Էդ առաջին հայացքից ա միայն փոսը փոս։ Իրականում՝ փոսը փիլիսոփայություն ա, աշխարհայացք ա, որը ձևավորվում ա երկար ու բարդ ճանապարհով։ Փոսը, մինչև փոս դառնալը, դեռ պիտի հասունանա, իր վրա կրի տարբեր բնակլիմայական և քրեապրոլետարական գործոնների ազդեցությունը, ընդլայնի իր մտահորիզոնը, ներքին խորություն ստանա։ Հանգիստ քայլում ես ասֆալտի վրայով ու չես էլ կասկածում, որ հենց քո ոտքի տակ հասունանում ա փոսը։ Մեկ էլ՝ հո՛պ, բացվում ա։ Եթե հարցին նայենք փիլիսոփայորեն՝ փոսը դժոխքի կենցաղային պրոեկցիան ա առօրյա կյանքում։
Բնույթով՝ փոսը շատ կենսունակ ա։ Ինչքան էլ փող ու աշխատանք ծախսես, լցնես, փակես, մեկ ա՝ չի մեռնում, այլ միայն կլինիկական մահ ա տանում, իսկ որոշ ժամանակ անց դուրս ա գալիս կոմայից, նոր ծնված ճնճղուկի նման բացում ա երախն ու սպասում իր զոհին։ Բայց փոսի էդ հոգեդարձն ապահովելու համար պետք ա լավ տիրապետել փոսահարդարման գաղտնիքներին, հատկապես՝ բյուջետային կտրվածքով։
Հա՛, կրկնափոսագոյացումը մեծ վարպետություն ա պահանջում։ Փորձառու փոսագետները գիտեն, թե ոնց անեն, որ միառժամանակ անց փոսը վերակենդանանա։ Նրանց մասնագիտական լեզվով դա կոչվում ա փոսային ռենեսանս։ Իսկ անփորձ փոսահարդարները պարզապես կոպեկ են գցում փոսը, նոր փակոմ են, որ մյուս տարի նորից հետ գան, քանի որ, ինչպես ասել ա իտալացի գրող Կառլո Կոլոդին՝ ցանում ես կոպեկ, հնձում ես դոլար։
Միակ մտահոգությունն էն ա, որ մարդ համոզված չի՝ մյուս տարի էլի ի՞նքը կգա, թե՞ արդեն ուրիշը։ Բայց փոսի համար մեկ ա, թե ով կգա։ Կարևորը, որ գրագետ գործ անի ու ապահովի իր անմահությունը, թե չէ՝ եղանակի վրա հույս դնել չի կարելի, կարող ա յոթ տարին մեկ նորմալ ձյուն գա։
Հենրիկ Պիպոյան