևականորեն սահմանազատված տարածքով իր ակտիվիստներին Հայաստան է գործուղել, եղբայրության մրցանակ է կիսել, բայց հայերը չեն գնահատել այդ քայլերը...
Ալիևը, չնայած ՀՀ իշխանությունների հնազանդությանը, միևնույն է, չի հավատում հայկական կողմի անկեղծությանը, կասկածում է, որ ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը միասնական ռուսական խաղի մեջ են, պարզապես ժամանակ են ձգում: Այս կասկածները թե՛ նախկինում, թե՛ հիմա Ալիևը հիանալի վաճառում է Արևմուտքի վրա:
Այժմ, հայաստանյան ընտրություններից առաջ, Ալիևը լրացուցիչ ստրախովկա է անում՝ ընտրությունների ցանկացած հնարավոր ելքի համար: Հայերից ինչ ասես կարելի է սպասել, գուցե Նիկոլի հակաՔՊական գործելաոճը պատահական չէ, նա պայմանավորված հանձնում է իշխանությունը...
Ալիևը Վաշինգտոնից հետո, ԹՐԻՓՓ-ի մասին ցանկացած հիշատակումից առաջ հատուկ արտաբերում է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը, չի խոսում առեղծվածային գլոբալ տրանզիտի մասին, նրա ցանկությունը Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելն է:
Հայ հասարակության ուղեղն այն աստիճան է լվացվել, այն աստիճան է ծանրաբեռնվել ամենօրյա ինֆորմացիոն աղբով, որ հայերը նույնիսկ չեն հարցնում՝ լավ, այդ 40-կիլոմետրանոց միջանցքը վերջապես ո՞նց է կառուցվելու, օդո՞վ, գետնի տակո՞վ, թե՞ վրայով: Հայերը չեն պատկերացնում, որ խոսքը նույնիսկ միջանցքի մասին չէ, խոսքը Հայաստան-Իրան սահմանի վերացման մասին է: Եթե նույնիսկ այդ ԹՐԻՓՓ-ի 10 մետր հատված անցնի ոչ կամրջի վրայով, այդ հատվածում հայ-իրանական սահման փաստացի գոյություն չի ունենալու, քանզի թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից այդ ճանապարհահատվածը որևէ մեկը հատել չի կարող:
Մեր «արևմտամետ» սծյոպիկները ԹՐԻՓՓ-ի կապակցությամբ ցնծում են, Վենսի այցն են դարակազմիկ հաջողություն համարում, չեմ զարմանա, եթե նրանք վաղը հայտարարեն, որ ԱՄՆ-ն արդեն կառուցել է մոդուլային ատոմակայանները, և իրենք իրենց տներում օգտագործում են ամերիկյան, պետականամետ ու դեմոկրատական էլեկտրաէներգիան:
Եվ ամենագլխավորը՝ լավ իմացեք, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Ալիևը «խաղաղության թուղթ» չի ստորագրելու, ես դրանում ոչ մի կասկած չունեմ: Ալիևը ոչ մի գրված ու չգրված պարտավորություն չի կատարելու, Նոյեմբերի 9-ի թուղթը դրա վառ ապացույցն է, ու՞ր է Լաչինի միջանցքը, ու՞ր է Ղարաբաղը...
Անկլավների հարցը, ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի տարածքներ ադրբեջանական ներխուժումների, ՀՀ տարածքի փաստացի զավթումների հարցերը, «ադրբեջանցիների վերադարձի» ու Սևանա լճի հարցերը դամոկլյան սրերի պես կախված են Հայաստանի գլխին:
Քանի դեռ Հայաստանը այս մահաբեր շղթայից դուրս չի եկել, խաղաղություն չի լինելու, խաղասեղանին դրված է Հայաստանի լինել-չլինելու հարցը, ցանկացած սթափ գիտակցության տեր մարդ սա հասկանում է: «Արևմտամետությամբ» տարված փոքրաթիվ զանգվածները զբաղված են ինքնախաբեյությամբ, այս փսևդոինտելեկտուալ մարդկանց տեսակը աշխարհի մասին որևէ պատկերացում չունի, տառապում է տգիտությամբ: Սա տեսակ է, որը կարող է աշխարհի բոլոր գրքերը կարդալ, բայց կարդացածն իրար հետ կապելու ունակություն չունի: Այո, սա տգիտության դրսևորում է, քանզի այս մարդիկ մոռացել են, որ Ուկրաինան Սովետի փլուզումից հետո իր միջուկային ահռելի զինանոցը հենց ԱՄՆ-ի ու Բրիտանիայի միջնորդությամբ հանձնեց Ռուսաստանին, և ԱՄՆ-ն ու Բրիտանիան, ըստ 1994 թվականին Բուդապեշտում ստորագրված հուշագրի, պաշտոնապես հանդիսանում էին Ուկրաինայի անվտանգության երաշխավորները: Ի՞նչ ունենք այսօր. Ուկրաինան «դեմոկրատական» հեղափոխություններից հետո վերածվել է ավերակների, իսկ Բուդապեշտյան հուշագիրը ստորագրած ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը մանկապիղծ Էփշտեյնի վաղեմի հաճախորդներից է:
Սրանք չոր փաստեր են, ոչ թե ցանկություն:
Հայաստանի լինել-չլինելու հարցն է, խելքի եկեք:
Արա Արայան