«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 5

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 5
01.02.2026 | 19:46

Սկիզբը՝ այստեղ

Դիմակը նրան հնարավորություն է ընձեռում լինել ամեն ինչ, հընթացս էլ՝ ոչինչ

Այս հրապարակմամբ պատասխանում եմ վերջին օրերին ինձ ամենաշատը տրված հարցին՝ ո՞վ կամ ի՞նչ է այս շարքի խորագրում բազմած կերպարը կամ իրը։ Ակնարկվում է Գոգոլի «Шинель» ստեղծագործությու՞նը, թե՞․․․

Իհարկե՝ թե՛։

Պոլիշինելը (իտալացիների մոտ՝ Pulcinella) ուշ միջնադարի՝ ֆրանսիական և իտալական Կոմեդիա դել արտեի (Commedia dell'arte), թերևս, ամենահակասական ու լայն ճանաչման արժանացած կերպարն է։

Ֆրանսիայում Պոլիշինելն այնքան ընդունվեց, որ Մոլիերը նրան նույնիսկ ներգրավեց իր «Երևակայական հիվանդը» պիեսի միջախաղերում։

Իսկ արդեն 1919-1920 թթ․ Իգոր Ստրավինսկին գրեց «Պուլչինելա» բալետը, որի ձևավորման հեղինակն ինքը՝ Պաբլո Պիկասոն էր։

Հավելենք՝ Պոլիշինելի կերպարում կարևորը սև դիմակն է, որը նրա երկակի բնույթի՝ անձի երկվության խորհրդանիշն է։

Նա միաժամանակ հիմար է և՛ իմաստուն, զոհ է և՛ դահիճ, մարդատյաց է և՛ հումանիստ, բարի է և՛ չարակամ։

Դիմակը նրան հնարավորություն է ընձեռում լինել ամեն ինչ, հընթացս էլ՝ ոչինչ։

Թաքցնում է նրա իրական դեմքը, թույլ տալով խաղալ հատկապես այն դերը, որն այդ պահին ձեռնտու է իր գոյատևման համար։

Սև դիմակն ու սպիտակ հագուստը խորհրդանշում են կյանքի ու մահվան կապը։

Պոլիշինելն անվերջ «գաղտնիքներ» է բացահայտում։

«Գաղտնիքներ», որոնք իրականում հայտնի են բոլորին։ Տվյալ պարագայում զուգորդվում են կեղծիքն ու պայմանականությունը․ բոլորն էլ գիտեն ճշմարտությունը, բայց ձևացնում են, թե «գաղտնիքի» են առնչվել։

Մինչդեռ ամենամեծ «գաղտնիքը», որը գիտեն բոլորը բացի Պոլիշինելից, այն է, որ նրան դավաճանում է սեփական կինը։ ՈՒ նա վերջինն է իմանում այն, ինչը վաղու՜ց գիտեն բոլորը։

Ո՞րն է ողբերգությունը՝ Պոլիշինելը հանդիպածի ականջին շարունակում է փսփսալ իր «գաղտնիքները» չգիտակցելով՝ ինքն է հանրության ծաղր ու ծանակի և խղճահարության գլխավոր օբյեկտը։

Մտնենք ժլատ ստվերագծեր ունեցող այս սկիզբ- նախադռնով և փորձենք ուրվանկարել 16-րդ հարյուրամյակի վերջին հատվածում եվրոպական տոնավաճառային թատրոններում գործող մարիոնետի և 21-րդ դարի առաջին քառորդում «իրական» Հայաստանի կառավարությունում անձնագով մեծամտությամբ հոխորտացող հտպիտի զուգահեռումից ստացված սիմբիոզի իրական պատկերը։

Այս երկուսի կերպարային համակցումից սինթեզված հիբրիդը՝ մերօրյա Պոլիշինելը, տձև ճարպագունդ է։

Կուզիկ է, կիսաճաղատ։

Աջից մի փոքր ձախ թեքված բերանի լայն բացվածքից երբեմն-երբեմն ի ցույց է դնում դիմացինի մոտ միայն ործկոց առաջացնող փտած ատամնաշարը, որը ցուցամատով քչփորելու տգեղ սովորություն ունի։

Քթարմատի մոտ միանում են թուրքական կիսալուսին հիշեցնող հոնքերը, իսկ քիչ ներքև՝ ակնակապիճներում նենգությամբ խլրտում են խորամանկ աչքերը։

Պարանոց չկա։ ՈՒսերի ավարտից անմիջապես սկսվում է գլուխը։

Թիկունքից՝ դուրս պրծած կախ հետույքն է, որը ժամանակ առ ժամանակ սիրում է քորել աշխարհի ամենատես աչքի առաջ։

Դիմացից՝ երկու կուզ հիշեցնող կրծքերն են ու դուրս ցցված որովայնը։

Ոտքերն իսկական հավասարակողմ եռանկյուն են հիշեցնում։ ՈՒ եթե սրան շրջեն գլխիվայր՝ կստացվի պարսատիկի փայտե բռնակ, որին ընդամենը պետք է ամրացնել ռետինե ժապավենը և ցանկացածի ուղղությամբ նետել նախընտրած հիշոց սպառնալիքը։

Քծնող է, ուրացող, խարդախ, բանսարկու, առանց կարմիր գծերի ու լուսանցքների։

Սույն խառնածինի բնավորությունն իսկական ծայրահեղությունների խաչմերուկ է։

Նա մարմնավորում է պլեբսի ոգին։

Անընդհատ սոված է։ Նրա հիմնական շարժիչ ուժը մամոնան է և ուտելիքը։

Անկանխատեսելի է։ Անհրաժեշտ պահին կարող է մատուցվել որպես բարի և հոգատար առաջնորդ։ Վկայությունը՝ 2018-ի մեծ խառնաշփոթի օրերն են, երբ տարբեր հարթակներից պատեհ-անպատեհ հնչում էր նրա ժողովրդահաճ հարցադրումը․

«Մարդ ա՞ վաԴացել»։

Իրականում, սակայն, չարակամ է, քինախնդիր, կռվարար, եսակենտրոն, կեղտաբերան։

Նրա անհավասարակշիռ խոսքը հիմնականում գռեհիկ է, շատ հաճախ՝ սպսռնալից։ Չհղկված արտահայտություններն ու ձևակերպումները բնորոշ են ոչ թե քաղաքական գործչին, դիվանագետին, այլ փողոցային հարբեցող շրջմոլիկին։

Մեր ժամանակի Պոլիշինելը հակադրվելով «նախկին էլիտաներին» մտածված ընդգծում է իր «ստորին խավից» լինելը։ Ինքն իրեն ներկայացնում է որպես մեկը, ով եկել է քանդելու «ընտրյալների» համակարգը։ Վարչապետական աթոռին հայտնվելուց ութ տարի անց՝ բազում ու բազմազան պարտություններից, ազգին ու երկրին պատճառած կորուստներից, հայի ինքնության ոչնչացումից հետո էլ որոշակի զանգվածի մոտ հաջողությամբ ստեղծում է դասակարգային պայքարի պատրանք, որտեղ ինքը «նկուղներից» բարձրացածն է, որ տիրացել է «դղյակներին»՝ դրանք «ժողովրդին վերադարձնելու» դատարկ խոստումով։

Ի տարբերություն ավանդական էլիտար կրթություն ստացած գործիչների, ովքեր տիրապետում են զսպվածության արվեստին, սրա կերպարը ենթադրում է բաց, հաճախ ագրեսիվ էմոցիոնալ դրսևորումներ՝ բղավոց-ճղավոցներ, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, «ոտներները» ջարդելու և ԱԱԾ «պադվալները լցնելու» սպառնալիքներ։

ՈՒ այս ամենը որպես «անկեղծություն» են ընկալում բոլոր նրանք, ովքեր նույնպես իրենց համարում են այդ նույն՝ ստորին շերտի ներկայացուցիչ։

Հենց այստեղ էլ թաքնված է ամենամեծ վտանգը։ Երբ «ստորին խավից» վարչապետական բարձունքներ հասած անհատը չի անցնում պետական մտածողության տրանսֆորմացիա, այլ փորձում է իշխանությունը հարմարեցնել իր նախկին «փողոցային» պատկերացումներին, պետությունը դառնում է վրեժխնդրության հարթակ։

Սրա բացարձակ «ես»-ը հանգեցրել է մի վիճակի երբ իր՝

անհատի, սեփական աշխարհընկալումը, կամքը, ձգտումները նույնականացնում է պետության ու ժողովրդի ճակատագրի հետ։

Մեսիականություն և անձնակենտրոնություն․ այսպես կարելի է բնորոշել նրա հոգեշեղումը։ Հենց սա է պատճառը, որ դադարել է լինել պարզապես անհատ, իր «ես»-ը դիտարկում է որպես «ժողովրդի կամքի» մարմնավորում։

Սա բացարձակ «ես»-ի դասական դրսևորումն է պոպուլիզմի մեջ։

Երբ «առաջնորդը» հայտարարում է, թե ինքը խոսում է ժողովրդի անունից և ժողովրդի միջոցով, ապա ջնջում է սահմանը իր անձի և պետության միջև, սեփական կարծիքի ու հանրային պահանջի միջև։

Ջնջվում է սահմանը հաղթանակի և պարտության միջև՝ պարտությունը ներկայացվում է որպես «խաղաղության դարաշրջան»։

«Փափուկ» ուժի կիրառում է, երբ հասարակությանը հրամցվում է մի իրականություն, որտեղ սահմանները «հին են ու անպետք»։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։

Այսպես կոչված՝ հիբրիդային գործընթաց։

Սկզբում մարդկանց՝ «աղքատության համար պատասխանատու» ուղեղներում են ջնջում սահմանի արժեքը՝ ստրկահաճ, նսեմ Reels-երով, երգերով՝ «իրական Հայաստանի» մասին, պարզունակ թեզերով։

Երբ հասարակությունը լավ մշակված է ու հոգեբանորեն պատրաստ, նաև «հոգնած պատասխանատվությունից», արդեն ֆիզիկապես են սկսում ոչնչացնել պետականության սահմանները։

Մեզ արդեն ծանոթ սցենարով Պոլիշինելը նախ ջնջեց բարոյական սահմանները, որպեսզի հետո կարողանար անարգել ոչնչացնել պետականները։

Եթե չլիներ բարոյական «ջնջոցը», ֆիզիկական ոչնչացումը կհանդիպեր կատաղի դիմադրության, հնարավոր բոլոր հետևանքներով։

Սակայն «բարձր դռնից» իջեցված դիրեկտիվները նա արհեստավարժ ու պատվով կատարեց։

Առջևում կրկին անելիք կա։

Վկա՝ ամեն արևագալի ցուցադրված էժան «սրտիկները»։ Որքան էլ անհավատալի թվա, այնուամենայնիվ, առաջիկա զիջումներում թուրքական երկու կիսալուսիններից կազմված «անմեղ» սրտիկներն են ստանձնել կախարդական «ջնջոցի» գլխավոր դերակատարությունը։

Իսկ հանրությու՞նը։

Մարդիկ դադարել են տարբերել ճշմարտությունը ստից, քանի որ երկուսն էլ մատուցվում են նույն «ֆալցետով»։

Նաև՝ ամեն ինչ ավելի բարդ է, երբ սեփական անձին ուղղված ցանկացած քննադատություն Պոլիշինելն ընկալում է որպես հարձակում պետության ու ժողովրդի վրա։ Սա ստեղծում է փակ համակարգ, որտեղ «ես»-ը դառնում է անառարկելի։

Պետական շահը փոխարինվում է անձնական նպատակահարմարությամբ, իսկ օրենքի գերակայությունը՝ «ժողովրդի անունից» կայացվող կամայական որոշումներով։

Պոլիշինելացումը հուշում է՝ բոլորը գիտեն իրականությունը՝ անձնական ամբիցիա, բայց պաշտոնական մակարդակում շարունակում են խաղարկել «ժողովրդավարության» թատրոնը, ինչն էլ ստեղծում է հանրային երկփեղկվածություն։

Կողմանկիցները, ինչպես օրինակ Արսեն Թորոսյանն ու այլ ՔՊ-ականներ, իրենց ամենօրյա Reels-երով անսահման նիրվածություն են հայտնում Պոլիշինելին՝ «Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն» անիմաստությունը երգելով ու ստրկահաճ սրտիկներ ցուցադրելով։

Հանրության գիտակից հատվածն իհարկե տեսնում է կառուցվածքային այս փլուզումը, բայց յուրաքանչյուր քայլի բախվում է բացարձակ «Ես»-ի պատին։

Ստեղծվել է փակ համակարգ, որտեղ «թիվ 1»-ը ականջալուր է միայն սեփական ֆալցետի արձագանքին։ Նա վաղու՜ց դադարել է գնահատել իրական վտանգները, որոնք կործանում են պետությունը։

Սա, ըստ էության, նարցիսական քաղաքականության դասական օրինակ է, որտեղ պետությունը ծառայում է որպես հայելի՝ առաջնորդի սեփական մեծությունը տեսնելու համար։

Ներկայացված խճանկարը կարելի է անվանել՝ «քաղաքական կիտչի հաղթանակը բանականության նկատմամբ», ավելի ստույգ՝ միջակության հաղթանակ։

Երբ քաղաքական թիմի առանցքային դեմքերը ինքնակամ դառնում են սոցցանցային թամադաներ, որոնց միակ գործառույթը «առաջնորդի» մտքերն անքննադատ վերարտադրելն ու գունազարդելն է, տեղի է ունենում պետականության ինստիտուցիոնալ մաշում։

«Իրական Հայաստան» կամ նմանատիպ այլ թեզերը դադարում են լինել քաղաքական հայեցակարգեր։ Դրանք վերածվում են մանտրաների։

Երբ Թորոսյանը, առողջապահության նախարարուհին կամ այլք, երգում են և 24/7 ռեժիմով տեսանյութեր հրապարակում, ընդամենը հլու-հնազանդ «հավատարմության ծես» են իրականացնում։

Նմանների համար, բռնապետական փակ համակարգում, որտեղ «թիվ 1»-ը լսում է միայն սփական արձագանքը, քծնանքն է գոյատևման միակ ուղին։

Իսկ եթե չես երգում ֆալցետով, ուրեմն դուրս ես մնում «սրտիկների» շրջանակից և դառնում գիշերային SMS-ի հասցեատեր։

Իսկ երբ շուրջբոլորը միայն հիացական հայացքներ են ու հաճոյախոսություններ վտանգի զգացողությունը բթանում է։ Պետության կործանման իրական սպառնալիքները դիտարկվում են որպես «նախկինների» կամ Կրեմլի հնչեցրած հերյուրանք, քանի որ դրանք չեն տեղավորվում «վարդագույն» Reels-երի տրամաբանության մեջ։

Տեսնելով, որ պետական լուրջ խնդիրները լուծվում են (կամ չեն լուծվում) դիսկոտեկի մակարդակի պարզունակությամբ, մարդիկ կա՛մ հուսահատվում են, կա՛մ ընդվզում, ինչը բախվում է հաճոյախոսությունների «պատին» և պիտակավորվում որպես հակապետական քայլ։

Ստացվում է մի իրավիճակ, որտեղ պետականությունը զոհաբերվում է հանուն էսթետիկական ու քաղաքական անճաշակության։ Երբ երգն ու սրտիկը դառնում են քաղաքականության չափանիշ, պետական նավը սկսում է կառավարվել ոչ թե քարտեզով, այլ «լայքերի» քանակով։

Սա բերում է մի հարցի. երբ «ֆալցետը» վերջնականապես կտրվի իրականությունից, արդյո՞ք այդ «բրենդային» շրջանակը պատրաստ է լինելու առերեսվել փլուզման հետևանքներին, թե՞ նրանք պարզապես կփոխեն Reels-ի երաժշտությունը։

Շարունակելի

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ