«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Նախնյաց ուրվապատկեր

Նախնյաց ուրվապատկեր
03.02.2026 | 12:22

Ես հարյուրավոր հայ մարդկանց կյանք ու գործ եմ ուսումնասիրել և մի մասին հրապարակումներով անդրադարձել իմ հոդվածներում ու գրքերում։ Հատկապես նրանց, ովքեր անարդարացիորեն մոռացության են մատնվել։ Շարունակելու եմ դա անել, որովհետև չեմ ուզում, որ այդ արժանավոր մարդիկ իսպառ, անդառնալիորեն անհետանան մեր ժողովրդի պատմության էջերից։

Բայց տեղի ունեցավ մի պատահար, որ դրդեց ինձ սա գրել։

Մի քանի տարի առաջ էր, հետազոտում էի Թիֆլիսի «Նոր-Դար» թերթը։ 1887 թ․ օգոստոսի 12-ի համարում հանդիպեցի այս թղթակցությանը, ուր ասվում էր․ «ԵՐԵՒԱՆԻՑ․- Կամենալով յարգել «մեր բանաստեղծ» Ռ․ Պատկանեանին, մօտ երեսուն հոգու մասնակցութեամբ ճաշ տրուեցաւ, որտեղ ճաշի վերայ, ինչպէս ընդունուած է, կենացներ առաջարկուեցան․ խօսեցին Աթանասեան քահանան, պ․պ․ Դադայեանը, գիմնազիօնի վերատեսուչ Սուսչևսկին և քաղաքագլուխ Գեղամովը։ Խմեցին գինի և կերան խորոված»։

(Լրագրողական տեսակետից «հանճարեղ» էր հատկապես վերջին նախադասությունը․ «Խմեցին գինի և կերան խորոված»)։

Այդ թղթակցությունը պահեցի ու մտածեցի՝ լավ, դու այդքան մարդկանց կենսագրությունները գիտես, միգուցե քո՞ նախնուն էլ անդրադառնաս։ Չարեցի։ Հիմա անեմ, քանի դեռ ժամանակս ներում է։

Խորամուխ լինենք հաղորդագրության մեջ։ Ուշադրություն դարձրեք չակերտների մեջ առած «մեր բանաստեղծ» արտահայտությանը։ Ինչու՞ էր Ռաֆայել Պատկանյանը «մերը»։

Որովհետև նա արդեն 1855-ին գրել էր «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը, ուր կային այսպիսի տողեր․

Մայր Արաքսի ափերով

Քայլամոլոր գընում եմ,

Հին-հին դարուց հիշատակ

Ալյաց մեջը պըտրում եմ։

Րաֆֆին այս բանաստեղծությունը կոչել է «Հայ պոեզիայի թագուհի», իսկ Մ․ Նալբանդյանը գրել․ «Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» և միշտ հիացել եմ, որովհետև դորա մեջ լսում և զգում եմ հայ ազգի իղձը, որովհետև այն ճշգրիտ և գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին»:

«Մերն» էր, որովհետև 1856-ին Ռ․ Պատկանյանը հեղինակել էր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմը ու գրել․

Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՜լ,

Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել,

Իր օրհասական սուրը մեր կըրծքին,

Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.

Ասացեք, եղբարք հայեր, ի՞նչ անենք.-

Հիմի է՞լ լըռենք:

Երկու չափածոն էլ երգիչ Պետրոս Աֆրիկյանը և աշուղ Ջիվանին վերածեցին երգի, ինչը մինչ այսօր կատարում են արժանապատիվ հայերը։

1887 թ․ օգոստոսին «մեր բանաստեղծը»՝ ազգային իղձերի մունետիկ, հատկապես հայ երիտասարդության վրա հսկայական ազդեցություն ունեցող Ռ․ Պատկանյանն այցելում է Երևան, որտեղ նրան ջերմ ընդունելության է արժանացնում երկրորդ քաղաքագլուխ (1884-1893 թթ․) Բարսեղ Գեղամյանը։ Նրա կազմակերպած ճաշկերույթին ներկա է լինում նաև Դադայանը։ Ո՞վ է նա․ իմ նախապապն է, Մակար պապիս հայրը, որի անունը կրում եմ ես։

Տատս՝ Մարիամ Մկրտչյանը, փակբերան կին էր, ես շարունակ բզբզում էի, որ նախնիներիս մասին պատմի, բայց լռում էր։ Միայն մեկ անգամ, երբ հարցրեցի, թե ում անունն եմ կրում, ով էր նրա սկեսրայրը, չուզենալով, խոյի իր բարբառով ասաց․ «Սաղ օրը թախթին պառկած կիրք էր կարդալի»։

Ինձ ժառանգվել է մի «կիրք»՝ 1895 թ․ Կ․Պոլսում, հայտնի հրատարակիչ ու գրավաճառ Յակոբ Պօյաճեանի տպարանում թողարկված «Նոր կտակարան»։ Դա նախապապիս՝ Խաչատուր Դադայանի գիրքն է։ Կտակարանի ամեն «Գիրք»ի, ամեն «Թուղթ»ի գլխավերևում դրոշմված է նրա ex-libris-ը՝ անձնական գրքակնիքը․ «Хачатур Мосесов Дадаянц, с. Тазакент, Эрив. г.»:

Նրա հայր Մովսեսը Թուրքմենչայի պայմանագրից հետո, 1829 թ․ Խոյից ներգաղթում է Արարատյան դաշտավայր և մյուս գաղթյալների հետ հիմնում Թազագյուղը՝ ներկայիս Այնթապը։

1920 թ․ Մակար պապս, որպես Առաջին Հանրապետության զինվոր, թողնելով երեք մանկահասակ երեխաներին, գնում է կռիվ բոլշևիկների դեմ ու զոհվում։ Երբ նրա դին սայլի վրա բերում են տուն, Խաչատուրը՝ այդ գրագետ ու գրքասեր մարդը, վշտից կաթվածահար է լինում ու․․․ մեռնում։ Հորն ու որդուն նույն օրն են հուղարկավորում։

Հասկանում եմ, որ շարադրանքս երկարաշունչ եղավ, բայց դա արեցի միայն մեկ նպատակով, ասելու, որ մենք՝ հայերս, այդպե՛ս ենք ապրում՝ պապից-թոռ, պապից-թոռ, պապից-թոռ․․․

Իմ թոռներից մեկն էլ է Խաչատուր անունը կրում, և համոզված եմ՝ նա մեր ժողովրդի համար պիտանի մարդ կդառնա։ Գենետիկա է․․․

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ