Եվ այսպես, սկսում եմ խոստացածս գրառումների շարքը:
Հարգելի ընտրություններին մասնակցել չպատրաստվող մարդ, անկախ նրանից, թե ի՞նչ պատճառով ես որոշել չմասնակցել, գոնե մինչև վերջ կարդա գրառումը: Ես գիտեմ, որ մասնակցել չցանկացողների պատճառները տարբեր են, կան հիասթափված, ոչ մեկի հետ հույսեր չկապող մարդիկ, կան բազմաթիվ անգամ խաբված և այլևս խաբվել չցանկացող մարդիկ, կան այս ամենը համակարգ համարող և բոլորին այդ համակարգի դերակատարներ համարող մարդիկ, կան նաև շատ այլ պատճառներ: Անկախ նրանից, թե քո պատճառը որն է, լսիր՝ ինչ եմ ասում: Ես ճառեր չեմ կարդալու քո գլխին, առանց ինձ էլ կարդացողներ կան, չեմ ասելու, որ դու իրավունք չունես անտարբեր մնալ, որ այս իրավիճակում դա հավասարազոր է ֆլանի կամ ֆստանի: Ես ընդամենը քեզ ասում եմ հետևյալը. չմասնակցելով ընտրություններին, դու հնարավորություն ես տալիս, որ քո երկրի ու քո երեխաների ճակատագիրը որոշի էն կինը, որն ասում էր. «Եթե դաժե թուրքը գա թոռներիս մորթի, մեկ ա՝ Նիկոլին եմ ընտրելու»: Եթե մտածում ես, որ այդ կինը եզակի երևույթ է և եղանակ չի փոխելու, ես քեզ կբերեմ բազմաթիվ այլ օրինակներ, որ դու հասկանաս, որ նրանք քիչ չեն, և քո անտարբերության պարագայում իրենք կարող է որոշողը դառնան, ինչպես արդեն եղել է: Քո որոշումը հեշտ չի, մի օրում կայացվող որոշում չի, բայց, հարգելի եղբայր, հարգելի քույր, խնդրում եմ քեզ, գոնե մտածիր ասածիս վերաբերյալ: Կարծում եմ, որ դու բավականաչափ խելացի ես և անկեղծ խոսքը կարողանում ես տարբերել քեզ մանիպուլացնելու դրսևորումներից: Նույնիսկ, եթե մտածում ես, որ դա ոչինչ չի փոխելու, միևնույն է, դու քո անելիքն արա, գնա մասնակցիր: Դա այն մինիմումն է, որ դու կարող ես անել, և քեզանից մեծ ջանքեր չեն պահանջվում: Արի փորձենք չթողնել, որ այդ տեսակը որոշի մեր ճակատագիրը, ախր շատ ամոթալի է դա, չափազանց ամոթալի: Ախպոր պես, մասնակցիր, արի փորձենք չթողնել, որ էդ ագրեսիվ, աբիժնիկ փոքրամասնությունը որոշի: Ես չեմ կարող քեզ խոստանալ, որ այդ դեպքում ամեն ինչ կստացվի, բայց արի փորձենք, մեզանից շատ բան չի գնում: Ընտրություններին մնաց 40 օր, այդ ընթացքում ես քեզ կփորձեմ համոզել, որ մասնակցես: Սկսիր մտածել:
Արամ Աբաջյան